July 23, 2018

Անդրանիկի եւ ՀՅԴ-ի հարաբերությունը. Մի փաստաթղթի պատմություն

Մի դրվագ խորհրդահայ պատմագրությունում 1918թ. նորաստեղծ Հայաստանի Հանրապետության պատմության քաղաքականացված մեկնաբանություններից 1965 թ. խորհրդահայ պատմաբան Ջ.Կիրակոսյանի «Առաջին համաշխարհային պատերազմը և արևմտահայությունը: 1914-1916թթ., Երևան, «Հայաստան», 1965» աշխատությունում հրատարակվել է մի փաստաթուղթ, որի բովանդակության և բուն փաստաթղթի իսկության մասին քննարկումները և շահարկումները մնում են և հատկապես ակտիվացել են վերջին չորս-հինգ տարիներին՝ Ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի մոտենալով, բուն տարելիցին և այսօր՝ Հայաստանի Հանրապետության հիմնադրման 100-ամյակի օրերին: Ահա Ջ.Կիրակոսյանի կողմից հրատարակաված այդ հեռագրի տեքստը. «17 Հունիսի, 1918թ., Երևանից Հեռագիր Նորին գերազանցություն Մեծարգո Օտոմանյան կայսրության զինվորական մինիստր` Էնվեր փաշային, Կոստանդնուպոլիս. Հայաստանի Հանրապետության կառավարությունը պատիվ ունի հայտնելու ձերդ գերազանցութեանը, հանուն մեր բարեկամութեան, իրազեկ դարձնել ձեզ այն մասին, որ Անդրանիկ փաշան խուսափել է մեր կառավարությունից, իմանալով, որ զինվորական դատի պիտի ենթարկվի մեր զինվորական մինիստրին չենթարկվելու համար: Անդրանիկ փաշան տաճկահպատակ հայերից կազմել է առանձին զորաբանակ, նպատակ ունենալով անցնիլ Ջուլֆայի կամուրջը և Խոյի ու Սալմաստի շրջանում միանալ Վանից նահանջող ժողովրդին: Նա մտադիր է ուժեղ բանակ կազմել, ստեղծել սեպարատ պետություն և հարձակվել ձեր վրա: Խնդրում ենք միջոցներ ձեռք առնել նրան վերջնականապես ջախջախելու համար: Հայաստանի Հանրապետության կառավարության Նախագահ`Հ. Քաջազնունի, Հայաստանի Հանրապետության զինվորական Մինիստր` Արամ փաշա Մանուկյան, Հայաստանի կառավարության խորհրդի նախագահ`Սահակյան: Որպես սույն փաստաթղթի աղբյուր Ջոն Կիրակոսյանը հղում է «Անդրանիկի կողմից Շեյթան ավանում գրաված տաճկական շտաբի արխիվ, Անդրանիկի արխիվ, Ֆրեզնո, գ. հ. 17, էջ 218»: Ջ.Կիրակոսյանից զատ, կարծեք թե ուրիշ մեկը բուն փաստաթուղթը չի տեսել: Տեսականորեն սա միանգամայն հնարավոր թվացող տեքստ է, որովհետև նախ՝ հայտնի են ՀՅԴ և Անդրանիկի, մեղմ ասած, անհաշտ հարաբերությունները, երկրորդ՝ Բաթումի պայմանագրի  5-րդ հոդվածով «Հայկական Հանրապետության Կառավարությունը պարտավորվում է գործուն կերպով հակազդել, որպեսզի ոչ մի բանդա չկազմավորվի և չզինվի իր տերիտորիայի սահմաններում, ինչպես և զինաթափել ու ցրել բոլոր բանդաները, ովքեր կփորձեն թաքնվել այնտեղ»: «Բանդա»: Բոլորը գիտեին, որ «բանդա» արտահայտությունը սույն պայմանագրում ուղղակիորեն վերաբերում էր արևմտահայերի և փախստական թուրքահայերի զինված ջոկատներին, բայց հատկապես և մասնավորապես փախստականների և հայկական ջարդերն իրականացնող թուրքական զորամիավորումների դեմ կռվող, գեներալ Անդրանիկի կողմից գլխավորվող խմբերին: Թուրքական մամուլում և բանավոր հռետորաբանությունում հայկական ինքնապաշտպանական գործունեությամբ զբաղված մարդկանց «բանդիտ», խմբերին՝ «բանդա» էին անվանում, իսկ Անդրանիկին՝ առհասարակ բացառապես «բանդիտ»:

«Բանդա» բառի առկայությունը այս պայմանագրում, ստորագրված լինելով հայերի պաշտոնական ներկայացուցչության կողմից, օրինականացնում էր ինքապաշտպաններին «բանդիտ» կոչելու թուրքական իրավունքը: Տարօրինակ է, իհարկե, որ Բաթումում թուրքական բոլոր պահանջներն ընդունած հայկական կողմը չէր կարողացել կամ գուցե նույնիսկ չէր փորձել թույլ չտալ պաշտոնական պայմանագրում «բանդա» ձևակերպումը, որով մի կողմից օրինականացվում էր ողջ արևմտահայկական ինքնապաշպանությունը ազգայնական հակաթուրքական ահաբեկչություն որակավորելու, մյուս կողմից խորապես նվազեցնում և վարկաբեկում էր հայկական և հայաստանյան օրինական ինքնապաշտպանական հնարավորությունները: Թվում է՝ հազիվ թե անհնար լինել թուրքերին համոզել, որ «զինված բանդա» բառերի փոխարեն պայմանագի տեքստում գրվեր «անօրինական զինված խմբեր»: Առաջ ընկնելով ասենք, որ «բանդա», «բանդիտ» բառերը երկու տարի անց պետք դառնային բոլշևիկյան չեկիստների կարմիր տեռորի բռնության գործողությունների հիմնական թիրախը ճիշտ և ճիշտ այն իմաստով, ինչ իմաստով ընկալվում էր Բաթումի հայ-թուրքական պայմանագրում՝  «հակախորհրդային բանդիտները» հենց թուրքերից ինքնապաշտպանական խմբերի կազմակերպիչներն ու մասնակիցներն էին, որոնց հանդեպ բոլշևիկները հանգիստ օգտագործում էին թուրքական միջավայրում լայնորեն տարածված ձևը՝ «դաշնակցական բանդիտ»: Դա հենց այն էր, ինչ նկատի ուներ պայմանագիրն ստորագրող թուրքական կողմը, բայց պայմանագիրը կնքվում էր դաշնակցական կառավարության հետ և «դաշնակցական» բառը «նրբանկատորեն» չէր գրվել: Նորաստեղծ Հայաստանի Հանրապետության կառավարության հիմքը կազմող Դաշնակցության կուսակցության և Անդրանիկ Օզանյանի հարաբերությունների բարդությունն, այո, հայտնի է: Արդյոք դա այնպիսի բարդություն էր, որ Բաթումի բանակցություններին մասնակցող հայկական դաշնակցական պատվիրակությունը աչք փակեր «բանդա» ձևակերպման վրա՝ փաստացի համաձայնելով Անդրանիկին «բանդիտ» և նրա գործը «բանդիտական» որակել, չհասկանար, կամ գերադասեր «չհասկանալ», որ դրանով «բանդիտական» է համարվում և համարվելու է ՀՅԴ կուսակցության ողջ ազգային ինքնապաշտպանական գործունեությունը: Թողնելով այս հարցադրումների վերլուծությունը, վերադառնանք Ջ. Կիրակոսյանի հրատարակած նամակին: Այս հեռագրի իսկության վերաբերյալ բազմաթիվ փաստարկված առարկություններ են եղել: Եթե դրանք հանրագումարի բերենք, կստանանք հետևյալ շարքը. 1. ՀՀ անդրանիկ կառավարության կազմը հրապարակվել է միայն հունիսի 24-ին, հունիսի 17-ին չէր կարող այս կարգի հեռագիր ստորագրել (իրականում ՀՀ կառավարության գլուխ ՀՀ Ազգային խորհուրդը Հ.