Rss Feed
Tweeter button
Facebook button
Technorati button
Reddit button
Myspace button
Linkedin button
Webonews button
Delicious button
Digg button
Flickr button
Stumbleupon button
Newsvine button
Youtube button
December 12, 2018

Ինչ կառավարման համակարգ է ձևավորվում Հայաստանում. մաս 1

Նախապատմություն

Հայաստանում արագ տեմպերով ընթացող փոփոխությունների տրամաբանությունը հանրության կողմից չի ընկալվում և ճիշտ չի գնահատվում: Հիմնական տեսակետն այն է, որ Սերժ Սարգսյանն իշխանությունը պահպանելու համար փոխեց Սահմանադրությունը: Չվիճելով այդ տեսակետի հետ, այնուամենայնիվ, պետք է հասկանալ կառավարման մոդելի փոփոխության տրամաբանությունը: Ոչ մի երկրում, անգամ` Հայաստանում, հնարավոր չէ մեկ անձի շահերից ելնելով` կարողանալ նման կտրուկ փոփոխություններ իրականացնել, եթե այդտեղ չլիներ ավելի խորքային մի գործընթաց, որը չունենար մեծաքանակ շահառուներ կամ իր շահերը գիտակցող որևէ սոցիալական շերտ:

Ո՞ր շերտի շահերն է ներկայացնում Սերժ Սարգսյանը, և կառավարման ի՞նչ մոդել է ներդրվում Հայաստանում:

Կառավարման մոդելի փոփոխությունների «գաղտնիքը»  բացահայտող առանցքային միտքը փետրվարի 27-ին ԱԺ-ում տեղի ունեցած «Մարտի 1»-ի դեպքերին նվիրված խորհրդարանական լսումների ժամանակ արտաբերեց Սամվել Նիկոյանը, որն այդ դեպքերի փաստահավաք խմբի ղեկավարն էր: Ըստ նրա՝ «Մարտի 1»-ի դեպքերի «ամենակարևոր» պատճառը հետևյալն էր. «և ամենակարևորը, ընտրությունների միջոցով սեփականությունը պահելու, կամ սեփականություն ձեռք բերելու, վերաբաշխելու այդ մոլուցքը, որը, ըստ էության, բոլորի ելույթներում, հրապարակային, կար»:

Իսկ ի՞նչ էր ասում Լևոն Տեր-Պետրոսյանը:

2007-ի հոկտեմբերի 26-ին Տեր-Պետրոսյանը նկարագրեց այդ ժամանակ գործող համակարգի կոռուպցիոն բնույթը՝ տալով հիմնական դեմքերի անունները և նկարագրեց Հայաստանում գործող, ըստ նրա՝ «անօրինական» սեփականության կուտակման մեխանիզմները` փաստորեն կոչ անելով բռնազավթել այդ անօրինական սեփականությունը: Այդ շարժման ամենաառանցքային և  ծրագրային ելույթը կոնսոլիդացրեց իշխող խավին: Այդ ելույթն այսօր ավելի արդիական է, քան անգամ 2007 թվականին և արժե մեկ անգամ ևս այն լսել՝ այսօրվա քաղաքական տրանսֆորմացիաների պատճառը հասկանալու համար: Ըստ Սամվել Նիկոյանի՝ հենց այդ կոչերն էին «Մարտի 1»-ի ողբերգության «ամենակարևոր» պատճառը: Ուշագրավ է, որ Նիկոյանն իր ելույթում հավասարեցնում է այն ժամանակ առճակատման գնացած երկու կողմերի քայլերի դրդապատճառը. «Ընտրությունների միջոցով սեփականությունը պահելու կամ սեփականություն ձեռք բերելու, վերաբաշխելու այդ մոլուցքը»: Փաստորեն, ըստ Նիկոյանի,  երկու կողմերի նպատակը մեկն էր` պահպանել կամ վերաբաշխել սեփականությունը:

