Չեխական կողմը վստահեցնում է՝ զենքերն Ադրբեջանին Չեխիան չի վաճառել. ըստ լրագրողական հետաքննության՝ այն Սլովակիայից Իսրայելի միջոցով է հասել Ադրբեջան

Չեխիայում և Սլովակիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը, Tert.am—ի հետ զրույցում անդրադառնալով չեխական զենքի Ադրբեջան հասնելու մասին Չեխիայի կողմից իրականացվող հետաքննությանը, ասաց, որ այդ հարցի շուրջ հայաստանյան ԶԼՄ-ներին հստակ մեկնաբանություն է տվել Չեխիայի խորհրդարանի Սենատի նախագահ Միլան Շտյեխը նախորդ տարվա հոկտեմբերին՝ Հայաստան կատարած պաշտոնական այցի ժամանակ։

Տիգրան Սեյրանյանը նախ պարզաբանեց՝ մեծ տարբերություն կա չեխական զենք վաճառելու և «Չեխիայի կողմից զենք վաճառելու» միջև, հետո հիշատակեց Չեխիայի խորհրդարանի խոսնակի հայտարարությունը․ «Չեխական զենքերն Ադրբեջանին Չեխիայի Հանրապետությունը չի վաճառել։ Չեխիայի Հանրապետությունը հարգում է էմբարգոն․․․ հավաստիացնում եմ, որ Չեխիայի իշխանություններն ու կառավարությունը դրան համաձայնություն չեն տվել»։

Հիշեցնենք, որ դեռ նախորդ տարվա սեպտեմբերին ադրբեջանական, այնուհետև նաև այլ երկրների ԶԼՄ-ներում տեղեկատվություն տարածվեց, որ Չեխիան Ադրբեջանին է վաճառել չեխոսլովական արտադրության DANA M1 մակնիշի հրետանային և РСЗО RM-70 Vampir հրթիռային համակարգեր (արտադրող՝ Czechoslovak Group)։

Նշենք, որ դրա հետ կապված հետաքննություն էր վարել Չեխիայի հանրային հեռուստատեսությունը և  ամփոփել արդյունքներն իր կողմից պատրաստած տեսաշարում:

Չեխ լրագրողները մի շարք հարցազրույցներ են վերցրել չեխ և սլովակ պաշտոնյաներից, որից հետո գործարքի պատկերն ամբողջացել է:

Այսպես, Չեխիայի ԱԳ նախարարի տեղակալ Իվո Շրամեկը և ՊՆ խոսնակ Յան Պեյշեկը պնդում են, որ Չեխիան հարգում է միջազգային պարտավորությունները և նշված զինատեսակների արտահանման լիցենզիա չի ձևակերպել։ Միևնույն ժամանակ պարզ է դառնում, որ Czechoslovak Group-ի մաս կազմող Excalibur Army ընկերությունը Tatra մակնիշի քարշակներ է վաճառել իսրայելական Elbit Systems ընկերությանը, ինչը հատուկ լիցենզավորում չի պահանջում։

Czechoslovak Group-ի խոսնակ Անդրեյ Չիրտեկը մասնավորեցրել է, որ ընկերությունը միջազգային կանոններ չի խախտել, թեպետ նաև չի հերքել, որ երրորդ երկրների միջոցով զենքերը չեն վաճառվել Ադրբեջանին։

Ըստ չեխական հանրային հեռուստաընկերության ռեպորտաժի՝ Czechoslovak Group-ի մաս կազմող մեկ այլ ընկերություն՝ սլովակյան MSM Martin-ը, հրետանին առանձին վաճառել է նույն Elbit Systems-ին։ Այս կապակցությամբ, սակայն, Սլովակիայի էկոնոմիկայի նախարարության մամլո խոսնակ Մարոշ Ստանոն հայտարարել է, որ թեպետ Իսրայելի վրա էմբարգոն չի տարածվում, սակայն սլովակյան կողմը հրեական պետության կառավարությունից հստակ գրավոր հավաստիացում և երաշխիք է ստացել, որ վերը նշված զենքը երրորդ երկրի չի վաճառվելու։

Ըստ ամենայնի, իսրայելական ընկերությունը, ստանալով առանձին քարշակները և հրետանահռթիռային համակարգերը, դրանք միացրել է իրար և արտահանել Ադրբեջան՝ չկատարելով իր հավաստիացումները:

Հետաքննության մեջ, որպես  փաստ, կարելի է առանձնացնել՝ նշված զինատեսակներն արտադրվել են Չեխոսլովակիայում (այնուհետև՝ Չեխիայում և Սլովակիայում) 1984-1994թթ.: DANA M1-ից արտադրվել է առնվազն 850 միավոր։ Նաև փաստ է՝ 2000-ականների կեսից Czechoslovak Group արդյունաբերական խումբը (սեփականատեր-նախագահ՝ Յորոսլավ Ստրնադ) Excalibur Army ընկերությունում անց է կացնում դրանց ամբողջական արդիականացումը, ժամանակակից էլեկտրոնիկա տեղադրում դրա վրա։

Կարելի է եզրակացնել, որ Czechoslovak Group-ի սեփականատեր-նախագահ Յարոսլավ Ստրնադը երրորդ երկրի միջոցով նշված զինատեսակները նպատակադրված վաճառել է Ադրբեջանին, սակայն օրենսդրության և Չեխիայի միջազգային պարտավորությունների տեսակետից նրանից դժվար է «հաշիվ պահանջել»։ Չեխիայի և Սլովակիայի պաշտոնյաները հերքում են իրենց ներգրավվածությունն այս գործարքի մեջ:


Յարոսլավ Ստրնադ, Czechoslovak Group-ի սեփականատեր

Tert.am-ը չեխական զենքի՝ Ադրբեջան հասնելու հետաքննության ընթացքի մասին պաշտոնական  տեղեկատվություն է խնդրել նաև ՀՀ-ում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկիսկայից: Պատասխանը կհրապարակվի առաջիկայում:

 

Հռիփսիմե Հովհաննիսյան

tert.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,