Քաջազնունուն ընտրել է դեռ հունիսի 7-ին՝ հանձնարարելով նրան կազմել կառավարության կազմը: Չհրապարակված կառավարության կազմի անդամները կարող էին ստորագրել փաստաթուղթ: Ավելին, հունիսի 4-ին ստորագրված Բաթումի պայմանագիրը առաջին պաշտոնական փաստաթուղթն էր, որում գրանցվել է «Հայաստանի Հանրապետություն» անունը, և հենց այս պայմանագրում է, որտեղ առաջին անգամ խոսվում է Հայաստանի Հանրապետության անկախության ինքնահռչակման մասին: Ավելին, հունիսի 4-ին դեռ առհասարակ ՀՀ կառավարություն չկար, բայց այն սոտորագրվել է ՀՀ կառավարության անունից  (Օսմանյան կայսերական կառավարությունը`մի կողմից և իրեն անկախ հռչակած Հայաստանի Հանրապետության կառավարությունը`մյուս կողմից): Այնպես որ, հունիսի 17-ին միանգամայն հնարավոր էր կառավարության անունից ստորագրված հեռագիր ուղարկել; 2. Արամ Մանուկյանը ոչ թե զինվորական մինիստր էր, այլ ներքին գործերի մինիստր: Զինվորական մինիստրը անկուսակցական Հովհաննես Հախվերդյանն էր: Սա լուրջ փաստարկ է; 3. Հիշյալ հեռագրում անհեթեթ է համարվում Արամ Մանուկյանի անվան մեջ «փաշա» բառի հիշատակումը: Հայկական իրականությունում «փաշան» ոչ պաշտոնի անուն էր, ոչ տիտղոս, և չնայած որպես անձնանուն օգտագործվել է հայերի մեջ, բայց կոնկրետ Արամ Մանուկյանի անձնանվան մաս չէր; 4. Հայաստանի հանրապետության խորհուրդն ընտրվել է միայն օգոստոսի 1-ին: Սա նույնպես լուրջ փաստարկ է: Իսկապես, Հայաստանի հանրապետության խորհրդի նիստը տեղի է ունեցել օգոստոսի 1-ին, աշխատակարգի համաձայն նիստը բացել է Ավետիք Սահակյանը, և հենց ինքն էլ ընտրվել է Խորհրդի նախագահ, և բնականաբար հունիսի 17-ին չէր կարող այդ պաշտոնի անունով ստորագրել; 5. Չի կարող պատահել, որ նույն հեռագրի հեղինակների անունները գրվեին տարբեր ձևերով՝ մի դեպքում միայն անձնանվան առաջին տառը և ողջ ազգանունը՝ Հ.Քաջազնունի, երկրորդի անձնանունն ամբողջովին և դեռ ավելացրած Արամ Մանուկյանի նկատմամաբ թուրքերի կողմից օգտագործվող դիմելաձևը՝ փաշա, և ազգանունը՝ Արամ փաշա Մանուկյան, երրորդի անձնանունը՝ Ավետիք, առհասարակ  չգրվեր, այլ գրվեր միայն ազգանունը՝ Սահակյան: Սրանց կարելի է ավելացնել նաև երկու այլ նկատառում. 1. Ինչու պիտի Հայաստանից ուղարկվող հեռագրում հասցեատերը նշվեր որպես «Օտոմանյան կայսրության» զինվորական մինիստր, ոչ թե «Օսմանյան կայսրության», ինչպես հայերենում ընդունված էր և ինչպես գրված էր նաև Բաթումի պայմանագրում՝ «Օսմանյան կայսերական կառավարություն»; 2. Հայաստանի հանրապետության օրենսդիր մարմինը պաշտոնապես կոչվում էր Հայաստանի խորհուրդ, և ոչ թե Հայաստանի կառավարության խորհուրդ, ինչպես գրված է հեռագրում: Իշխանության բարձրագույն մարմինը Հայաստանի խորհուրդն էր, ոչ թե կառավարությունը, և այն չէր կարող Հայաստանի կառավարության խորհուրդ կոչվել: Վերջապես նամակի հայերեն ուղղագրությունը 1918 թ. ընդունված ուղղագրություն է: Սույն հոդվածում փորձ կարվի վերլուծել այս հեռագրի հնարավորության-անհնարինության, 1918թ. գարունից աշուն Անդրանիկի անձին և գործունեությանը վերաբերող մի շարք այլ փաստաթղթեր և դրանց նկատմամբ Ջ.Կիրակոսյանի հիշյալ աշխատանքում առկա հեղինակային մեկնաբանությունները: Բաթումի պայմանագիրն ստորագրելու պահին Անդրանիկի նոր «բանդան»՝ կամավորների խումբը ընդամենը երկու ամիս առաջ էր ձևավորվել և, հավանաբար, կազմում էր մոտ 3000 մարդ: Մինչ Բաթումի պայմանագրի ստորագրումը Կովկասը Օսմանյան թուրքական բանակից պաշտպանելու մտադրությամբ Թիֆլիսում գեներալ Անդրանիկի շուրջը թուրքահայ փախստականներից նոր կամավորներ էին հավաքվել, հենց նրանք, ում Բաթումի պայմանագրով «բանդա» էին կոչելու: Այս կամավորներին միացել էին նաև 210 մարդ, առաջին աշխարհամարտի սկզբում թուրքական բանակից ռռւսական բանակին գերի ընկած թուրքահայեր, որոնց ռուսական կառավարությունը որպես ռազմագերի աքսորել էր Սիբիր՝ Իրկուտսկ: Ռուսաստանի բոլշևիկյան հեղափոխությունից հետո ազատվել էին գերությունից և որոշել էին օգնության հասնել Կովկասյան ճակատում թուրքական ներխուժումների դեմ կռվող հայ կամավորներին՝ կապիտան Բորտի և ջոկատի գնդացրային  մարտկոցի պետ պորուչիկ Ալեքսեյ Կոլմակովի գլխավորությամբ (Պորուչիկ Ալեքսեյ Կոլմակով, Պատմական Հայկական վաշտը, Անդրանիկի վերջին զորամասի Սիբիրյան վաշտը, Երեւան, 2014): Անդրանիկի շուրջը հավաքված կամավորների խումբն ապրիլին որոշել էր Թիֆլիսից տեղափոխվել Ալեքսանդրապոլ՝ միանալու թուրքական բանակից Հայաստանը պաշտպանելու գործողություններին: Ինքնապաշտպանության հարցերում Անդրանիկի որոշումների հետ հակասություններ ունեցող ՀՅԴ Թիֆլիսի բյուրոն, հավանաբար չկարողանալով ազդել կամավորների հետ միասին Ալեքսանդրապոլ տեղափոխվելու Անդրանիկի որոշման վրա, Ազգային խորհրդի անունից հեռագրում է Ալքսանդրապոլի ՀՅԴ ներկայացուցչին. «Այս րոպեիս մեկնում է սիբիրական վաշտը, բաղկացած տաճկահայ գերիներից՝ ռուս սպաների գլխավորությամբ: Վաշտը կարգապահ զորամասի տպավորություն է թողնում: Այդ էշելոնում են գտնվում նաև 800 հոգի տաճկահայեր՝ Անդրանիկի հետ միասին: Ինքնապաշտպանության Խորհրդի ասելով՝ Անդրանիկն ինքն է կազմակերպել այդ զորախումբը: Ազգային խորհուրդը դեմ լինելով նրա ճակատ ուղարկելուն, ինչու՞ ոչ մի միջոց ձեռք չի առել նրա մեկնումը խափանելու համար: Տեղեկացնելով ձեզ այդ մասին, Ազգային խորհուրդը կարծում է, որ դուք կարող եք Անդրանիկին այնպիսի խնդիր առաջադրել որևէ հեռավոր շրջանում, որ նրա գործունեությունը վատ ազդեցություն չունենա ձեր զորամասերի վրա: Սիբիրական վաշտը ցանկալի է թողնել ձեր զորախմբում: Անհրաժեշտ է, որ ձեր ցուցմունքները Անդրանիկն ստանա Ալեքսանդրապոլի հենց կայարանում» (Գ.Հարությունյան, Վ.Էվոյան, Ժողովրդական հերոսը (Անդրանիկ Թորոսի Օզանյան, ծննդյան 100-ամյակի առթիվ), «Բանբեր Հայաստանի արխիվների», Երևան, 1965, N 1, էջ 26): Այս հեռագիրն ուղարկել էր դաշնակցական Տիգրան Բեկզադյանը, հեռագիրը հրատարակող հեղինակները որպես աղբյուր նշում են Վրաց.ՍՍՌ, ՊԿՊԱ, Ֆ.1082, Ց.5: Գ.183, Թ.6, բնագիր: Բայց հրապարակման մեջ հեռագիրը թվագրված է 1918 թ. մարտ ամսով՝ որպես մարտ ամսին ուղարկված հեռագիր, մինչդեռ Անդրանիկն իր կամավորների հետ Թիֆլիսից Ալեքսանդրապոլ գնացել է ապրիլ ամսի սկզբին: Տեսական ենթադրություն ունեմ, որ հեռագիրը մարտ ամսվա նշումն ունի հին՝ հուլյան տոմարով, որը խորհրդայնացված Ռուսաստանում նորի՝ գրիգորյան տոմարի էր փոխվել միայն 1918 թ. հունվարի 26-ին, բայց Անդրկովկասում դեռևս հավանաբար չէր կարգավորվել դրա գործածությունը: Այլ կերպ ասած՝ նոր տոմարով ապրիլի սկզբներին Անդրանիկի զորամասի տեղափոխությունը Ալեքսանդրապոլ հին տոմարով կարող էր թվագրվել մարտ ամսով: Չգիտենք, թե ինչպես է ազդել Անդրանիկի և նրա գլխավորած զորաբանակի վրա այս հեռագիրը, կամ՝ ազդել է արդյոք առհասարակ, փաստն այն է, որ Անդրանիկն իր գլխավորած զորամասի գործողություններն ակնհայտորեն համաձայնեցրել էր Հայկական կորպուսի հրամանատար գեներալ Թովմաս Նազարբեկյանի հետ, և ապրիլի սկզբին արդեն պարզ էր, որ զորամասը պիտի զբաղվի Ալեքսանդրապոլ-Ախալքալաք ճանապարհի պաշտպանությամբ և գործն սկսելուց առաջ, ապրիլի 11-ին Ալեքսանդրապոլում Թովմաս Նազարբեկյանը կատարել է ստուգատես, որից հետո նրա հանձնարարությամբ զորամասը դուրս է եկել Ալեքսանդրապոլից և շարժվել Ախալքալակի ուղղությամբ: Եթե ապրլի 11-ը աղբյուրում թվագրված է հին տոմարով, ապա նոր տոմարով դա պետք է տեղի ունեցած լինի ապրիլի 24-ին: Այսուհետ սույն հոդվածում դեպքերի զարգացումների ընթացքը կտանք