September 25, 2020

Աշխարհի բոլոր առաջնորդները պետք է կանգնեցնեն Թուրքիայի իշխանությունների նախաձեռնած պատերազմը. Կարո Փայլան

Պոլսահայ պատգամավոր Կարո Փայլանի խոսքով՝ իրենք արդեն 2 տարուց ավելի է՝ արտակարգ դրության մեջ են, իրենց կուսակցության մոտ 6000 անդամ ձերբակալվել է, այդ թվում` կուսակցության ղեկավարները, փոխնախագահները և այլն:

«Բայց մենք ցանկանում ենք ամբողջ աշխարհին ցույց տալ, որ չնայած անազատ վիճակին, մենք դեռ կանգուն ենք»,- ասաց նա:

Tert.am-ը Կարո Փայլանի հետ զրուցել է վերջերս Անկարայում քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության համաժողովից իր տպավորությունների և Թուրքիայում տիրող վիճակի մասին:

Կարո Փայլանը մատնանշեց՝ իր կուսակցության համաժողովին ներկա էր 30 000-ից ավելի մարդ՝ Թուրքիայի ամբողջ տարածքից:

«Դա շատ քաջալերող էր, բայց, ցավոք սրտի, մեզ մեդիաները չլուսաբանեցին: Բայց մեր մարդիկ ունեն այդ քաջությունը` կոնգրեսից հետո գնալ իրենց քաղաքները և տարածել մեր գաղափարները»,- ասաց նա:

Կարո Փայլանի խոսքով՝ ինքը վստահ է՝ իրենք իրենց քաղաքական նախաձեռնություններում հաջողության հասնելու են և ոչ միայն առաջիկա նախագահական և խորհրդարանական ընտրություններում:

«Մենք պարտավոր ենք փոխել ընդհանրապես մթնոլորտը»,- նշեց նա՝ հավելելով, որ չնայած Թուրքիայի նախագահը փորձում է իրենց ճնշել, ներկայացնել, որ այլընտրանք չկա, բայց իրենք պետք է ցույց տան, որ իրականում կա ընտրության հնարավորություն:

Կարո Փայլանը պատմեց, որ իրենց կուսակցության համաժողովին մասնակցելու հրավերք էին ուղարկել աշխարհի տարբեր կուսակցությունների: Դրանով պայմանավորված՝ նա հատուկ չառանձնացրեց հայկական կուսակցություններից «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցության անդամների մասնակցությունը համաժողովին:

«Եկել էին սոցիալիստներ, դեմոկրատներ, սոցիալ-դեմոկրատական կուսակցությունների ներկայացուցիչներ: Մենք ուրախ էինք տեսնել նրանց: Կարևոր էր, որ ՀՅԴ-ն ներկա էր համաժողովին: Շատերը տեղյակ չեն Դաշնակցությունից, Հնչակյաններից և այլ հայկական կուսակցություններից: Մենք կարիք ունենք Դաշնակցություն կուսակցությունը ներկայացնել թուրք ժողովրդին»,- ասաց նա` նշելով, որ միայն իրենց ջանքերը քիչ են, որ թուրքերին հայկական կուսակցությունները ներկայացվեն, դրա համար բոլորի ջանքերը պետք է գործադրվեն:

Կարո Փայլանի խոսքով՝ ինքը հույս ունի, որ աշխարհի տարբեր կուսակցություններ, կառավարություններ թույլ չեն տա, որ երկրորդ անգամ լինի այն, ինչ եղավ 1915 թվականին հայերի հետ. «Մենք իսկապես կարիք ունենք աջակցության»:

Կարո Փայլանը վերջերս Ֆրանսիայում հայ համայնքի կազմակերպած ընթրիքին հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Դիտարկմանը, թե հայ համայնքը վստահ է, որ Մակրոնի հանդիպումը իր հետ կարող է հետագայում ապահովության երաշխիք լինել իր համար, Կարո Փայլանը պատասխանեց․«Այո՛, գիտեմ այդ մասին: Իhարկե, Էմանուել Մակրոնը գիտեր, թե Աֆրինում ինչ է տեղի ունենում,բայց ես նրան դա նորից ներկայացրի և բացատրեցի, թե այդ գործողությունները ինչ ազդեցություն կարող են ունենալ հետո: Մենք իսկապես կարիք ունենք աջակցության: Ես միայն քուրդ ժողովրդին նկատի չունեմ: Թուրքիան հիմա պատերազմի մեջ է, և դա թուրքերին ավելի է ազգայնական է դարձնում: Այդ պատերազմը ազգայնական է դարձնում նաև քրդերին: Եվ դա կարող է երկրաշարժ առաջացնել: Սա է իմ մտահոգությունը, և ոչ միայն Մակրոնը, այլ աշխարհի բոլոր առաջնորդները պետք է կանգնեցնեն այս պատերազմը»,- ասաց նա:

Կարո Փայլանի խոսքով՝ Թուրքիայում բոլորն են վտանգի մեջ: «Մեր կուսակցությունը, որը ընդդիմանում է Էրդողանին, ճնշումների է ենթարկվում: Այդպես է լինում նաև ցանկացած մեկի հետ, որը ընդդիմանում է: Ես իմ մասին չեմ մտածում, մտածում եմ Թուրքիայում ապրող յուրաքանչյուրի՝ հատկապես երեխաների մասին: Թուրքիայում 80 միլիոն մարդ է ապրում: Այս իրավիճակը մի մեծ աղետ է, ցեղասպանություն: Թուրքիայի ղեկավարության սկսած պատերազմի արդյունքում խաղաղ բնակիչներ՝ երեխաներ և կանայք են մահանում, մահանում են և՛ թուրքեր, և՛ քրդեր: Մենք՝ որպես քաղաքական գործիչներ, պատասխանատու ենք այս ամենի համար: Ես պատասխանատու եմ դրա համար: Եվ ինչ էլ պատահի, ես ընդդիմանալու եմ պատերազմի գաղափարին»,- նշեց նա:

tert.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4