Հատված Տեր-Պետրոսյանի ելույթից. «… Դասական պետականագիտության տերմինոլոգիայում այդպիսի իշխանությունը կոչվում է «կլեպտոկրատիա», բառացի՝ «գողապետություն»: Սակայն ես կնախընտրեի «ավազակապետություն» բառը, որն ավելի ճշգրիտ է արտահայտում հասկացության բովանդակությունը, քանի որ գողությունն անհատական հանցագործություն է, իսկ ավազակությունը՝ խմբային: … Հայաստանի ներկա իշխանական համակարգը կառուցված է մոնոլիտ բուրգի սկզբունքով եւ հստակ սահմանված նվիրապետական-հիերարխիկ աստիճանակարգով: Բուրգի գագաթը հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանն է: Երկրորդ տեղը զբաղեցնում է վարչապետ` ոչ հեռավոր անցյալում պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: Երրորդ տեղին հավակնում են փոխվարչապետ Հովիկ Աբրահամյանը եւ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանը: Այնուհետեւ գալիս են նախարարների, փոխնախարարների, մարզպետների մեծագույն մասը, ինչպես նաեւ՝ որոշ տխրահռչակ քաղաքապետեր ու թաղապետեր … »:

Այնուհետև Տեր-Պետրոսյանն այդ ելույթում տալիս է կառավարության, դատախազության, հարկային մարմինների, Կենտրոնական բանկի, քաղաքների ու մարզերի ղեկավարների տասնյակ անուններ և մանրամասն ներկայացնում է տարբեր ոլորտներում տեղի ունեցող «կոռուպցիայի» կառուցվածքը և «գրպանված» գումարների մոտավոր քանակը: Փաստորեն, ըստ Տեր-Պետրոսյանի, Հայաստանի խոշոր սեփականության հիմնական մասն անօրինական է, որը պետք է վերադարձվի ժողովրդին: Դա վտանգավոր մարտահրավեր էր այդ մարդկանց համար, որոնք պետք է պաշտպանեին իրենց սեփականությունը, և պատահական չէր, որ Մարտի 1-ին ամենապատասխանատու գործողությունները վստահված էին հայտնի օլիգարխների զինված խմբավորումներին:

Պատահական չէր, որ օրերս ՀՀԿ-ն կողմ քվեարկեց «Մարտի 1»-ին նվիրված խորհրդարանական լսումների անցկացմանը չորրորդ նախագահի ընտրության նախաշեմին: Դա խորհրդանշական քայլ էր՝ հիշեցնելու համար «հայտնի սեփականատերերին», թե ընթացող կառավարման ռեֆորմներն ում շահերն են պաշտպանում:

Հետաքրքիր էր ևս մեկ անգամ լսել Տեր-Պետրոսյանի «ղազախական գազին»-ին նվիրված հատվածը. «…Մասնավորապես, մի այդպիսի մախինացիա էլ կապված է ղազախական գազի խոշոր ծավալների ներմուծման հետ, որն արտացոլված չէ վիճակագրական պաշտոնագրերում»: «Ղազախական գազի» գործով, ըստ մամուլի հրապարակումների, գործող անձինք այսօրվա Հայաստանի առանցքային պաշտոնները զբաղեցնող անձինք են:

Տեր-Պետրոսյանի այդ ելույթի մասին հիշատակումն անհրաժեշտ էր՝ հասկանալու այսօրվա քաղաքական ռեֆորմների տրամաբանությունը: Փաստորեն, ձևավորվել է մի համակարգ, որը սպասարկում է խոշոր սեփականատերերին, և խաղից դուրս է մղվել հանրությունը, որն այլևս չի կարող գոնե ֆորմալ ընտրությունների միջոցով ազդել քաղաքական գործընթացների վրա: Այսինքն՝ ձևավորել մի համակարգ, որտեղ խոշոր սեփականության վերաբաշխումը լինի անհնարին: Դա է ձևավորվող համակարգի հիմնական իմաստը, իսկ «Մարտի 1»-ի դեպքերը ընկած են այսօրվա զարգացումների հիմքում: Դա նախադեպ է, որի կրկնությունը չթույլատրելու համար փոփոխվում է կառավարման համակարգը:

hetq.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4