գլխավորապես երկու աղբյուրի տեղեկությունների միջոցով՝ զորամասի բոլոր գործողություններին մասնակից Անդրանիկի գրագիր Եղիշե Քաջունու օրագրության (Եղիշէ Քաջունի, Զօրավար Անդրանիկ, Հայկական առանձին հարուածող զօրամասը, Երեւան, 2015: Օրագիրը ներառում է 1918 մարտ-1919 ապրիլ ժամանակահատվածը. Առաջին անգամ հրատարակվել է Բոստոնում 1921-ին «Հայկական առանձին հարուծող զօրամասը – Ժեներալ անդրանիկ» վերնագրով. Եղիշէ Քաջունին գրառումներն արել է Անդրանիկի անմիջական վերահսկողությամբ) և զորամասի Սիբիրյան վաշտի գնդացրային մարտկոցի պետ պորուչիկ Ալեքսեյ Կոլմակովի օրագրային գրառումներով (Պորուչիկ Ալեքսեյ Կոլմակով, Պատմական Հայկական վաշտը, Անդրանիկի վերջին զորամասի Սիբիրյան վաշտը, Երեւան, 2014): Դրանք միշտ չէ, որ դեպքերի ժամանակագրությունում բացարձակ նույնական են, բայց ժամանակագրության ստուգության համար կողմնորոշվում ենք Եղիշե Քաջունու թվագրությամբ, որոնց դեպքերի ընթացքի հերթականությանը Ալեքսեյ Կոլմակովի հուշագրությունը չի հակասում: Ախալքալակի ճանապարհով շարժվող զորամասը երրորդ օրը հանդիպում է փախստական հայ գյուղացիների և իմանում, որ «քրդերն ու թաթարները սրի են քաշել վեց գյուղ՝ Ղարաթափ, Չիվթալի, Ղազանչի, Ղայղուլի, Ղզլքիլիսա, Շիլթափա» (Կոլմակով, էջ 35): Ապրիլի 15-ին (նոր տոմարով՝ 28-ին) «Առաւօտուն հրահանգ եկավ Կորպուսի հրամանատարեն՝ թիւրքերը յարձակեցան Աղեքսանդրապոլի վրա, զա՛րկ կողէն» (Քաջունի, էջ 24): Առավոտյան զորամասը հանդիպում է թուրքերի կանոնավոր զորամասին, և մինչև երեկո տևած կռիվը կանգնեցնում է թուրքերին: Ալեքսանդրապոլի վրա թուրքերի հարձակման մասին նոր տեղեկությունների բացակայությունը և այնտեղից թնդանոթների ձայնի բացակայությունը առաջացնում է համոզմունք, որ քաղաքը գրավված է (իրականում Ալեքսանդրապոլը գրավվել է մայիսի 15-ին): Զորամասը փաստորեն շրջափակման մեջ էր, և հարկադրված էր զբաղվել Աղբաբայի՝ ներկայիս Ամասիայի և Աշոցքի հայկական գյուղերի կոտորածներից փախչող հայ բնակչության պաշտպանությամբ: Ապրիլի 16-ին (29-ին?) կրկին բախվում են թուրքական կանոնավոր, մեծաթիվ զորաբանակին Գյուլլի Բուլաղի վրա (ներկայիս Վարդաղբյուր), կռիվը տևում է մինչև կեսգիշեր. «Այսօրուն կռիվը ամենակատաղին է, միւս կողմէ գաղթականութիւնը բռնած է ամբողջ շոսէն եւ կը շարժի դեպի Լոռի, Ջալալ Օղլու» (Քաջունի, էջ 25): Դիմադրությունը շարունակվում է այնքան, մինչև փախստականները կարողանան քաշվել լեռները: Մանր դիմադրություններով մայիսի 4-ին հասնում են Ջալալօղլի, որտեղ Անդրանիկը զորամասի հետ միասին ջերմ ընդունելություն է գտնում տեղի հայ և մոլոկան ռուս բնակչության կողմից, որոնք արդեն իսկ ինքնապաշտպանական համատեղ ծրագիր էին մշակել: Որոշվում է համատեղ դիմադրել առաջացող թուրքական բանակին: Մայիսի 11-ին վերսկսվել էին Բաթումի բանակցությունները: Թուրքերը պնդում էին, որ իրենց առաջնահերթ խնդիրը Ալեքսանդրապոլ-Ջուլֆա երկաթգիծն է, որպեսզի կարողանան իրենց զորքերը Կովկասից տեղափոխել Պարսկաստան, գրավեն Թավրիզը և Թավրիզով արագորեն օգնության հասնեն Միջագետքում բրիտանական զորքերից նեղության մեջ գտնվող թուրքական բանակին: Քանի դեռ Բաթումում Անդրկովկասյան միացյալ կառավարությունը հապաղում էր այդ հնարավորությունն ստեղծել, երկաթուղին վերահսկելու նպատակով թուրքերն արագացրել էին ռազմական գործողությունները, և մայիսի 14-15-ի գիշերը նույնիսկ նոտա էին ուղարկել և տեղեկացրել, որ զորքերի շարժումը կսկսվի վաղ առավոտից: Նոտան Բաթումի Անդրկովկասյան պատվիրակությանը հասել էր գիշերվա ժամը 5-ին, Ալեքսանդրապոլի դեմ հարձակումից երկու ժամ առաջ: Իրականում զորքերի շարժումն արդեն շուրջ մեկ ամիս սկսված էր և ուղեկցվում էր այնպիսի կոտորածներով, որ ակնհայտ էր՝ թուրքերի բուն նպատակը երկաթգիծը չէր, հայերի բնաջնջումն էր, ինչի մասին մայիսի 15-ին Թուրքիայում Գերմանիայի ռազմական ներկայացուցիչ, Բաթումի պայմանագրի քննարկումներին Գերմանիայի ներկայացուցիչ  Օտտօ Լոսսովը հեռագրում է իր կառավարությանը՝ «15 մայիսի, 2018թ.: Թուրքերը հայերի լիակատար բնաջնջում են սկսել նաև Անդրկովկասում» (աղբյուրը՝ Politisches Archiv des Auswdrtigen Amtes. Abteilung I A. Trkei 183/51, A20698.  Հրատարակված է Барсегов Ю.Г. ГЕНОЦИД АРМЯН. Ответственность Турции и обязательства мирового сообщества. Сборник,  т. 1, Москва, 2003, թիվ 322 փաստաթուղթ, http://genocide.ru/lib/barseghov/responsibility/v1/315-358.htm#322): Ում ինչպես, բայց հայերին վաղուց էին պարզ թուրքերի իրական մտադրությունները: Անդրանիկին՝ առավել ևս: Ջալալօղլուում գտնվող Քաջունու տեղեկությամբ՝ «Ֆրոնտի կոմիասարը կը յայտնէ, որ Աղեքսանդրապոլը տրուած է արդեն»: Սա հավանաբար արդեն մայիսի 15-ն էր, գուցե նույնիսկ 16-ը, որովհետև, ըստ Քաջունու, Ղարաքիլիսայից «Կորպուսի հրամանատարութիւնը կը յայտնէ, թե թշնամի մեծ ուժեր կը յառաջանան աջ թեւով՝ Ղարաքիլիսէի վրայ, եւ թէ իրենք ստիպուած են թողուլ Ղարաքիլիսէն, թէ սա իրենց վերջին յաղորդագրութիւնն է, ուրեմն Ղարաքիլիսէն ալ կը թողուն եւ առանց կռուելու կ՛երթան Դիլիջան: Միաժամանակ լուր հասաւ, թէ թիւրքական հետախուզիչ խումբերը արդեն կ՛երեւան եւ մօտեցած են Ջալալ Օղլուին: … Թշնամին բազմաթիւ է. ամբողջ սարերը բռնած են, կ՛երեւին արդէն, ընդարձակ շարժումներ կը կատարէն… Կռիւը կը տեւէ այդ ճակատին վրայ ամբողջ երկու օր: Կորպուսի կեդրոնէն ոչ մի լուր կայ: … Ամենանէղ դրութիւն պիտի ստեղծուի եթէ երկաթուղիի գիծը անցնի թուրքերու ձեռքը, պարագայ մը, որ անխուսափելի կը դառնայ Ղարաքիլիսէի անկումով..: Երկու օրուա յամառ կռիւէ վերջ պարպուեցաւ եւ Ջալալ Օղլուն: Ժողովուրդը գաղթեց դեպի հարաւ, դեպի Դսեղ, Դիլիջան, մինչեւ Երեւան: Զօրամասն ալ թողուց Ջալալ Օղլուն ու քաշուեցավ դեպի երկաթգիծը» (Քաջունի, էջ 28-29): Կոլմակովն ավելի մանրամասն է նկարագրում Ջալալօղլուի կռիվը, որն սկսվել է լուսաբացին, տեղետարափ անձրևին, որոտացող ամպրոպների ուղեկցությամբ. «Հրետանային կարկուտ սկսվեց: Արկ արկի հետևից աղմուկով պայթում էին խրամատների վրա… խրամատները լցվեցին ջրով: Ցեխոտ, թաց, տանջահար զինվորները պառկել էին փոսերի մեջ… Թուրքերը կաշվից դուրս էին գալիս՝ մեզ արկերով հեղեղելով» (Կոլմակով, էջ 46-47): Քաջունու օրագրով Ջալալօղլուում թուրքերին Անդրանիկի դիմադրությունը պետք է տեղի ունեցած լինի մայիսի 16-17-ին: Ջալալօղլուում պարտությունն անխուսափելի էր, Անդրանիկը պիտի իր 3 հազար կամավորներից բաղկացած զորամասը փրկեր կործանումից և կռիվներով նահանջում է Դսեղ: Ըստ Քաջունու՝ մայիսի 18-ին Դսեղում էին: Նրանք համոզված էին, որ Ղարաքիլիսան հանձնվել է թուրքերին: Իրականում Ղարաքիլիսայից հեռացել էին հայկական զորքերը, բայց թուրքերը դեռ քաղաք չէին մտել, Համամլուում (ներկայիս Սպիտակ) էին: Ըստ  «Հայ ժողովրդի պատմության» ակադեմիական հրատարակության 7-րդ հատորի, դա տեղի է ունեցել մայիսի 21-ին (Հայ ժողովրդի պատմություն, հ.7, Երևան, ՀՍՍՀ ԳԱ հրատ., 1967, էջ 42): Սույն գրքում Ղարաքիլիսայի մասին հաջորդ տեղեկությունն այն է, որ Սարդարապատում մայիսի 22-ին սկսված հակահարվածը ոգևորել էր հայ ժողովրդին, իսկ Ղարաքիլիսայում չորս օր տևած կռիվը կանգնեցրել է  թուրքական զորքի առաջխաղացումը  (Հայ ժողովրդի պատմություն, հ.7, էջ 43): Գրքի 44-րդ էջից իմանում ենք, որ Ղարաքիլիսայի համար մղված քառօրյա կռիվը եղել է մայիսի 24-28-ին: «Մայիսի 22-26-ին տեղի ունեցավ Սարդարապատի, 25-28-ին՝ Ղարաքիլիսայի կռիվները»,- գրում է Հ.