June 6, 2023

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները գոհ են Մակրոնի հետ դրական շեշտադրումներով հանդիպումից

Դրական շեշտադրումներ՝ դրական ակնկալիքներով. Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի կազմակերպած ամենամյա ընթրիքի անցկացումն այսպես բնորոշեց Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը:
«Հետաքրքրական երեկո էր, որովհետև առաջին պաշտոնական մեր հանդիպումն էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Նրա հետ նոր կապեր հաստատելը շատ դրական է: Նախագահի առջև մեր խոսքը ներկայացրեցինք Թուրքիայի, Ադրբեջանի, Արցախի հարցով, խոսեցինք ֆրանսահայ համայնքի մտահոգությունների մասին` Հայոց ցեղասպանության ժխտողականության հարցի հետ կապված: Մեր բոլոր պատգամները փոխանցեցինք: Ի դեպ, շատ կարևոր էր, որ պարզապես ելույթներ չհնչեցին, երկխոսություն եղավ նախագահի հետ»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Մուրադ Փափազյանը:
Նա Ֆրանսիայի նախագահի ելույթից մի քանի կարևոր շեշտադրում առանձնացրեց, նախ այն, որ Ֆրանսիայի Հանրապետության օրացույցում Հայոց ցեղասպանության հիշատակման համար օր ամրագրվի: Դրանից բացի, նա առանձնացրեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու գործընթացին նոր ընթացք տալու դիտարկումը:
Իր խոսքում Ֆրանսիայի նախագահն անդրադարձել է նաև Արցախի խնդրին` նշելով, որ Ֆրանսիան իր աշխատանքը կակտիվացնի դիվանագիտական դաշտում:
«Ես իմ խոսքում իրեն հրավիրեցի Արցախ: Ֆրանսիայի նախագահն ասաց, որ մեզ հետ կգա Արցախ, երբ խնդիրը լուծված լինի: Սա նշանակում է, որ նա պատկերացնում է այցելություն` հայկական Արցախ»,-ասաց Մուրադ Փափազյանը:

1in.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4