September 24, 2020

«Ժ. Սեֆիլյանի արյունը Լելե Թեփեից ընդգծված է մինչև Մռավասար, եթե սրանք այդ հողերը անպիտան են համարում, ապա Մանուկյանին ու Սեֆիլյանին սադրիչ չե՞ն համարի»

«100-ամյակն առանց ռեժիմի» շարժման առաջնորդ Ժ. Սեֆիլյանի ու մյուսների գործով դատավարությանն այսօր հարցաքննվեց «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանը, ով Ժ. Սեֆիլյանի ու ընդդիմադիր ակտիվիստ Գ. Սաֆարյանի հետ անցնում է Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ զանգվածային անկարգություններ նախապատրաստելու գործով: Ինչպես հայտնի է, ըստ մեղադրանքի, Ժիրայր Սեֆիլյանը նախապատրաստել է զանգվածային անկարգություններ, կազմակերպված խմբի կազմում զենք է ձեռք բերել, որպեսզի ռազմավարական նշանակության շենքեր զավթի: Սեֆիլյանը սակայն չի ընդունում առաջադրված մեղադրանքները:

Նիստը նախագահող դատավորը նախ բավարարեց պաշտպանների միջնորդությունը և ապահովեց Սեֆիլյանի մասնակցությունը նիստին: Դատարանն ավելի վաղ որոշել էր Սեֆիլյանին ութ ժամով հեռացնել նիստերի դահլիճից: 2016 թվականի հուլիսյան հայտնի իրադարձություններից հետո Ժ. Սեֆիլյանն ու Պ. Մանուկյանն առաջին անգամ էին հանդիպում, դատարանը թույլատրեց, որպեսզի բարևեն մեկմեկու:

Այնուհետ մեկնարկեց Մանուկյանի հարցաքննությունը: Փաստաբան Տիգրան Եգորյանը հարցրեց, թե արդյոք 2015 թվականին, մինչ մեղադրանքի առաջադրումն ու կալանավորումը, նպատակ են ունեցել զանգվածային անկարգություններ կազմակերպել՝ իշխանության ներկայացուցիչներին ֆիզիկական ուժի կամ այլ զենքի գործադրմամբ վնասներ պատճառելու նպատակով:

Արձագանքելով այս հարցին՝ Պավել Մանուկյանը նշեց, թե ինչպես կարող էին իրենց ողջ երիտասարդությունը հայրենիքին ու ժողովրդի ինքնապաշտպանությանը զոհաբերած անձինք զանգվածային անկարգություններ թույլ տալ: «Այս գործը շինծու է, մենք վաղուց նկատել էինք այս իշխանության դավաճանական գործունեությունը, կռահել էինք, թե ուր են տանելու, ահա թե ինչի բերեց, բնականաբար մեր ոչ մեկի բնակարանից ոչինչ չկարողացան բացահայտել, առավոտ ժամը 7-ին ինձ անկողնու մեջից հանել բերել են, չհասկացա էլ ինչի համար, և ինչի համար էլ բաց թողեցին: Բնականաբար, հասարակական ճնշում եղավ, ու իրենք իրենց արածից ամաչեցին: Հասկանալի է, որ այս իշխանությունները երբ ինչ ուզում նկարում են, դրա համար էլ այ այսպես գարշահոտություն է գալիս իրենց արարքից, այսօր էլ ապացուցվեց, որ մեր ասածները ճիշտ են, ու այս իշխանությունը պետական դավաճանության քաղաքականություն է վարում»,- նշեց Մանուկյանը:

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի ավելի վաղ արած հայտարարությանը, թե ապրիլյան պատերազմի ժամանակ հայկական կողմը հողատարածք չի կորցրել, Մանուկյանը նշեց.

«Հետո կանգնեց ասեց՝ 800 հա բան ենք կորցրել, այդ ժամանակ դուք ինչո՞ւ չասեցիք՝ դուք պետական դավաճան եք, սրիկա, ինչո՞ւ համար այդքան երիտասարդների արյան գնով 160-ից ավելի երիտասարդ զոհվեց, 200 էլ դարձավ խեղանդամ, և մենք պետական տարածք կորցրեցինք, դա մի՞թե պետական դավաճանություն չէր: Իսկ մենք դեռ 2014-ից ասում էինք պետական դավաճանություն է տեղի ունենում, ինչին էլ որ մինչև հիմա ականատես է լինում ողջ տառապած ժողովուրդը»,- հարցաքննության ընթացքում հայտարարեց Պավլիկ Մանուկյանը:

Անդրադառնալով հաջորդ հարցին, թե արդյոք 2015 թվականի ամբողջ ընթացքում ու այս գործի նախաքննության փուլում Մանուկյանն ու իր գաղափարակից ընկերներից որևէ մեկը բռնություն կիրառելու կոչ է արել, Մանուկյանն ասաց, որ դեմ են բռնությանը, ու հավելեց, թե բազմիցս են հայտարարել՝ ով փորձի ձեռք բարձրացնել ժողովրդի անվտանգության վրա, անկախ դիրքից ու զբաղեցրած պաշտոնից, ազգի, պետության, պետականության թշնամին է:

«Սրանց մեղադրանքների մեջ հնչում է այսպիսի մի բան, թե ինչու եք ձեր մարտական ընկերների, գաղափարակիրների հետ նստում, բա ո՞ւմ հետ նստեմ, Սերժի հե՞տ նստեմ հաց ուտեմ, որ պետությունն ու ժողովրդիս է վերացնում: Մենք մեր տեսակն ունենք, անդավաճան առ այսօր ծառայում ենք մեր ազգին ու ծառայելու ենք»,- նշեց Պավլիկ Մանուկյանը:

Փաստաբան Արայիկ Պապիկյանը հետաքրքրվեց, թե արդյոք 2014 թվականի մայիսից Ժ. Սեֆիլյանն իր ընկերների հետ հավաքագրել է անկարգությունների պատրաստ անձանց խմբեր, արդյոք Պ. Մանուկյանն ունեցել է նման տեղեկություններ: Արձագանքելով՝ «Սասնա ծռեր» խմբի անդամը նշեց, թե զարմացած է՝ ինչպե՞ս կարող են նման արարքներ վերագրել մի մարդու, ով իր կյանքի 27 տարիները նվիրել է հայրենիքին. «Ես երբ ճանաչել եմ Ժ. Սեֆիլյանին, դեմքին մի հատ ճերմակ մազ չկար, Ժ. Սեֆիլյանը 91 թվականին առաջին գյուղ ազատագրողն էր, որի զինվորը լինելու համար ես հպարտ եմ առ այսօր ու մնալու եմ ցմահ: Նա իմ աչքի առաջ է բազմաթիվ անգամ վիրավորվել, ու ինքն է շատ անգամներ հուսալքված վիճակից մարտի հավաքել ու ազատագրման մարտի է նետել իր գումարտակի տղաներին: Ինչպե՞ս կարող են որակել մի մարդու այդպիսի ստոր մեկնաբանությամբ, որն առ այսօր իր հողի յուրաքանչյուր սանտիմետրի համար դողում է այնպես, ինչպես ամեն մի զինվորի մայր, ինչպես ամեն մի տառապած հայ զինվոր: Ժ. Սեֆիլյանն ուղղակի խանգարում էր այս գիշատիչներից շատերին ու իրերը կոչում էր իրենց անուններով, ու կոչելու ենք էլի, քանի որ ՀՀ-ում մարդու իրավունքներ հասկացություն չկա, իսկ դուք տեսնում եք՝ մեր դատարանները հանդիսանում են այն թունավոր պորտալարը, որը ժողովրդի արդար, ազնիվ նպատակները սպանում ու մտցնում է այդ գիշատիչի փորը»,- պատասխանեց Մանուկյանը:

Արայիկ Պապիկյանի հաջորդ դիտարկմանը, թե Սեֆիլյանն ու Գ. Սաֆարյանը մեղադրվում են նաև նրա համար, որ իրենց տարաբնույթ սադրիչ ելույթներով ցանկացել են նախապատրաստել զանգվածային անկարգություն, որոնցից եզրակացրել են, որ նախապատրաստում են զանգվածային անկարգություններ, Պ. Մանուկյանը նշեց.

«Եթե սադրիչ եք համարում այն ելույթները, որ ասում ենք՝ մենք գնալու ենք բռնագրավված տարածքները հետ ազատագրել, խնդրեմ, կարող եք սադրիչ համարել: Եթե սադրիչ եք համարում, որ ասում ենք՝ մեր երիտասարդ տղաներին պատրաստ ենք դիրքերից հանել ու մենք՝ հին ազատամարտիկներս, հետ վերցնել Թալիշը և Լելե Թեփեն, ապա կարող եք սադրիչ համարել: Եթե սրանք հայրենիքի այդ թանկարժեք հողերը համարում են անպիտան, ապա ինչո՞ւ Պ. Մանուկյանին ու Ժ.Սեֆիլյանին սադրիչ չեն համարի որ, կհամարեն, բնականաբար, սա է եղել մեր, այսպես կոչված, սադրիչ ելույթները:

Դուք ինձ ցույց կտաք, մեր հարգարժան իշխանություններ, մի դատախազ, մի դատավոր, որի զավակը սահմանին, չեմ ասում պատերազմին, այլ սահմանին վիրավորված կամ քթից արյուն գնացած կլինի, այ դրա համար էլ էս իշխանավորների համար հայրենիքը սահմանափակվում է խոհանոցի առած սեղանով, իսկ Ժ. Սեֆիլյանի արյունը Լելե Թեփեից ընդգծված է մինչև Մռավասար, Ժ. Սեֆիլյանի սիրտն ավելի մոտ է գտնվել էդ հողին, կամ իմը, որ էնքան ենք սողացել էդ հողի վրա կամ այդ հողի համար, այդքան իրենց սիրտն իրենց կանանց մոտ չի թրթռացել, չհաշված սիրուհիները: Ահա թե ինչի համար է մեզ համար ցավալի ամեն մի սանտիմետրը, ու ամեն մի հայի արժեքը մեզ համար ինչքան բարձր է, այնպես որ, ձեզ համար մեծագույն պատիվ է նման հերոսին գոնե դեմքով տեսնել ու ճանաչել»:

Փաստաբաններից Տիգրան Հայրապետյանն էլ հետաքրքրվեց, թե ըստ մեղադրանքի Սեֆիլյանը խմբեր է ստեղծել զորամասի, հեռուստաաշտարակի վրա գրոհ կազմակերպելու համար, արդյոք հայրենասեր մարդը նման բան կաներ: «Գրբացի մոտ էլ տանես, էդ հարցից գլուխ չի հանի, Ժ. Սեֆիլյանին 3 միլիոն հայ է ճանաչում, բոլորն էլ պատրաստ են զինվորագրվել, էդ հեռուստաաշտարակում ի՞նչ կա գրավելու»,- արձագանքեց Պ. Մանուկյանը:

Հերմինե Մկրտչյան

galatv.am

 

 

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4