Քաջազնունին (Հ.Յ. Դաշնակցությունն անելիք ունի՞, թե՞ չունի, Երևան, 2016, էջ  36): «Հայոց պատմության» ակադեմիական վերջին հրատարակության 6-րդ հատորում այս դրվագին անդրադարձ չկա: Քաջունին, առանց ամսաթիվը նշելու, գրում է, որ Դսեղում սուրհանդակի միջոցով Կորպուսի հրամանատարությունից տեղեկություն ստացան, որ Ղարաքիլիսան թյուրիմացաբար թողել են, բայց հինգ օր հետո վերադարձել են, թուրքերը դեռ Ղարաքիլիսա չեն մտել և հիմա այն հայերի ձեռքին է (Քաջունի, էջ 30): Քաջունին չի նշում իրենց ստացած տեղեկության ամսաթիվը, փոխարենը գրում է, որ «մայիսի 22-ին Ղարաքիլիսէի անկման սգաւոր օրն էր, այդ օրը շատ զինուորականներ կորսնցնելով, թողելով Կորպուսը, որը ուղղուած էր Դիլիջան, փութով կը դիմէին դէպի Թիֆլիս՝ ազատելու յոյսով… Այդ փախստական զինուորները հայտնեցին, թե Ղարաքիլիսէն ինկած է, թե Կորպուսի հրամանատար Նազարբէկովը և հետեւաբար Կորպուսը քաշուած է Դիլիջանի ուղղութեամբ: Ուրեմն թիւրքերը պիտի հետեվէին անոր Դիլիջանի ուղղութեամբ… Զօրամասը թողուց Դսեղը և … անձրևի, կարկուտի տակ սկսաւ ուղղուիլ դէպի Դիլիջան: … Հարկ եղաւ գիշերը, մայիս 25-ը անցընել սարը, անձրեւի տակ, ցուրտ քամիի տակ եւ գաղթականութեան հոծ բազմութեան մեջ» (Քաջունի, էջ 31-32): Եթե Քաջունին մայիսի 22-ը սխալ է հիշում, ապա ակնհայտ է, որ բոլոր դեպքերում նրանք տեղյակ չէին Ղարաքիլիսայում սկսված ճակատամարտի մասին, այդ մասին իմացել են միայն պարտությունից հետո փախչող զինվորականներից, և անմիջապես շարժվել են առաջիկա նոր հնարավոր ճակատամարտի վայրը՝ Դիլիջան: «Մենք լեռնային ճանապարհով շարժվեցինք դեպի Դիլիջան՝ հետներս տանելով գաղթականների մի զանգված, որոնց թիվն ամեն օր ավելանում էր… Մենք գնում էինք Լոռվա թավ անտառների միջով, բարձր սարերով: Անտառում տեղատարափ անձրև էր, որոտով ու կայծակով… Հաջորդ օրը նույնպիսի ուժեղ անձրև էր՝ որոտով, որը կեսօրին փոխվելով ուժգին հանդիպակած կարկուտի, մտրակում էր մեր դեմքերը և երեխաներով, տնային կահ-կարասիով, բեռնակիր կենդանիներով ու սայլերով կաշկանդված գաղթականներին հնարավորություն չէր տալիս արագ շարժվել: Մի կերպ հասանք Դիլիջան: Եվ անմիջապես, առանց հանգստանալու, դիրքեր գրավեցինք, որպեսզի այնտեղ կանգնեցնենք թուրքերի առաջխաղացումը և միևնույն ժամանակ պահենք Դիլիջանը: (Կոլմակով,  էջ 49-50): Քաջունին գրում է, որ Դիլիջան հասնելով և հետախուզելով իրավիճակը, Անդրանիկի զորամասը գրավեց Ղարաքիլիսայից Դիլիջան շարժվող թուրքական բանակից 4 վերստ հեռավորությամբ գտնվող առաջին՝ Նիկիտին գյուղը, փակելով Դիլիջան տանող ճանապարհը: «Անմիջապես Զօրավար Անդրանիկ հեռագրով հաղորդեց իր եւ իր զօրամասի Դիլիջան հասնելու և զայն պահելու մասին իր կարգադրութիւնները: …Զօրավար Նազարբէկով յայտնեց իր ուրախութիւնն ու շնորհակալութիւնը և յանձնարարեց Անդրանիկին պահել ամեն միջոցներով Դիլիջանը…» (Քաջունի, էջ 33-34): Ակնհայտ է, որ թե Անդրանիկն է ջանացել իր գործողությունները համաձայնեցենել Հայկական կորպուսի ընդհանուր ղեկավարության հետ, թե այդ ղեկավարությունն է մշտապես կապ պահել Անդրանիկի հետ: «Բայց այդ ժամանակ Հայկական, կամ, ինչպես թուրքերն էին ասում, Արարատյան կառավարությունը հաշտություն կնքեց թուրքերի հետ: Մեզ առաջարկեցին թողնել դիրքերը և հանձնել դրանք: Թուրքիայի պահանջով հայկական կառավարությունը մեր զորամիավորումը հայտարարեց խռովարարների ջոկատ, որի գործողությունների համար ինքը պատասխանատու չէ» (Կոլմակով, էջ 50): Սա մայիսի երեսունին էր, երբ հայերն արդեն ընդունել էին Բաթումի պայմանագրի բոլոր թուրքական պահանջները և չորս օր հետո այն պիտի ստորագրվեր: Այս առաջադրանքն արդեն Անդրանիկը չի կատարում: «Ինչպե՞ս թոյլ տար, որ երբ ինք զինուած լեցած էր, թշնամին իր քովէն անցնի երթայ Պաքու կամ Պարսկաստան՝ հարուածելու հայ ոյժ մի» (Քաջունի, էջ 35): Եվ խնդրում է Դիլիջանում իրեն փոխարինող ուղարկել (Կոլմակով, էջ 50): Ճիշտ է, պայմանագիրը պիտի ստորագրվեր 3-4 օր հետո՝ հունիսի 4-ին, բայց Անդրանիկն արդեն գիտեր հաշտության պայմանները, այդ թվում՝ իրեն և իր զորամասի կամավորներին  փաստացի «բանդա» համարելու և ցրելու պայմանը: Եռօրյա հեռագրային փոխադարձ մեղադրանքներից հետո Դիլիջան նրա զորաբանակին փոխարինող են ուղարկում: Անդրանիկը կամ պիտի ցրեր իր կամավորներին, կամ զորամասի հետ հեռանար Բաթումի պայմանագրով Հայաստանի Հանրապետությանը հատկացված տարածքից: Հունիսի 3-ին Դիլջանից դուրս են գալիս: Նրա զորաբանակի հետ շարժվում էին նաև, տարբեր գնահատականներով, 20-30 հազար փախստակնները: Անդրանիկը Դիլիջանից անցնում է Սևանի ավազան և այստեղ իր զորամասի սպաներին հայտնում իր նոր ծրագիրը, այն է՝ Անգլիական բանակը Օսմանյան Թուրքիայի դեմ շարունակում է կռվել Միջագետքում, Թուրքիան պատերազմից արդեն ուժասպառ է, վաղ թե ուշ՝ Անտանտի դաշնակիցները հաղթելու են Թուրքիային, և հենց նրանք էլ որոշելու են հայերի և Հայաստանի ճակատագիրը, և ինքը ճիշտ է համարում Պարսկաստանով անցնել Միջագետք, հասնել Բաղդադ, միանալ անգլիացիներին և կռիվը շարունակել մինչև Թուրքիայի պարտություն: Զորամասի սպաները հավանություն են տալիս այս ծրագրին, որոշում են այն  ներկայացնել տաճկահայ փախստականներին և  առաջարկել նոր կամավորների միանալ իրենց: Հունիսի 7-ին Անդրանիկը Արտուշ Խան Շահրիարցյանին և իր գրագիր Եղիշէ Քաջունուն ուղարկում է Վեհափառի և Երևանի իշխանությունների մոտ՝ նրանց իր մտադրությունը հայտնելու և ռազմական օժանդակություն խնդրելու: Չնայած Բաթումի պայմանագիրն ստորագրվել էր թուրքական բոլոր պահանջների ընդունումով, և նույն պայմանագրով թուրքական զորքերը պետք է դուրս գային Հայաստանի սահմաններից, բայց թուրքերն իրենց զորաբանակները համառորեն դուրս չէին բերում իրենց իսկ կողմից ճանաչված Հայաստանի սահմաններից, և թույլ չէին տալիս հայ փախստականներին վերադառնալ նույնիսկ պայմանագրով