November 30, 2020

«Սարդարապատ» շարժումն առաջարկում է համախմբվել ոչ թե անձերի, այլ գաղափարի շուրջ

1995 թվականից հետո ընտրությունների միջոցով Հայաստանում իշխանություն չի փոխվել, ընդհակառակը՝ էլ ավելի է ամրապնդվել ձեւավորված  ավտորիտար ռեժիմը: Այս մասին հուլիսի 30-ին «Սարդարապատ» շարժման Ազգային խորհրդարանի իրավական հանձնաժողովի երկրորդ նիստի ժամանակ հայտարարեց «Սարդարապատ» շարժման անդամ Ալբերտ Բաղդասարյանը: Նրա խոսքով՝ եթե ժողովրդավարական մեթոդներն արդյունավետ չեն իշխանափոխություն իրականացնելու համար, ապա հաջորդ տարբերակը ռազմական հեղաշրջումն է:  «Սակայն փորձը  ցույց է տալիս, որ այդ տարբերակը արդյունավետ լինել չի կարող»,-նշեց Բաղադասարյանը: Նա հիշեցրեց, որ Հայաստանում հեղաշրջում եղել է 1998 թվականին, ինչը ցույց տվեց, որ երկրում որեւէ բան չփոխվեց: «Մոնոպոլիաները, բեսպրեդելը չվերացավ, փոխարենը գեղեցիկ խոսքերը շատացան»,-նշեց Բաղդասարյանը:

Ըստ նրա՝ շատ կարեւոր է նաեւ ընտրություններից առաջ հասարակական համախմբումը, սակայն Հայաստանում համախմբում ասելով բոլորը հասկանում են հավաքվել անձի շուրջ: Այսպես եղավ 1996-ին, 2003-ին եւ 2008-ին: Առաջինի ժամանակ համախմբումը տեղի ունեցավ Վազգեն Մանուկյանի, երկրորդ դեպքում՝ Ստեփան Դեմիրճյանի, եւ երրորդ դեպքում՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի շուրջ, սակայն այդ համախմբումն այդպես էլ առարկայական արդյունք չտվեց:  «Պետք է վերանալ անձերից, միավորման համար անհրաժեշտ է գաղափար՝ անձնականից վեր»,-նշեց «Սարդարապատի» անդամը:

Նրա ներկայացմամբ՝ արդար ընտրություններ անցկացնելու համար պետք է նաեւ փոխել դատական համակարգը, որն, ըստ Սահմանադրության, կախվածության մեջ է երկրի նախագահից: Իսկ որպեսզի հնարավոր լինի փոխել դատական համակարգը, ըստ Բաղդասարյանի, հարկավոր է փոխել Սահմանադրությունը, որն էլ, նրա խոսքով, ամրապնդում է երկրում առկա ավտորիտար ռեժիմի հիմքերը: «Դատական համակարգը փոխել՝ դատական համակարգին չդիպչելով, հնարավոր չէ: Դատավորներ փոխելով համակարգը չի փոխվում»,-նշեց Բաղդասարյանը՝ հավելելով, որ այդ համակարգը պետք է նոր սահմանադրությամբ լիովին առանձնացնել նախագահի համակարգից:  «Մեկ անգամ արդար ընտրություններ անցկացնելը կմաքրի անցած 15 տարվա ընթացքում ընտրությունների միջոցով կատարված բոլոր կեղծիքները»,-նշեց «Սարդարապատ» շարժման ներկայացուցիչը:

NEWS.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4