September 25, 2020

«Թուրքիան մեծ քանակությամբ ռազմական տեխնիկա և զինուժ է կուտակում Երևանից 60 կմ հեռավորության վրա». Արման Նավասարդյան

«Էրդողանը, լինելով խորամանկ, շատ ճկուն, նաև՝ էքսցենտրիկ քաղքական գործիչ, սխալ է գնահատում իր հնարավորությունները։ Մարդն ուզում է դառնալ երրորդ աշխարհի առաջնորդ և ճանապարհներ է փնտրում։ ԱՄՆ-ի հետ նրա հարաբերությունների վատթարացումը պայմանավորված է միայն մի բանով․ նա հույս ունի Ռուսաստանի միջոցով հասնել լուծման։ Ես համոզված եմ, որ ՌԴ-ի և Թուրքիայի հարաբերություններն իրավիճակային են և շատ հեշտությամբ կարող են փոխվել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման տեսակետ հայտնեց արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը։

Թուրքիայի վերջնական նպատակը, ըստ Նավասարդյանի՝ միջուկային զենք ձեռք բերելն է.

«Եվ նա կարող է հասնել դրան, այսօրվա տեխնոլոգիայի պայմաններում դա հնարավոր է։ Եթե ատոմակայանը կառուցվի, դա ինքնին մի քայլ կլինի, և երկրորդ՝ այսօր այնպիսի իրադրություն է ստեղծված, որ կարող են այդ զենքը ոչ թե իրենց մոտ ստեղծել, այլ ուրիշից ձեռք բերել։ Այսօրվա տվյալներով՝ 40 պետություն կարող է ձեռք բերել միջուկային զենք»։

Դեսպանն ընդգծեց՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երբեք չի կարող անել այն, ինչ կարող են անել Պուտինը կամ Էրդողանը.

«Հիմա ամերիկյան քաղաքականությունը հետաքրքիր զարգացումներ է ապրում, ամբողջ աշխարհի քաղաքական դիմանկարն է փոխվում այսօր։ Այնպես որ, ես Էրդողանին չէի համեմատի Թրամփի հետ, Էրդողանն անցողիկ ֆիգուր է, և այն, ինչ որոշ մասնագետներ կանխատեսում են՝ ուշ թե շուտ Թուրքիայի կայսրության փլուզում կամ մասնատում, դա համապատասխանում է իրականությանը»։ Լրագրողի հարցին՝ Ալիևը կարո՞ղ է ոգևորվել տարածաշրջանում առկա վիճակից և Արցախի հանդեպ հերթական ոտնձգությունն անել, դեսպանն այսպես պատասխանեց.

«Չեմ կարծում, որովհետև քաղաքական կոնյունկտուրան աշխատում է նրա դեմ։ Նա չի համարձակվի գնալ այդ քայլին՝ հասկանալով, որ կարող է ամեն ինչ կորցնել։ Այսօր Հայաստանին վտանգ է սպառնում Նախիջևանից՝ թուրք-ադրբեջանական հարաբերությունների զարգացման ենթատեքստում։ Մեր դիվանագիտության ուշադրության կիզակետում պետք է այս հարցը լինի, հատկապես՝ կապված Ռուսաստանի հետ, որովհետև Նախիջևանի խնդիրն առաջին հերթին՝ առնչվում է 1921թ. Մոսկվովյան և Ղարսի պայմանագրերի հետ․ պետք է հասնենք դրանց վերանայմանը, որովհետև այն, ինչ այդ պայմանագրերում նշված է՝ Ադրբեջանի պրոտեկտորատ լինելու վերաբերյալ, այսօր կարծես երկրորդական պլան է մղվում։ Թուրքիան մեծ քանակությամբ ռազմական տեխնիկա և զինուժ է կուտակում Երևանից 60 կմ հեռավորության վրա»։

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4