September 21, 2020

Ադրբեջանի ամենամեծ վախերից է Իրանի ներկայությունը տարածաշրջանում. իրանագետը՝ Ալիև-Ռոհանի հանդիպման մասին

Բաքվում մեկնարկած Իրանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը հերթական արարողակարգային հանդիպումն է: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց իրանագետ Վարդան Ոսկանյանը:

«Շարքային այց էր, որի ընթացքում Իրանի նախագահի կողմից հնչեցվել են բավականին հետաքրքիր հայտարարություններ՝ հատկապես կապված Արցախյան հիմնախնդրի հետ: Շատ կարևոր է, որ Իրանի նախագահը Բաքվում էլ հատուկ շեշտադրել է Արցախի հիմնախնդրի խաղաղ և քաղաքական ուղով կարգավորման կարևորությունը և դրան այլընտրանք չլինելու հանգամանքը, ինչը կարծես թե չի տեղավորվում Ադրբեջանի իշխանությունների տրամաբանության մեջ, եթե հաշվի առնենք, որ Բաքվի բռնապետը պարբերաբար թե՛ բռնատիրական հայտարարություններով է հանդես գալիս Արցախյան հիմնախնդրի հետ կապված, թե՛ զանազան հավակնություններով է հանդես գալիս Հայաստանի Հանրապետության տարածքների հետ կապված»,- ասաց նա:

Վարդան Ոսկանյանը նկատեց՝ Ռոհանի-Ալիև հանդիպմանը Ադրբեջանը քարոզչական միջոցներով փորձում է կարևորություն հաղորդել: Նա նկատեց, որ անգամ հանդիպմանն ակնկալվող՝ Կասպից ծոցի կարգավիճակի շուրջ համաձայնության մասին լուրերն էին քարոզչություն:

«Այս հարցի շուրջ կողմերի միջև համաձայնություն չկա: Կասպից ծոցի կարգավիճակի վերաբերյալ կողմերն ունեն շատ տարբեր դիրքորոշումներ: Համաձայնության մասին կարող ենք խոսել, եթե տեսնենք, որ այդ որոշման մասին փաստաթուղթ կա: Նման փաստաթուղթ չկա»,- ասաց նա:

Խոսելով Իրանի և Ադրբեջանի միջև տնտեսական հարաբերությունների մասին՝ Վարդան Ոսկանյանը նկատեց՝ իրանական քաղաքական վերնախավն ընտրել է ուղեգիծ՝ Ադրբեջանում Իսրայելի ներկայությունն առնվազն չափավորելու, լավագույն դեպքում վերացնելու առումով, և այդ ուղիներից մեկն Ադրբեջանի հետ տնտեսական կապերի ստեղծումն է:

«Եթե մենք խոսենք երկաթուղային համագործակցության մասին, ապա այստեղ էլ կտեսնենք, որ խնդիրը վերջնական լուծված չէ: Խոսք է գնում Ադրբեջանի կողմից վարկային միջոցների տրամադրման մասին, բայց դրա վերաբերյալ էլ դեռ վերջնական որոշում չկա: Թե ինչ կլինի հետագայում, արդեն այլ խնդիր է: Ադրբեջանն ինքն ունի զգալի տնտեսական խնդիրներ, բայց դա, իհարկե, չպետք է մեզ ստիպի թերագնահատել ադրբեջանական հնարավորությունները»,- ասաց նա:

Իրանագետի խոսքով՝ հաշվի առնելով անգամ Ադրբեջանի հնարավորությունները՝ մենք չպետք է հայ-իրանական հարաբերությունների օրակարգը կապենք ադրբեջանաիրանական հարաբերությունների օրակարգի հետ:

«Դրանք զուգահեռ օրակարգեր են: Մեր հիմնական խնդիրը Իրան-Ադրբեջան տիրույթում որևէ հանդիպումից, որևէ պայմանավորվածությունից, որևէ գործարքից չի փոխվում. մեր հիմնական խնդիրը մեր ունեցած օրակարգը հնարավորինս լիարժեք և որակյալ կերպով իրացնելն է»,- ասաց նա:

Վարդանի Ոսկանյանի խոսքով՝ մենք ընդհանրապես ոչ թե պետք է մտահոգվենք Ադրբեջան-Իրան հարաբերությունների զարգացման պատճառով, այլ պետք է աշխատենք մեր՝ Իրանի հետ հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ. «Որևէ մտահոգություն չի օգնի մեր օրակարգն առաջ տանելու հարցում»։

Նրա խոսքով՝ Ադրբեջանի նախագահը պարզապես իր հայտարարություններով ապատեղեկատվություն է մատուցում, թե Իրանն ու Ադրբեջանը համագործակցում են ոչ միայն երկկողմ, այլև բազմակողմ ֆորմատով:

«Մենք չպետք է հետևություններ անենք Ադրբեջանի նախագահի ասածներից: Ադրբեջանի նախագահի խոսքով՝ Երևանն ադրբեջանական տարածք է»,- ասաց նա՝ նշելով, որ ադրբեջանական կողմը քարոզչության է դիմում մեր հասարակության շրջանում անհանգստություններ, մտահոգություններ առաջացնելու համար:

Իսկ Ադրբեջանի նախագահ Իլամ Ալիևի հայտարարությունը, թե Իրանն ու Ադրբեջանը համագործակցում են ռազմական ոլորտում, Վարդան Ոսկանյանը «բլեֆ» համարեց:

«Իսրայելի հետ նման ռազմական գործակցություն ունեցող պետությունը չի կարող միևնույն ժամանակ ռազմական համագործակցություն զարգացնել Իրանի հետ: Դա իրարամերժ մոտեցում է, որը կյանքի գոյության հեռանկար չունի: Հետևաբար՝ մենք գործ ունենք հերթական քարոզչական փուչիկի հետ, որով փորձ է արվում ազդել մեզ վրա»,- ասաց նա:

Իրանագետի խոսքով՝ Ադրբեջանի համար տարածաշրջանում ամենամեծ վախը կապված է արցախյան հիմնախնդրի հետ, իսկ երկրորդը՝ Իրանի ներկայությունն է տարածաշրջանում:

«Եթե մենք փորձենք Ադրբեջանի բռնապետի վարքագիծը դիտարկել, ապա ակնհայտ կլինի, որ ամենամեծ խնդիրը, որ Իլհամ Ալիևը բախվում է սեփական երկրի ներսում, իրանական ազդեցությունն է զանազան շիայական խմբավորումների վրա: Հետևաբար՝ Իրանի հետ հարաբերությունների ջերմացման իմիտացիան երկրորդ հարթության խնդիր է, որով Իլհամ Ալիևը փորձում է լուծել երկրի ներքաղաքական խնդիրները: Փորձում է սեփական երկրի ներսում շիայական խմբավորումներին օժանդակությունից զրկել, ինչից Իրանը երբեք չի հրաժարվի: Դա հակասում է իրանական քաղաքական մտքի տրամաբանությանը, հակասում է իրանական գաղափարախոսությանը, հետևաբար՝ Իրանը մշտապես աջակցելու է շիայական խմբերին և պատեհ առիթի դեպքում Ադրբեջանում իրականացնելու է հեղափոխություն»,- ասաց նա: 

Հռիփսիմե Հովհաննիսյան

tert.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4