ճանաչված Հայաստանի սահմանների իրենց բնակավայրերը: Դրա մասին շատ տեղեկություններ կան: Բավական է հիշել Թուրքիայի դաշնակից Գերմանիայի՝ Կովկասի ռազմական առաքելության ղեկավար, գեներալ Կրես ֆոն Կրեսսենշտեյնի 1918թ. հուլիսի 10-ի հեռագիրը իր երկրի Արտգործնախարարություն. «Թիֆլիս, 10 հուլիսի 1918թ.: Իր կյանքը վտանգի ենթարկելով Էրիվանից եկել է եպիսկոպոս Մեսրոպը, որպեսզի գերմանացիներից օգնություն խնդրի: Նրա խոսքերով համարյա կես միլիոն հայեր սովից կմեռնեն, եթե հենց հիմա չթույլատրվի հասունացած բերքը հավաքելու համար հայերին Սարդարապատ և Դավալու վերադառնալ: Հարգարժան եպիսկոպոսի նկարագրածը ցնցող է: Ակնհայտ է, որ թուրքերը մտադրվել են ստիպել ողջ հայ ժողովրդին սովահար լինել:  Հայ փախստականներին և հայկական ազգային խորհրդին հայրենիք վերադառնալու թույլտվության իմ խնդրանքն Էսսադը մերժեց աննշան պատճառաբանություններով» (Գերմանական արխիվում պահվող սույն փաստաթղթի հրապարակված տեքստը տես Барсегов Ю. ГЕНОЦИД АРМЯН. Ответственность Турции и обязательства мирового сообщества,Сборник. Т.1, Москва, 2003, էջ փաստաթուղթ 329,-http://genocide.ru/lib/barseghov/responsibility/v1/315-358.htm#329): Հաջորդ օրը՝ հուլիսի 11-ին, Թուրքիայում Գերմանիայի ռազմական ներկայացուցչին հեռագիր է ուղարկում Բաթումի կոնֆերանսի գերմանական ներկայացուցիչ Օտտօ Լոսսովը. «Թիֆլիս ինձ հասնող բոլոր տեղեկություններով հազիվ թե կարելի է կասկածել, որ թուրքերը պարբերաբար գործարկում են իրենց կողմից դեռևս կենդանի թողած մի քանի հարյուր հազար հայերի ոչնչացումը» (Барсегов Ю. ГЕНОЦИД АРМЯН. Ответственность Турции и обязательства мирового сообщества,Сборник. Т.1, Москва, 2003, փաստաթուղթ թիվ 330- http://genocide.ru/lib/barseghov/responsibility/v1/315-358.htm#330: Սրանք հուլիսին ուղարկված հեռագրեր են, մինչդեռ հունիսի 4-ին կնքված պայմանագրից հետո թուրքերը պետք է իրենց զորաբանակները հանեին Հայաստանի Հանրապետությանը հատկացված տարածքից, ինչն, իհարկե, չէր արվում: Այնպես որ, հայերը դեռ պիտի նվաճեին Բաթումի պայմանագրով համաձայնեցված երկրի տարածքը, և այդ՝ թուրքական զորաբանակներից, դրան զուգահեռ կրճատելով իրենց ռազմական կարողությունները: Դա պիտի շարունակվեր մինչև Օսմանյան կայսրության պարտությունը, և նույնիսկ այդ պարտությունը վավերացնող հոկտեմբերի 30-ի Մուդրոսի պայմանագրից հետո թուրքերը պիտի մնային մինչև դեկտեմբեր, դուրս գնալիս էլ մինչև վերջ ավերելով երկաթգիծը, կայարանները, գյուղերը, բնակարանները, կողոպտելով և իրենց հետ տանելով տեղի բնակչության ունեցվածքի մնացորդները՝ անասունները, հացահատիկը, երկրագործական գործիքները, նույնիսկ հագուստեղենը, քանդելով բնակարանները, տիրապետության տակ գտնված բնակչությանը թողնելով ամայության մեջ: Բայց դեռ 1918թ. հունիսի սկիզբն էր, Անդրանիկն իր զորամասի հետ միասին արդեն պաշտոնապես «բանդա» էր համարվում, նորաստեղծ Հայաստանի Հանրապետությունն ամբողջովին կախված էր Օսմանյան կամքից, և Անդրանիկը որոշում է հեռանալ և իր «բանդան» տանել Բաթումով Հայաստան համարված տարածքից: Դեպքերի ընթացքին շարունակենք հետևել Անդրանիկի զորամասի «ներքին տեղեկություններով»: Հունիսի 17-ին հասնում են Նախիջևանի դաշտ և այստեղ իմանում են Նախիջևանով թուրքերի առաջխաղացման մասին (Քաջունի, էջ 44-47): Հիշեցնեմ, որ Բաթումի պայմանագրով Նախիջևանը Թուրքիայի մաս էր համարվել: Հունիսի 17-ն այն ամսաթիվն է, երբ, Ջոն Կիրակոսյանի հրատարակած հեռագրի համաձայն, Հովհաննես Քաջազնունին, Արամ Մանուկյանը և Ավետիք Սահակյանը տեղակացրել են Էնվեր փաշային Թուրքիայի նկատմամբ Անդրանիկի «դավադիր  ծրագրի» մասին և առաջարկել նրան՝ վերջնականապես ջախջախել Անդրանիկին: Հունիսի 17-ին Անդրանիկն իսկապես արդեն դուրս է եկել Դարալագյազից, այսինքն՝ Բաթումի պայմանագրով Հայաստան համարվող տարածքից, և կարելի էր խնդիրը ներկայացնել այնպես, որ Անդրանիկը չի ենթարկվել Հայաստանի զինվորական  մինիստրի հրամանին: Բայց նույնիսկ այդ դեպքում դժվար է պատկերացնել, որ իրազեկված լինելով Բաղդադում անգլիացիներին միանալու Անդրանիկի ծրագրի մասին, նրանք կարիք ունենային Անդրանիկին մեղադրելու նպատակով «սեպարատ պետություն ստեղծելով թուրքերի դեմ հարձակվելու» ծրագիր հնարել: Եթե նույնիսկ ընդունենք, որ դաշնակցական կառավարությունն ուզում էր թուրքերի ձեռքով Անդրանիկից ազատվել, լիովին բավական էր անգլիացիներին Միջագետքում միանալու Անդրանիկի իրական մտադրության և Անդրանիկի գտնվելու մասին տեղեկացնելը: Ավելին, հունիսի 17-ին դեռևս Անդրանիկի զորամասը հրամանով հանված չէր հայկական զորակազմից: Հուլիսի 6-ին, երբ սպարապետ Թ.Նազարբեկյանի հրամանով Անդրանիկի զորամասը պաշտոնապես հանվեց հայկական զորակազմից (Հայոց պատմություն, Հատոր 6, Գիրք Առաջին, Երեւան, 2010, էջ 47), Անդրանիկն իր զորամասով արդեն Բաթումի պայմանագրով Թուրքիայի մաս համարվող Նախիջևանում էր, բայց Խոյի կռիվներից հետո ետ էր վերադառնում և շարժվում էր Զանգեզուրի ուղղությամբ: Հուլիսի 7-ին Ցղնայում էին: Այստեղ նրանց մոտ է գալիս Նախիջևանի Ազգային խորհրդի լիազոր Աշոտ Մելիք-Մուսեանը, պատմում է Բաքվից բոլշևիկների առաջխաղացման, անգլիացիների՝ Շամախու կողմից առաջանալու, Թուրքիայի դեմ եվրպացիների հաղթանակների, անգլիացիներին թիկունքից հարվածելու համար թուրքերի կողմից իրենց ուժերը Նախիջևան տեղափոխելու, և Նախիջևանի հայերի համար ստեղծված խիստ վտանգավոր կացության մասին: Նախիջևանի Ազգային խորհրդի ներկայացուցիչը թախանձագին խնդրում է վերադառնալ Նախիջևան՝ խոստանալով տեղացիներով համալրել բանակը և լուծել միշտ սոված զիվորների ուտեստի հարցը (Քաջունի, էջ 62): Անդրանիկը վերադառնում է Նախիջևան՝ Ապրակունիս: Դատելով դեպքերի ընթացքից, Անդրանիկն ինքնուրույն էր որոշումներ կայացնում և գործում, ինչը, սակայն, չի նշանակում, որ կապ չէր պահում Հայաստանի Հանրապետության նորակազմ իշխանությունների հետ: Օրինակ, ըստ Անդրանիկի ջոկատի 1-ին գումարտակի հրամանատար կապիտան Բորտի և ջոկատի գնդացրային մարտկոցի պետ պորուչիկ Կոլմակովի՝ 1918թ. դեկտեմբերին Բաքվի էսեռների պաշտոնաթերթ «Знамя Труда» թերթի խմբագրին  հասցեագրած նամակի, Անդրանիկի զորամասը Ազա և Չանանաբ գյուղերում գտնվելու ժամանակ ռադիոհեռագիր է ստացել հայկական դիվիզիայի հրամանատար Սիլիկովից այն մասին, որ Անդրանիկի զորամասի դեմ թուրքական դիվիզիա է շարժվում և դրանից հետո է զորամասը շարժվել Ապրակունիս: Ազա գյուղում Անդրանիկի զորամասը եղել է հունիսի 26-ից, այստեղ մոտ տաս օր հապաղել են, որովհետև զինվորների մեջ խոլերա է սկսվել, հիվանդացել է նաև զորապետը՝ Անդրանիկը: Հուլիսի 9-10 –ին շարժվել են դեպի Ապրակունիս: Սա նշանակում է, որ Սիլիկովի ռադիոհեռագիրը պետք է ուղարկված լինի հենց այն օրերին, երբ Թ.