September 25, 2018

Հայ համայնքը պետք է Պոլսո պատրիարքի ընտրություններ անցկացնի առանց որևէ միջամտության. Գարո Փայլան

Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության շուրջ առաջացած ճգնաժամի միակ լուծումն արդար քվեարկության կազմակերպումն ու այդ ճանապարհով 85-րդ պատրիարքի ընտրությունն է: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանը, ով կոչ արեց տեղի հայ համայնքին ամենևին չհուսահատվել և չընդունել այն, ինչ պարտադրվում է:

-Պոլսո Հայոց պատրիարքական ընտրությունների գործընթացը Ստամբուլի նահանգապետարանի նամակով կրկին փակուղի մտավ: Պետությունը միջամտեց հայկական եկեղեցու գործերին: Ինչպե՞ս եք տեսնում այս գործընթացի լուծումը:

– Ժողովրդավարական կառույցներում ճգնաժամերը լուծվում են ժողովրդավարական ընտրությունների, քվեարկության միջոցով: Այս ճգնաժամի պարագայում էլ լուծումն անկասկած քվեարկությունն է: Հայկական համայնքը պետք է կարողանա պատրիարքի ընտրություններ կազմակերպել առանց որևէ միջամտության: Եվ բոլորը պետք է հարգեն այն արդյունքը, որը դուրս կգա քվեատուփից:

– Պատրիարքական ընտրությունների գործընթացի՝ այս վիճակին հասնելու գործում տեսնո՞ւմ եք պատրիարքական փոխանորդի պաշտոնում մնացող Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի մեղավորությունը:

– Իհարկե: Նա առաջնորդվել է ոչ թե հայկական համայնքի, այլ սեփական շահերով: Անազնիվ համագործակցության մեջ է մտել պետության ներսում գտնվող մի խմբի հետ, որի նպատակը հայկական համայնքի գլխին հարկադիր կատարողի նշանակելն էր: Այդպիսով աչք է փակել համայնքի շահերի վրա՝ միևնույն ժամանակ անտեսելով եկեղեցական ավանդույթները:

– Պոլսո Հայոց պատրիարքական տեղապահ ընտրված Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը հրաժեշտի նամակում գրել էր, որ այս իրադրությունը կարող է հայկական համայնքի պառակտման պատճառ դառնալ: Կիսո՞ւմ եք Սրբազանի մտքերը:

-Միանշանակ համաձայն եմ: Թուրքիայի ներսում քաոս է տիրում, որը, բնականաբար, ազդում է նաև հայկական համայնքի վրա: Հայկական համայնքի ապագայի նկատմամբ մտահոգ այս ժամանակաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները մասնատում են մեր կառույցները:

– Ի՞նչ կոչ կանեք Ստամբուլի հայ համայնքին:

-Կոչ եմ անում, որ բացարձակապես չհուսահատվեն և չընդունեն այն, ինչ պարտադրվում է: Որպես հայ համայնք՝ պետք է կենտրոնանանք այն ընտրությունների վրա, որի իրավունքն ունենք՝ հանուն հոգևոր և աշխարհիկ կյանքում առկա քաոսի վերացման: Պետք է նպատակ ունենանք հասնելու հոգևոր և աշխարհիկ առումներով ճիշտ կառավարվող, հզոր համայնքի: Բոլոր հարթակներով կրկնում եմ, որ այդ նպատակը բխում է նաև Թուրքիայի շահերից: Շարունակելու եմ այս ուղղությամբ ջանքեր գործադրել: Կոչ եմ անում ցանկացածին, ով պատասխանատու է իրեն զգում այս հարցում, սեփական շահերը մի կողմ դնելով՝ միանա այդ ջանքերին:

1in.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4