August 20, 2018

«Քեզ շատ փորձանք կսպասե․․․». Ժիրայր Սեֆիլյանի համար 11 տարվա ազատազրկումը պետության ամոթն է

Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով փետրվարի 9-ի նիստին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ վարչական շրջանի նստավայրում մեղադրողը հանդես եկավ մեղադրական ճառով:

Մեղադրողը Ժիրայր Սեֆիլյանին և մյուսներին առաջադրված մեղադրանքը համարեց ապացուցված և փաստարկված: Ըստ այդմ, մեղադրողը Ժիրայր Սեֆիլյանի համար պահանջեց 11 տարվա ազատազրկում, Գևորգ Սաֆարյանի համար՝ 4 տարի 6 ամսվա, Ներսես Պողոսյանի համար՝ 4 տարվա, Գալուստ Գրիգորյանի համար՝ 3 տարվա, Հրայր Թոփչյանի համար՝ 3 տարվա, Սասունիկ Կիրակոսյանի համար պահանջեց 4 տարի 6 ամսվա, Հովհաննես Պետրոսյանի համար՝ 2 տարվա ազատազրկում:

2006 թվականի դեկտեմբերի 10-ին՝ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը, Ժիրայր Սեֆիլյանի հետ ազատազրկված Վարդան Մալխասյանը դատախազի այս պահանջը քաղաքական հաշվեհարդար է համարում։ Մալխասյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց՝ ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա չի կասկածում Սեֆիլյանի անմեղությանն ու անկեղծությանը:

«Ես Ժիրայրին մոտիկից ճանաչում եմ՝ նրան գիտեմ որպես հայրենասեր, արդարության, ազատության համար պայքարող, նվիրյալ մարդու։ Նա միշտ էլ անձնազոհ է եղել։ Ժիրայրի նման մարդիկ այս իշխանության համար վտանգավոր են՝ իրենք ուզում են բոլորին սանձել, դարձնել հնազանդ. այդ կարգի մարդկանց նկատմամբ իրենք միշտ էլ հաշվեհարդար են տեսնում։ Այն մարդիկ, ովքեր ասում են, որ Ժիրայրն ու մյուսները քանի որ զենքով են պայքարել, ուրեմն քաղբանտարկյալ չեն, սխալվում են։ Մարդ արարածն ամբողջ աշխարհում ունի ապստամբելու իրավունք, երբ նրան անարգում ու մի անկյուն ես գցում։ Տարբեր միջոցներով մարդը կարող է պայքարել»,- ասաց մեր զրուցակիցը։

Մալխասյանը նշում է՝ Ժիրայր Սեֆիլյանը քաղբանտարկյալ է, իսկ 11 տարվա ազատազրկում պահանջելու դատախազի միջնորդությունը բացարձակ հաշվեհարդար է. «Ի դեպ, ասեմ՝ իշխանությունների համար անցանկալի քաղաքական գործչի գլխին սրանք կարող է նաև բռնաբարության հոդված կիրառել։ Մի թեթևաբարո աղջկա կարող են վարժեցնել՝ գա ցուցմունք տա, այդ մարդուն բռնեն ու մեղադրեն բռնաբարության փորձի համար։ Ինչ հոդված ուզեն՝ կդնեն. մեր երկրում արդարադատություն չկա, ինչ հոդված ասես՝ կարող են կիրառել՝ բանդիտիզմ, բռնաբարություն ու պետական հեղաշրջում։ Ես գիտեմ, որ Ժիրայրը պաշտոնամոլ չէ՝ նա երբեք անձնական շահերի համար չի գնա նման քայլերի։ Բոլորն էլ գիտեն՝ անձնական շահի, պաշտոնի համար պետք է քծնես, իսկ եթե ըմբոստանում ես, ապա ճանապարհդ փշոտ է։ Այդ մասին դեռ Միքայել Նալբանդյանն է ասել՝ փշոտ է ճանապարհդ, քեզ շատ փորձանք կսպասե, ազատություն սիրողների ճանապարհը միշտ էլ փշոտ է եղել։ Ես Ժիրայրի մասին բացասական կարծիք չեմ ունեցել ու չունեմ, Ժիրայրի նման մարդկանց պակաս կա այս երկրում»,- ասաց Վարդան Մալխասյանը՝ հավելելով, որ գուցե Սեֆիլյանի քաղաքական հաշվարկները ճիշտ չեն եղել, բայց դա ամենևին չի նշանակում, որ իր նկատմամբ պետք է այսպիսի հաշվեհարդար տեսնել։

Վարդան Մալխասյանը ընդգծում է՝ 2006 թվականին ևս ինքն ու Սեֆիլյանը մեղադրվել են պետական հեղաշրջում կազմակերպելու մեջ, ինքն անազատության մեջ է մնացել 2 տարի, Սեֆիլյանը՝ 1։ Տարիներ անց Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այդ գործով ընդդեմ Հայաստանի Հանրապետության վճիռ է կայացրել, և փաստորեն ապացուցվել է վերջիններիս անմեղությունը։

ՔԿՀ վարչության նախկին պետ, ազատամարտիկ Մուշեղ Սաղաթելյանը ևս քաղաքական հետապնդում է համարում Սեֆիլյանի համար 11 տարվա ազատազրկում պահանջելը: «Այս անօրեն իշխանությունը ամեն ինչի ընդունակ է։ Ոչ միայն Ժիրայրը՝ սկսած Շանթից, Գևորգից, Պավլիկից, Արամից, բոլորը քաղբանտարկյալ են, այստեղ երկու կարծիք լինել չի կարող»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Սաղաթելյանը։

Մեր զրուցակցի կարծիքով՝ ոչ մի բան չանելու համար էլ այս իշխանություններն ընդունակ են դատապարտել: «Սա միանշանակ հաշվեհարդար է։ Սա պետության, իշխանության խայտառակ ամոթն է։ Չնայած նաև վստահ եմ, որ այդքան ազատազրկված չեն մնա»,- եզրափակեց նա։

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4