Նազարբեկյանի հրամանով Անդրանիկի զորամասը պաշտոնապես հանվել է հայկական զորակազմից: Սա անուղղակի վկայություն է այն մասին, որ Երևանի կառավարության առնվազն որոշ անդամներ բարոյապես և տեղեկություններով սատարում էին Անդրանիկին: Հուլիսի 14-ին Ապրակունիսում տեղի է ունենում խորհրդակցություն, քննարկվում են թե օսմանյան զորքերին դիմադրելու հնարավորությունները, թե տեղացի զինված թուրքերի գրոհներից ու կողոպուտներից հայ բնակչությունը պաշտպանելու միջոցները: Քննարկման որոշումները բնակչության մեջ թռուցիկների ձևով, Անդրանիկի ստորագրությամբ  տարածում են հայերեն և ռուսերեն լեզուներով:  Անդրանիկի հրատարակած թռուցիկի 6 կետերից բաղկացած տեքստը ըստ Հայաստանի Ազգային արխիվում առկա փաստաթղթի, հետևյալն էր. «14 հուլիսի 1918: Նախիջևանի գավառի մասին Անդրանիկի հրամանները: 1. Այսօրվանից ես իմ ջոկատով անցնում եմ Ռուսական հանրապետության կենտրոնական կառավարության լիակատար ենթակայության և տնօրինության տակ: 2.Բրեստ-Լիտովսկի հաշտության պայմանագրի համաձայն Նախիջևանի գավառը Ռուսաստանի հանրապետության անբաժան մասն է: 3. Գավառում հայտարարվում է ռազմական դրություն: 4.Ամբողջ բնակչությունը, առանց ազգային տարբերությունների, պետք է անմիջապես զինաթափվի: 5.Հանրապետության կառավարության իշխանությունը չընդունողները կամ նրա թշնամիներին օժանդակողները համարվելու են Ռուսաստանի դավաճաններ և օրենքից դուրս ենթարկվելու են խիստ պատժի: 6.Մասնավոր ձեռքերում և հասարակական կազմակերպություններում գտնվող ողջ զինամթերքը, համազգեստը և առհասարակ ռազմական մատակարարումը սույն հրամանի հայտարարությունից հետո երկօրյա ժամկետում պիտի փոխանցվի զիրնվորական իշխանություններին: Բնօրինակը ստորագրել է գեներալ մայոր Անդրանիկը» (ռուսերեն տեքստը հրատարակված է «Բանբեր Հայաստանի արխիվների», Երևան, 1965, N 1, էջ 22-23): Խորհրդահայ պատմաբան Ջ.Կիրակոսյանը, մեջբերելով Անդրանիկի սույն հեռագրի 1-ին, 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերը (նա հղում է անում Մարքսիզմ-լենինիզմի հայկական ֆիլիալի արխիվ, Ֆ.4047, ց. 1, գ.194, թ.64), 1965 թ. եզրակացրել է, որ «<Նախիջևանում> և նրան հարակից վայրերում Անդրանիկի կողմից ձեռնարկված քայլերը ուղղված էին Սովետական Ռուսաստանը պաշտպանելու և նրա դեմ թշնամական գործողությունները կանխելու նպատակին» (Ջոն Կիրակոսյան, Առաջին համաշխարհային պատերազմը և արևմտահայությունը: 1914-1916թթ., Երևան, «Հայաստան», 1965, էջ 212): Հաշվի առնելով այն կոնկրետ իրավիճակը, որն Անդրանիկին թելադրել էր «Ռուսաստանի հանրապետության» անունն օգտագործել Նախիջևանի հայ բնակչությանը Օսմանյան թուրքական բանակից և Նախիջևանի տեղական թուրքերի գրոհներից  պաշտպանության նպատակով, ինչպես նաև այն պարզ փաստը, որ Բաթումի պայմանագրով Թուրքիայի մաս ճանաչված Նախիջևանում ծավալվող իրադարձությունները Սովետական Ռուսաստանի դեմ ուղղված թշնամական գործողություններ չէին, և մազաչափ վտանգ չէին պարունակում Սովետական Ռուսաստանի նկատմամբ, Ջ.Կիրակոսյանի սույն մեկնաբանությունը, հավանաբար, պետք է համարել 1965թ. հայ պատմաբանից պահանջվող քաղաքական շրջահայեցողության նմուշ: 1965թ. նույնիսկ նախախորհրդային անցյալի գործողությունների որևէ դրական մեկնաբանություն միայն մեկը կարող էր լինել՝ Սովետական Ռուսաստանին նվիրվածության մեկնաբանությունը: Հաջորդ քայլը Անդրանիկի հեռագիրն էր Խորհրդային Ռուսաստանի Կովկասի գործերի արտակարգ կոմիսար Ստեփան Շահումյանին: «Անդրանիկ Օզանյանի ռադիոհեռագիրը  Կովկասի գործերի արտակարգ կոմիսար Ս.Գ. Շահումյանին: 14 հուլիսի 1918թ. Անառարկելիորեն ենթարկվելով Բրեստ-Լիտովսկի պայմանագրին՝ Նախիջևանի գավառը, որտեղ այժմ գտնվում եմ իմ ջոկատով, հայտարարել եմ ռուսական հանրապետության անբաժան մաս: Խնդրում եմ հայտնել ում որ հարկն է, որ ես իմ ջոկատով այսօրվանից գտնվում եմ Ռուսաստանի կենտրոնական կառավարության տրամադրության տակ և ենթարկվում եմ նրան: Կաշխատեմ արգելակել թուրքական զորքերի մուտքը Նախիջևանի գավառը: Սպասում եմ պատասխանի և կարգադրության: Գեներալ-մայոր Անդրանիկ, Նախիջևանի  գավառ, Աբրակունիս գյուղ»: Աղբյուրը՝ С.Шаумян, «Бакинская коммуна», Баку, 1927, էջ 93 («Բանբեր Հայաստանի արխիվների», Երևան, 1965, N 1, էջ 23): Անդրանիկի այս հեռագիրը Ս. Շահումյանը Լենինին է ուղարկել հուլիսի 17-ին (Աղբյուրը՝ С.Шаумян, «Бакинская коммуна», Баку, 1927, էջ 93 («Բանբեր Հայաստանի արխիվների», Երևան, 1965, N 1, էջ 23-24) և Անդրանիկին պատասխանել է հուլիսի 20-ին, նույն օրն էլ (20.07.1918թ.) հրատարակվելով Բաքվում, «Бакинский рабочий»  թերթում՝ թիվ 141(257): Հուլիսի 17-ին օսմանյան բանակն արդեն հարձակվել էր Նախիջևան քաղաքի վրա, երկու օր անց, բազմակի ուժերի ճնշման տակ Անդրանիկի զորամասը նահանջել էր Նախիջևանից և գավառի հայկական գյուղերի բնակչությունը փախչում էր. «Հրետանային փոթորկալի կրակի տակ մենք ձգտում էինք թշնամուն տեղում պահել այնքան ժամանակ, մինչև բոլոր փախստականները հասցնեին տարհանվել»,-հուլիսի 19-ի մասին գրում է Կոլմակովը:  Ի՞նչ էր հեռագրել Շահումյանը Անդրանիկին. «20 հուլիսի 2018թ.: Ջուլֆա, Ժողովրդական հերոս Անդրանիկին: Ձեր հեռագիրն ստացա: Բովանդակությունն ամբողջովին հեռագրեցի Մոսկվայի Կենտրոնական կառավարությանը: Իմ կողմից, հանձին Ձեզ, ողջունում եմ իսկական ժողովրդական հերոսին: Եթե պարոնայք Քաջազնունիները և ուրիշները Ձեզ նման լինեին, անշուշտ հայ գյուղացիությունն այսօր չէր ապրի այսպիսի ողբերգական օրեր: Հայտնեցեք մեր ողջույնը քաջարի զինվորներին, որոնք կռվում են Ձեր դրոշի տակ և բոլոր աշխատավոր ազգաբնակչությանը, որոնք կրկնակի տանջվում են մի կողմից տաճիկների, մյուս կողմից ազգային ղեկավարների դավաճանության շնորհիվ: Ոչ մի դժվարության առաջ, կոչ եմ անում, չխոնարհեցնեք հեղափոխության դրոշը: Բաքվի պրոլետարիատը Ռուսաստանի իշխանության ջերմ աջակցությամբ հերոսական կռիվ է մղում Քյուրդամիրի և Աղսուի ուղղությամբ տաճիկ բեկական բանդաների դեմ: Երբ մենք կհաղթենք տաճիկներին, բեկերին ու խաներին, վրաց իշխաններին ու հայ բուրժուազիային, այն ժամանակ ամբողջ անդրկովկասյան գյուղացիության և բանվորության միության ընդհանուր համագումարում կկազմակերպերպենք խորհրդային իշխանություն և նորից կշաղկապվենք մեծ Ռուսաստանի հանրապետության հետ: Ուրախ կլինեի Ձեզ հասցնելու անհրաժեշտ օգնություն,  գուցե ինքներդ կարող լինեք ստեղծելու մեր կապի համար մի ուղի: Կովկասյան արտակարգ կոմիսար և Բաքվի կոմիսարների խորհրդի նախագահ՝ Ս.