July 23, 2018

2016-ի ապրիլին զոհված զինվորին զավակները հիշում են որպես «քաղցր ու ուժեղ հերոսի»

Արդեն երկրորդ տարին է, որ ապրիլի 2-ի առավոտյան Սամվելը, Արմինեն ու Գոհարը մայրիկի ու տատիկի հետ «Եռաբլուր» են բարձրանում։ Այստեղ է հուղարկավորված նրանց հայրը՝ պայմանագրային զինծառայող Հրաչյա Մուրադյանը։

2016 թվականի ապրիլի 7-ի լույս 8-ի գիշերը շփման գծում զոհված հոր կարոտը երեխաները շիրմաքարը համբուրելով են առնում ու նրան հիշում, որպես խտացրած կաթ բերող քաղցր ու ուժեղ հերոսի։

«Ես հայրիկիս հետ գնում եմ ման գալու․․․ զբոսնում եմ․․․ ես ամենաշատը դա եմ կարոտում․․․ և նրա ձայնն եմ կարոտում», – պատմում է Սամվելը:

2016-ի ապրիլին Հրաչյան վերջին անգամ էր դիրքեր բարձրացել․ պետք է գար, սովորեր ու սպայի կոչմամբ բանակ հետ վերադառնար՝ հիշում է նրա մայրը։ Գոհար Աբրահամյանն ասում է՝ այժմ միայն թոռներն են իր սփոփանքը, մեկ էլ հասարակության ուշադրությունը:

Ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերից այստեղ են հուղարկավորված նաև Արցախի հերոս Ռոբերը Աբաջյանը, կապիտան Արմենակ Ուրֆանյանը, սերժանտ Ադամ Սահակյանը և այլոք։ Ադամի մայրն ասում է՝ որդու գերեզմանին հաճախ է նամակներ գտնում, բոլորն էլ երիտասարդ աղջիկներից են լինում՝ սիրային խոսքեր ուղղված նրան, ում կենդանության օրոք չեն էլ ճանաչել․- «Նույնիսկ նրանցից մեկը մի անգամ ինձ խոստովանեց, որ՝ երբ որ խնդիր եմ ունենում, գալիս եմ, զրուցում եմ, անցնում է»:

Ծառայությունից հետո բանակում մնացած ու կյանքը հանուն իր զինվորների զոհած կապիտան Արմենակ Ուրֆանյանի մայրը ցավով է խոսում քառօրյա պատերազմի բացթողումների մասին։ Համեստ Ներսիսյանւ փաստում է՝ ոչ միայն որդու սխրանքի համար նրան հերոսի կոչման չարժանացրին, այլև մեղավորներին չպատժեցին։ – «Ես իմ ամենաթանկը կորցրել եմ, ժամանակին պետք է մտածեին, որ չհասնենք մենք պատերազմի․․․ արդեն մտածում եմ՝ անիմաստ է պատժելը, իրենք իրենց խղճով պետք է իրենց պատժեն, էսքան երեխեքի արյունը որ թափվեց, էդ մարդը ո՞նց ա ապրելու, ո՞նց ա քնելու»:

Քառօրյա պատերազմի երկրորդ տարելիցին «Եռաբլուր» զինվորական պանթեոնը մարդաշատ էր։ Զոհված զինվորների շիրիմներին այսօր ծաղիկներ խոնարհեց նաև պաշտպանության նախարարը։ «Ազատությունը» նրանից հետաքրքրվեց՝ ինչ դասեր են քաղել պատերազմից: Վիգեն Սարգսյանը պատասխանեց՝ հետևողական աշխատանքն է տարվում բանակի մարտունակությունը բարձրացնելու ուղղությամբ։

«Մեր պայքարը ո՛չ սկսվում, ո՛չ ավարտվում է Ղարաբաղում: Մենք չենք կարող մեր ուժերը հաշվարկել կոնկրետ երկարության գիծ պահելու խնդրով միայն: Մենք պետք է որպես հասարակություն պատրաստ լինենք առաջ շարժվելու, զարգանալու և միևնույն ժամանակ՝ բավականաչափ անելու՝ այդ զարգացումը պահելու համար», – ասաց նախարարը: – «Ես չեմ կարծում, որ պաշտպանության որևէ նախարար երբևէ պետք է իրավունք ունենա նայի հասարակության աչքերին և ասի՝ մենք ամեն ինչ արել ենք, ամեն ինչ փայլուն է և որևէ խնդիր չունենք: Ով որ այդպիսի բան ասի, դա նշանակում է, որ կա՛մ խնդիրը լիարժեք չի պատկերացնում, կա՛մ անելիք չունի ուղղակի»:

104 զոհից բացի ապրիլյան քառօրյայի ընթացքում հայկական կողմը նաև տարածքային կորուստներ ունեցավ՝ 800 հա-ի չափով։ Արդյոք այսօր անհրաժեշտություն չկա՞ կորցրածը հետ վերադարձնելու՝ լրագրողները հարցրեցին նախարարին․ – «Մենք տեսնում ենք անհրաժեշտություն՝ մեր առաջնագիծը ամուր պահելու, մենք տեսնում ենք խնդիր՝ թույլ չտալու, որպեսզի այն զինադադարը, որը երաշխավորում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ ապրելու իրավունքը, որևէ ճեղք տա կամ իրականությունը փոխվի այնպես, որպեսզի խաղաղ բանակցությունների գործընթացը անհնար կամ անիմաստ լինի շարունակել»:

Ու մինչ պետական օղակում անելիքների մասին են մտածում, քառօրյայի մասնակիցները հասարակական կազմակերպություն են ստեղծում՝ զոհված զինակիցների ընտանիքներին աջակցելու նպատակով։

Ֆինանսական հոսքեր չունենք, իսկ պետությունը դանդաղ քայլերով է ընդառաջ գալիս մեզ՝ «Ազատության» հետ զրույցում անկեղծացան նախկին զինվորները։ 2 տարի առաջ պատերազմի հետ առերեսված տղաները նշում են՝ առաջնագծում խնդիրներ կային, որոնք այսօր մասամբ շտկվել են։ – «Միանշանակ դասեր քաղվել են, դիրքերը ավելի են ամրապնդվել, տեխնիկական համալրվածությունը կա», – հավաստիացնում էին նրանք:

 

 

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4