
Խորհրդարանում լինելը երբեք ինքնանպատակ չի կարող լինել. խորհրդարանը քաղաքական ուժի զինանոցում մի միջոց է։ Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ՀԱԿ կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։
Նրա խոսքերով, իհարկե, կան քաղաքական ուժեր, որոնց համար խորհրդարանում լինելը երազանքների սպառում է նշանակում և դրանից ավելի չեն էլ ցանկանում։ «Այսօր խորհրդարանում ներկա բոլոր ուժերը հենց այդպիսին են։ Բայց լուրջ քաղաքական ուժի համար խորհրդարանն ընդամենը գործիք է ավելի մեծ պայքարում նպատակների իրագործման համար։ Օրինակ՝ երբ մենք խորհրդարանում էինք, խորհրդարանական գործունեությունը ընդամենը մեր գործի մի մասն էր։ Խորհրդարանական գործունեությունն ուղղակի օժանդակում էր մեր ավելի մեծ քաղաքական գործընթացին։ Օրինակ՝ եռյակի, քառյակի գործունեությունը, այսինքն՝ մենք դեռ 2008-ից խնդիր էինք դրել Հայաստանում իշխանափոխություն կատարել, և բնական է, որ եթե նման խնդիր ես դնում, պետք է քաղաքական պրոցեսն ավելի լայն դիտարկվի, նաև փողոցում ակտիվություն, ժողովրդի մոբիլիզացիա»։
Լևոն Զուրաբյանը խոստովանեց, որ թեև 10 տարի նվիրեցին իշխանափոխություն իրականացնելու գործին, բայց դա չստացվեց. «Բայց մի վիճակում, երբ հնարավոր չէ իշխանափոխության գործընթաց իրականացնել, նման պայմաններում խորհրդարանում լինելը առանձին վերցրած անիմաստ գործ է։ Իհարկե, լավ կլիներ, որ այդ ամբիոնը լիներ, որ մենք օգտագործեինք այդ ամբիոնը, որովհետև խորհրդարանում ասված խոսքն ավելի հեշտ է տարածվում։ Հիշեցնեմ, որ մինչև մեր՝ խորհրդարանում լինելը, մեր խոսքը լսելի էր։ Այն ժամանակ կար քաղաքական գործընթաց, որը սկսեց Լևոն Տեր-Պետրոսյանը 2007 թվականին՝ նախագահական ընտրություններին իր մասնակցության հայտը ներկայացնելով։ Պետք է ընդունենք, որ դա ավարտվեց, իշխանություններին հաջողվեց, ցավոք, հասնել իրենց նպատակին, Հայաստանում ստեղծել ապատիայի իրավիճակ, երբ խորհրդարանը լրիվ գտնվում է իրենց վերահսկողության տակ՝ մինչև վերջին պատգամավորը, և ոչինչ չի կարող վտանգել իշխանության դիրքերը»։
1in.am
Leave a Reply