Շահումյան» («Բանբեր Հայաստանի արխիվների», Երևան, 1965, N 1, էջ 24): Պարզ է, որ Շահումյանի նամակի ողջ ոգին և կոչը՝ «Ոչ մի դժվարության առաջ, կոչ եմ անում, չխոնարհեցնեք հեղափոխության դրոշը» պարզ տուրք էր Շահումյանի հեղափոխական գործունեությանը և նրա զբաղեցրած դիրքին, և ոչ մի կապ չուներ Անդրանիկի մաքուր ազգային ինքնապաշտպանական գործունեության հետ: Անդրանիկը կապ չուներ հեղափոխության և նրա պաշտպանության հետ: Հուլիսի 24-ին, երբ Անդրանիկի զորաբանակն արդեն ամբողջովին դուրս էր եկել Նախիջևանից՝ իր հետ փախստականների հոծ խումբ տանելով, և շարժվում էր Զանգեզուրով, Անդրանիկի հեռագրի մասին ուշացած տեղեկություն է տպագրում Համառուսական Կենգործկոմի «Известия» թերթը. «24 հուլիսի, 1918թ.: Աստրախան, 22 հուլիսի. Բաքվից հաղորդում են, որ հայկական հասարակական հայտնի գործիչ, զորավար Անդրանիկից ստացված է ռադիոհեռագիր, որով նա հայտնում է, թե ինքը լիովին ենթարկվում է Ռուսական Կենտրոնական իշխանությանը և խոստանում է կատարել նրա կարգադրությունները՝ իր տրամադրության տակ եղած ուժերով Երևանի Նախիջևանի գավառը թուրքական իմպերիալիզմից պաշտպանելու վերաբերյալ» («Բանբեր Հայաստանի արխիվների», Երևան, 1965, N 1, էջ 24-25): Այստեղ էլ թուրք ջարդարարների դեմ Անդրանիկի կռիվը որակված է «հակաիմպերիալիստական»: Այն դեպքում, երբ Անդրանիկը օգնություն էր խնդրում բոլորից՝ բոլշևիկյան Ռուսաստանից մինչև իմպերիալիստական Անգլիան, Ամերիկան: Ի՞նչ է գրում Ջոն Կիրակոսյանն այս մասին: Նա հրատարակում է Շահումյանի պատասխան հեռագրի տեքստը, և ավելացնում. «Անդրանիկը գործնական քայլերի դիմեց ծանր վիճակում գտնվող Բաքվի կոմունային օգնելու, իր ջոկատն այնտեղ շարժելու ուղղությամբ» (Ջոն Կիրակոսյան, Առաջին համաշխարհային պատերազմը և արևմտահայությունը: 1914-1916թթ., Երևան, «Հայաստան», 1965, էջ 212-213): Սա շատ համահունչ է  «Известия» թերթի՝ Անդրանիկի մտադրությունների գնահատականին. «Ռուսական Կենտրոնական իշխանության կարգադրությունները կատարելով՝ իր տրամադրության տակ եղած ուժերով Երևանի Նախիջևանի գավառը թուրքական իմպերիալիզմից պաշտպանել»: Ունե՞ր արդյոք Անդրանիկը «Բաքվի կոմունային օգնելու մտադրությամբ իր ջոկատն այնտեղ (Բաքու) շարժելու» մտադրություն: Այդպիսի մտադրություն ոչ գրավոր, ոչ նկարագրված դեպքերի ընթացքում մենք չենք տեսնում, Ջ.Կիրակոսյանը որևէ փաստ չի բերում, և առողջ դատողությամբ որևէ այդպիսի բան ուղղակի չէր կարող լինել: Ի վերջո, եթե նույնիսկ Անդրանիկը աշխարհայացքային ջերմ զգացմունքներ ունենար Բաքվի կոմունայի և Սովետական Ռուսաստանի նկատմամբ, նույնիսկ համեմատելի հարց չէ, թե 1918թ. հուլիսի այդ օրերին Բաքվի կումունա՞ն էր ավելի ծանր վիճակում, թե՞ Նախիջևանի, Զանգեզուրի, Ղարաբաղի հայությունը, որպեսզի Անդրանիկը թողներ վերջիններիս և շտապեր Բաքվի կոմունային օգնելու: Շահումյանը Անդրանիկին ուղղված պատասխան հեռագրում նրանից օգնություն չի խնդրել: Ավելին՝ գրել է «Ուրախ կլինեի Ձեզ հասցնելու անհրաժեշտ օգնություն,  գուցե ինքներդ կարող լինեք ստեղծելու մեր կապի համար մի ուղի»: Վերջ ի վերջո, Բաքվի կոմունային օգնելու պատասխանատվությունը նախ և առաջ ահռելի Սովետական Ռուսաստանինն էր, իսկ նշված տարածքների հայերին օգնելու իրավունք նույնիսկ նորաստեղծ, Բաթումի պայմանագրով սահմանափակված իրավունքներով Հայաստանի Հանրապետությունը չուներ: Ավելին, Բրեստ Լիտովսկի պայմանագրով այդ տարածքների բնակչության անվտանգությունը նույնպես Սովետական Ռուսաստանի խնդիրն էր: Բայց սա հարցի բարոյական կողմն է: Գործնական հարցն այն է, թե ինչի՞ց է երևում Բաքվի Կոմունային օգնելու նպատակով իր գլխավորած զորամասն այնտեղ շարժելու Անդրանիկի «գործնական քայլերը»: Վերջ ի վերջո, Անդրանիկը հեռագիր էր ուղարկել ոչ թե Բաքվի Կումունայի խորհրդի նախագահ Ստեփան Շահումյանին, այլ Խորհրդային Ռուսաստանի Կովկասի գործերի արտակարգ կոմիսար Ստեփան Շահումյանին: Նրա հեռագրում ոչ մի ակնարկ չկա Բաքվի Կոմունայի մասին: Բայց սա էլ դեռ բոլորը չի: Պարզվում է, ըստ Ջ.Կիրակոսյանի, որ իբր Բաքվի Կոմունային օգնելու ուղղությամբ Անդրանիկի գործնական քայլերը չեզոքացնելու նպատակով է գրվել սույն հոդվածի առիթը հանդիսացած տխրահռչակ նամակը: Բաքվի կոմունային օգնելու Անդրանիկի գործնական քայլերի դեմ, ըստ Ջ.Կիրակոսյանի, «չափազանց շատ էին անհաղթահարելի դժվարությունները: Նրան չեզոքացնելու հրամաններ էին արձակում թէ Էնվեր փաշան (1918թ. հուլիսի 17-ին), թե դաշնակցական շեֆերը: Ահա վերջիններիս դիմակը պատռող փաստաթղթերից մեկը» (Ջոն Կիրակոսյան, Առաջին համաշխարհային պատերազմը և արևմտահայությունը: 1914-1916թթ., Երևան, «Հայաստան», 1965, էջ 213), գրում է հարգարժան հեղինակը և հենց այս տողերի տակ տեղադրում խնդրահարույց նամակը: Միայն թե այստեղ հերթական հարցականն է ծնվում: Եթե իսկապես այդ նամակը երբևէ գրվել է, և այդ նամակի տեքստը Ջ.Կիրակոսյանն իսկապես տեսել է, և ապա նոր հրապարակել, այն չէր կարող «Բաքվի Կոմունային օգնության շտապող» Անդրանիկին չեզոքացնելու նպատակ ունենալ, քանի որ Անդրանիկը, ըստ հեղինակի, «շտապել է օգնության հասնել Բաքվի կոմունային» հուլիսի 14-ից սկսած, իսկ Անդրանիկի դեմ նամակը գրվել է համարյա մեկ ամիս առաջ՝ հունիսի 17-ին: Համենայն դեպս այդ ամսաթիվն է դրված Ջ.Կիրակոսյանի գրքում հրապարակված նամակի վրա: Մեկ ամիս առաջ Հայաստանի դաշնակցական կառավարության անդամները գիտեի՞ն, որ Անդրանիկը Նախիջևանից հեռագրելու է Շահումյանին, գիտեի՞ն, որ դրանից 47 տարի հետո Ջ.Կիրակոսյանն այդ հեռագիրը մեկնաբանելու է որպես «Բաքվի Կոմունային օգնության հասնելու» քայլ, և այդ նամակով ի՞նչը պիտի չեզոքացնեին: Ընդ որում Բաքվի Կոմունայի համար հունիսի 17-ին թուրքական վտանգը դեռ մեծ չէր, և Կոմունան Բաքվում դեռ սպասում էր Կարմիր Բանակի օգնությանը, որը, ինչպես հայտնի է, չստացան Ստալինի պատճառով: Եթե նույնիսկ այդ նամակը գրվել է, և գրվել է ինչ որ բան չեզոքացնելու նպատակով, ապա այն ենթադրելիորեն կարող էր թուրքերի աչքին չեզոքացնել Անդրանիկի գործողությունների նկատմամբ Հայկական կառավարության պատասխանատվությունը և Նախիջևանի հայ բնակչության փրկության հնարավորությունը: 1918 թ. օգոստոս – 1919թ. մարտ ամիսներին Անդրանիկի զորամասը մնացել է Զանգեզուրում՝ միշտ առանց մթերքի, հաճախ՝ սոված, առանց անհրաժեշտ հագուստի, զորամասին և անձամբ Անդրանիկին ստվերի նման հետևող բազմահազար փախստականների ուղեկցությամբ, որոնց ինչքան էլ տեղավորում էին հայկական գյուղերում, միշտ գալիս էին նորանոր փախստականներ: Պատերազմում Օսմանյան կայսրության պարտությունից և հոկտեմբերի 30-ի Մուդրոսի համաձայնագրից հետո Բաթումի՝ այդպես էլ չվավերացված պայմանագիրն այլևս ուժը կորցրած էր, և Զանգեզուրում իր զորամասով գտնվող Անդրանիկն արդեն կարող էր համարվել Հայաստանի Հանրապետության տարածքում: Նոյեմբերից թուրքերն արդեն որևէ ազդեցություն չունեին Հայաստանի իշխանությունների վրա: Տարօրինակ է, որ հենց այս նոյեմբեր ամսի մասին Ջոն Կիրակոսյանը գրում է, իբր «1918թ. նոյեմբերին դաշնակցության պարագլուխները Խալիլ փաշայի և գերմանական ներկայացուցիչների հետ քննարկում էին Անդրանիկի դեմ «խառը զորամաս ուղարկելու հարցը, հավաստում էին նրանց, որ եթե նա «ոտք դնի Հայաստանի տերիտորիա, պետք է զինաթափվի և զինվորական դատի հանձնվի»» (Ջոն Կիրակոսյան, Առաջին համաշխարհային պատերազմը և արևմտահայությունը: 1914-1916թթ., Երևան, «Հայաստան», 1965, էջ 213): Այս տեղեկության համար Ջ.