September 25, 2018

ԱՄՆ-ՌԴ. ԴԵՌ ՉԵՆ ԳԻՏԱԿՑՈՒՄ, ԲԱՅՑ ՊԱՏԵՐԱԶՄՆ ԱՐԴԵՆ ՍԿՍՎԵԼ Է

Պ.Ք.

Հոդվածի վերնագիրը դիտավորյալ սադրիչ է, բայց ընդամենը արտահայտում է իրականությունը, գրում է Atlantico.fr հրատարակությունը: ԱՄՆ-ը Ռուսաստանի հետ պատերազմական վիճակում է, թեեւ խոսքը դեռ թեժ պատերազմի մասին չէ: Այդուհանդերձ, Սիրիայի արեւելքումՙ Դեր-Զորի շրջանում փետրվարի 7-8-ը ամերիկյան օդուժի հարվածներց սպանվեցին առաջին ռուսաստանցիները: Դրանք այսպես կոչված «հաջողության զինվորներ» էին, որոնք ներկայացնում էին Արգենտինայում գրանցված «Վագներ» մասնավոր ռազմական ընկերությունը: Հարկ է նշել, որ ՌԴ սահմանադրությունն արգելում է երկրում մասնավոր ռազմական ընկերությունների գործունեությունը:

Սակայն որեւէ մեկը կասկած չունի, որ այդ վարձկաններին ֆինանսավորել էր Մոսկվան, որպեսզի նրանք կատարեին այնպիսի խնդիրներ, որպիսիք չեն կարող կատարել ՌԴ օդատիեզերական ուժերը անձնակազմի սակավության պատճառով: Բացի դրանից, նման մարտերում ռուս կամավորների սպանվելը բնակչության վրա չի գործի շատ մեծ հոգեբանական ազդեցություն, քանի որ նրանք պարտավոր չէին Սիրիա մեկնել եւ գործում էին անձնական նախաձեռնությամբ, նշում է հոդվածագիրը:

Զանազան աղբյուրների տվյալների համաձայնՙ ռուսների կորուստները գնահատվում են 500-ից մինչեւ 600 մարդով: Ըստ երեւույթին, իրական կորուստը կազմում է մոտ հարյուր մարդ: Վաշինգտոնում նշում են, որ ԱՄՆ-ը չի հանդուրժի սիրիացի զինվորների անցումը Եփրատի մյուս ափը, քանի որ ամերիկացիները իրենց իրավունք են վերապահում տնօրինելու այդ գոտին հենց Սիրիայում ռուսների եւ իրանցիների ազդեցության ծավալմանը դիմակայելու համար:

Նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնապես չարձագանքեց այդ գործին, բայց արժե վերհիշել մեկ ուրիշ գործ, որպեսզի հնարավոր լինի պատկերացնել, թե ինչ կարող է տեղի ունենալ առաջիկա ամիսներին: Երբ 2015 թ. նոյեմբերի 24-ին Թուրքիան խոցեց սիրիական սահմանի մոտ թուրքական տարածքը բառացիորեն մի քանի տասնորդական վայրկյանով հատած ռուսական հց-24 ռմբակոծիչը, պատասխան գործողությունները տեղի ունեցան մի քանի ամիս անցՙ 2016 թ. մայիսին: Այն ժամանակ ՔԲԿ-ի ակտիվիստները տարածեցին տեսահոլովակ, որը պատկերում էր, թե ինչպես թուրքական AH-1W «Սուպեր Կոբրա» ուղղաթիռը խոցվում է ռուսական SA-18 տիպի «երկիր-օդ» հրթիռով, թեեւ այդ մոդելը տարածված չի եղել ռազմական գործողությունների տվյալ գոտում, գրում է հեղինակը:

Համենայն դեպս, այդ քայլը ուղերձ էր նախագահ Էրդողանին, ում քաղաքականությունը Մոսկվայի հանդեպ արմատապես փոխվեցՙ առճակատումից վերածվելով համագործակցության: Պատմության դասը հետեւյալն է. գոյություն ունի վտանգ, որ ռուս վարձկանների սպանության դիմաց հատուցման գործողությունը կարող է տեղի ունենալ անսպասելի վայրում, սակայն ակնհայտ է, դա անպայման կլինի: Դա վրիժառության հարց չէՙ հաշվի առնելով Պուտինի սառնասրտությունը, բայց վերջինս ունի ռազմավարությունՙ հակառակորդին ցույց տալ թույլատրելի սահմանը:

Բարեբախտաբար, ներկա պահին դեռ անմիջական բախումներ չկան ռուսաստանցի եւ ամերիկացի զինվորականների միջեւ, թեեւ հետախուզական օդանավերը եւ լրտեսական նավերը ավելի ու ավելի ակտիվորեն «շոշափում» են հակառակորդի սահմանները: Սակայն անհրաժեշտ է արձանագրել, որ Վաշինգտոնը միակողմանի կարգով արդեն խզել է երկխոսությունը Մոսկվայի հետ: Կարծիքների փոխանակումը, մասնավորապես ՄԱԿ-ում, իրականում դարձել են մենախոսություններՙ համեմված փոխադարձ մեղադրանքներով: Դրանք ուղղված են Կրեմլի եւ անձամբ Վլադիմիր Պուտինի դեմ: Հարկ է նշել, որ ամերիկացիները սկզբունքորեն զգուշանում են խոսել Ռուսաստանի մասին:

Այն պահից, երբ նախագահ Թրամփը ներքաղաքական կյանքում հմտորեն մեկուսացվեց նոր պահպանողականների ջանքերով, որոնք վախենում էին, որ իրենց ազդեցությունը կթուլանա նոր եւ անկանխատեսելի նախագահի պաշտոնավարման ընթացքում, ԱՄՆ վարչակազմը Ռուսաստանի դեմ հարձակումներ է սկսել բոլոր ճակատներում: Վաշինգտոնի բարձրագույն ղեկավարությունը փորձում է երկիրը ներկայացնել որպես «ռուսական արջի» եւ անձամբ Պուտինի զոհ: Թիրախի գերանձնավորումը չափազանց կարեւոր է հանրային կարծիքի համար, որը սիրում է տեսնել չարագործի, որին հարկավոր է նեղը գցել:

Ինչ վերաբերում է Մոսկվային, նրա վրա մեղադրանքների հեղեղ է թափվում: Դրանցից մեկը ազդեցությունն է ԱՄՆ-ի ընտրությունների վրա, իբր ամերիկացիներն այնքան հիմար են, որ օտարները պիտի իրենց թելադրեն, թե ում պետք է ընտրել նախագահի պաշտոնում, ի դեպ այլեւս չեն խոսում Թրամփի «ոսկե անձրեւի», այսինքն ՀԴԲ-ի ներկայացրած վարկաբեկիչ ապացույցների մասին: Մեկ այլ մեղադրանք է Կրեմլի ազդեցությունը Բրեքսիտի վրա. այնտեղ եւս ժողովուրդը «վատ» է քվեարկել, այսինքն բրիտանացիները նույքան հիմար են, որքան իրենց ամերիկացի եղբայրները: Խոսվում է նաեւ Ֆրանսիայի նախագահական ընտրություններին Կրեմլի միջամտության մասին, սակայն ֆրանսիացիները ավելի խելացի գտնվեցին նախագահի ընտրության հարցում եւ չենթարկվեցին Sputnik ռադիոկայանի եւ RT հեռուստաընկերության քարոզչությանը, որոնց հաղորդումները նրանք ունկնդրում եւ դիտում են ամեն օր, հեգնում է հոդվածագիրը:

Ռազմական առումով, Ռուսաստանի հետ կապված երկյուղները (դրանք վախեցնում են մանավանդ մերձբալթյան երկրներին, որոնք ԽՍՀՄ-ի հետ կապված դառը հիշողություներ ունեն) ԱՄՆ-ին դրդում է ուռճացնել սեփական ռազմական բյուջենՙ այն հասցնելով շուրջ 700 մլրդ դոլարի, որը վեցապատիկ գերազանցում է ռուսաստանի ռազմական ծախսերը: Սակայն իրականում ամերիկացի զինծառայողները շատ ավելի թանկ են նստում, քան ռուսաստանցիները: Տվյալ դեպքում գործ ունենք անհամադրելի բաների հետ:

Նույնիսկ ռազմական լոբբիի ներսում գոյություն ունի այն, ինչը պատասխանատու է միջուկային զենքի համար: Արդեն երկու տարի շարունակ նա պնդում է, որ միակ արժանավոր թշնամին Ռուսաստանն է, քանի որ մյուս միջուկային երկրները անչափ հետ են մնում տեխնիկական առումով:

Բացի դրանից, Ռուսաստանը հանդգնություն ունեցավ պնդելու, որ իր սահմաններին ՆԱՏՕ-ի մոտենալը սպառնալիք է ներկայացնում, եւ որ հարկավոր է պատասխան տալ դրան: Այսպիսով, գործի է դրվում պատերազմի ժամանակահատվածը, որը հանգեցրել է ներկայիս լարվածությանը: Գուցե Միացյալ Նահանգները փորձում է վերստին դիմել «աստղային պատերազմների» սպառնալիքին, որը սնանկացրեց ԽՍՀՄ-ի տնտեսությունը եւ հանգեցրեց այդ երկրի կործանմանը: Նման ռազմավարությունը իսկական հաջողություն էր, որը վերջ դրեց սառը պատերազմին:

Վերջում արժե հիշեցնել, որ նախագահ Պուտինը պաշտպանում է իր համաքաղաքացիների շահերը, ինչը հազվադեպ երեւութ է դառնում ներկայիս արեւմտյան աշխարհում, եւ այդ շահերը միշտ չէ, որ համապատասխանում են եվրոպացիների շահերին: Նաեւ պետք է հավաստել, որ Ռուսաստանը ուղղակի կամ նույնիսկ անուղղակի սպառնալիք չի ներկայացնում Եվրոպայի համար: Անշուշտ, Ռուսաստանի լրտեսական ցանցերը բավական ակտիվ են Եվրոպայում, եւ անհրաժեշտ է պայքարել դրանց դեմ, սակայն հեղինակը կարծում է, որ դրանք ավելին չեն, քան ամերիկացիների ցանցերը, որոնք ամեն տեղ են, թեեւ ԱՄՆ-ը տեսականորեն պնդում է, թե ինքը չի լրտեսում իր դաշնակիցներին:

azg.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4