Կիրակոսյանը հղում է Հայկ.ՍՍՌ, ՊԿՊԱ, Ֆ.276, ց.1, գ.37, թթ. 44-48: Հասկանալի է, որ 1918 թ. նոյեմբերին, Թուրքիայի և Գերմանիայի պարտությունից հետո,  Հայաստանի կառավարության անդամները ոչ Թուրքիայի, ոչ Գերմանիայի ներկայացուցիչների հետ չէին քննարկի Անդրանիկին զինաթափելու, մեկուսացնելու  հետ կապված որևէ գործողություն: Իրադրությունը կտրուկ փոխվել էր, նոյեմբերին Հայաստանը հնարավորություն էր ստացել այստեղ գտնվող թուրքական բանակից և նրա ավերածություններից ազատվելու: Պարզ էր նաև, որ Միջագետք հասնելու և թուրքերի դեմ կռվում բրիտանացիներին իր զորամասով միանալու Անդրանիկի ծրագրի հաջողության դեպքում Հայաստանի իշխանությունների քննարկումները Թուրքիային հաղթած դաշնակիցների հետ այլ մակարդակ կունենային: Բայց այս ամենը նոյեմբերին արդեն ուշացած հնարավորություններ էին: Ուրեմն ի՞նչ քննարկում է ակնարկում Ջ.Կիրակոսյանը՝ չմանրամասնելով իր տեղեկությունները: Իրականում այդպիսի քննարկում իսկապես եղել է, բայց՝ օգոստոսի 31-ին և բոլորովին այլ պայմաններում: Օգոստասի 31-ի այդ քննարկման մասին գրել է Արշակ Ջամալյանը և սեպտեմբերի 26-ին որպես տեղեկություն ուղարկել Կոստանդնուպոսլում գտնվող հայկական առաքելությանը: Օգոստոսի 31-ին ինքը՝ Արշակ Ջամալյանը Խալիլ փաշայի, գերմանացիներ ֆոն Կրեսսի և բարոն Ֆրանկենշտայնի հետ Երևանում հանդիպել են Հայաստանի Հանրապետության կառավարության անդամների հետ: Եղել են քննարկումներ տարբեր հարցերի շուրջ: Կոնկրետ Անդրանիկին վերաբերող զրույցը տեղի է ունեցել Արամ Մանուկյանի բնակարանում: Հանդիպման «չորրորդ հարցը Անդրանիկի մասին էր: Խալիլ փաշան ասում է, թե Պոլսում այն կարծիքին են, թե Անդրանիկը հայոց կառավարության ներշնչումներով է գործում և մասնավորապես նրա հրահանգներով է մտել Զանգեզուր: Պ. Քաջազնունին պատասխանում է, որ Անդրանիկը պաշտոնապես զինվորական հրամանով վտարված է մեր զորաշարքերից: Նա գործել է զինվորական տեսակետից ամենամեծ հանցանքը՝ չհնազանդվելով ռազմական հրամանին: Նա Զանգեզուր է գնացել ոչ թե մեր երկրից, այլ Հին Նախիջևանից, որ տաճկական տիրապետության տակ է գտնվում: Եթե Անդրանիկը ոտք դնի Հայաստանի տերիտորիա, պետք է զինաթափվի և զինվորական դատի հանձնվի: Այդ բանը լավ գիտե, և այդ պատճառով էլ խույս է տալիս մեր երկրի սահմաններից: Վերջերս էլ նա թռուցիկ է բաց թողել իր անձնական սոտրագրությամբ յուրաքանչյուր թռուցիկի վրա, որով նա եվրոպական գարանտիա է պահանջում, որ Հայաստանի կառավարությունը նրան զինաթափ չի անի, որպեսզի մի կողմ քաշվի և ապրի յուր խմբով: Եթե Անդրանիկի գնալը այդքան սխալ մեկնաբանությունների հիմք է տալիս, ապա Հայաստանի կառավարությունը պատրաստ է մի զորամաս ուղարկել նրան Զանգեզուրից վտարելու համար, եթե Ադրբեջանը սրա դեմ առարկություն չունի: Խալիլ փաշան առաջարկում է, որ Անդրանիկի դեմ խառը զորամաս գնա, բաղկացած հայերից, ադրբեջանցիներից և թուրքերից: Պարոն Քաջազնունին պատասխանեց, որ այս առաջարկը աննպատակահարմար է, որովհետև հայերի, ադրբեջանցիների և թուրքերի միասին լինելը սնունդ կտա Անդրանիկի այն պրոպագանդային, թե Հայաստանի կառավարությունը վաճառված է թուրքերին, դավաճանած է և այլն, և կժողովի նրա շուրջը Ղարաբաղի և Զանգեզուրի երիտասարդությունը, մինչդեռ եթե մենակ հայերը դուրս գան Անդրանիկի դեմ, հարցը բոլորովին այլ ընթացք կստանա… Խալիլ փաշան համաձայնում է այս կետին» (աղբյուրը՝ Հայկ.ՍՍՌ, ՊԿՊԱ, Ֆ.276, ց.1, գ.37, թթ. 44-48, բնագիր, ձեռագիր, հրատարակված է «Բանբեր Հայաստանի արխիվների», Երևան, 1965, N 1, էջ 27-28): Արշակ Ջամալյանը այս ամենը գրում է Բաթումի պայմանագրի պայմանները թեթևացնելու նպատակով Կոնստանդնուպոսլում գտնվող հայկական առաքելությանը, որպեսզի նրանք տեղյակ լինեին Հայաստանում Խալիլի հետ տեղի ունեցած զրույցի բովանդակությանը և հարցադրումներին և անհրաժեշտ դեպքում չհակասեին այդ զրույցի հարցադրումներին: Պարզ է, որ Ջ.Կիրակոսյանը հենց այս զրույցը նկատի ունի «դաշնակցության պարագլուխները Խալիլ փաշայի և գերմանական ներկայացուցիչների հետ Անդրանիկի դեմ «խառը զորամաս ուղարկելու հարց են քննարկել» ասելով, առավել ևս, որ նրա հղած աղբյուրը նույնն է՝ Հայկ.ՍՍՌ, ՊԿՊԱ, Ֆ.276, ց.1, գ.37, թթ. 44-48: Անկախ այս խոսակցության հնարավոր տարաբնույթ մեկնաբանություններից, տեքստից ակնհայտ է, որ «դաշնակցության պարագլուխները Խալիլ փաշայի և գերմանական ներկայացուցիչների հետ Անդրանիկի դեմ «խառը զորամաս ուղարկելու հարց» չեն քննարկել, այլ փորձել են այդ հարցը բարձրացրած Խալիլին համոզել դրա սխալականությունը: Սա էլ 1918 թ. օգոստոսի դաշնակցականների քաղաքական և դիվանագիտական շրջահայացության տարբերակն էր: Բայց տվյալ դեպքում կարևորը ոչ այնքան այս հանդիպման մասին Ջ.Կիրակոսյանի մեկնաբանությունն է, և ոչ միայն այս խոսակցությունը նրա կողմից անհասկանալիորեն նոյեմբեր ամսով թվագրելն է: Անհամեմատ կարևոր է, որ Ջ.Կիրակոսյանը կարծեք թե չի նկատում, որ եթե, ինչպես ինքն է գրում, այս հանդիպումից մեկուկես ամիս առաջ, հունիսի 17-ին, դաշնակցության նույն պարագլուխները նամակ ուղարկած լինեին էնվերին՝ առաջարկելով նրան «միջոցներ ձեռք առնել <Անդրանիկին> վերջնականապես ջախջախելու համար», ապա նամակի հեղինակների հետ օգոստոսի 31-ին այս խոսակացությունը պարզապես չէր լինի, կամ, լինելու դեպքում, այդ «նամակի հեղինակները»՝ դաշնակցության պարագլուխները Խալիլի հետ զրույցում նրան պարզապես կհիշեցներին ընդամենը մեկուկես ամիս առաջ գրված իրենց նամակը, եթե այդպիսին առհասարակ եղել է: Թվում է, որ ՀՀ Առաջին հանրապետության պատմության դրվագներն իսկապես պետք է օր առ օր նայել՝ հասկանալու համար իրարամերժ մեկնաբանությունների այն թնջուկը, որ կուտակվել է թե դաշնակցական, թե խորհրդային պատմագիրների կողմից:

lragir.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4