July 19, 2019

ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԶՄ

Վանինե Եղիազարյան. Մասնագիտությամբ տնտեսագետ, Մայնի Ֆրանկֆուրտի համալսարանիտնտեսագիտության ֆակուլտետի մագիստրանտ

Կես տարի էր` Հայաստանումչէիք, փոփոխություններնկատո՞ւմ եք:

Հայաստանից դուրս գտնվելու ողջ ընթացքում մեկ վայրկյան իսկ չեմ դադարել ինձ երկրում ընթացող գործընթացների մաս զգալ: Սա մեծ հաշվով ես համարում եմ Շարժման կամ ավելի կոնկրետ` փետրվարյան Ազատության հրապարակի ձեռքբերում: Հեռվում լինելը մի շարք թերությունների հետ մեկտեղ (կարոտ, պայքարող ընկերներիս հանդեպ մեղքի զգացում) տալիս է պատկերն առավել համալիր ու ամբողջական տեսնելու հնարավորություն, ինչը չափազանց բարդ է, երբ ներսում ես գտնվում ու ոչ քաղաքական տեսաբան ես, ոչ էլ հոգեբան:

Հիմնական փոփոխությունը, ըստ իս, հասարակական աճող ակտիվությունն է: Նորություններին շարունակ հետևելիս տեսնում եմ, որ գնալով ավելանում են այս կամ այն խնդրի շուրջ իրենց բողոքը բարձրաձայնելու համար ինքնակազմակերպվող սոցիալական տարբեր խմբերը: Եթե այս հարցը դիտարկենք զուտ սոցիալ-տնտեսական լույսի ներքո, ապա սա ոչ այլ ինչ է, քան արհմիությունների կազմավորման էվոլյուցիոն գործընթաց: Իսկ բարոյահոգեբանական հարթության մեջ սա խոսում է քաղաքացիական գիտակցության բարձրացման մասին: Այսինքն` բողոքի կազմակերպված արտահայտման միջոցով արդյունքի հասնելու նկատմամբ հավատն աստիճանաբար վերականգնվում է: Այս մեծ հոգեբանական փոփոխության ակունքները ես տեսնում եմ 3 տարի առաջ սկիզբ առած Շարժման մեջ: Մինչ այդ տիրող համատարած լճացման պայմաններում դժվար էր պատկերացնել այնպիսի հիպերակտիվ հասարակական կյանք, ինչպիսին այսօրվա Հայաստանում է տիրում: Այս ամենով հանդերձ, ցավոք, դեռևս մեծաթիվ են կողքինի ոտնահարված իրավունքի կամ բողոքի ձայնի նկատմամբ անտարբերները:  

Նշեցիք փոփոխությունների մասին, բայց կարծեսիշխանափոխության մասին խոսք չկա: Կիրգիզիայում այն մեկգիշերվա մեջ եղավ: Ինչո՞ւ է այն մեզանում ուշանում:

Շատերը Հայաստանում նախանձով կամ հիացմունքով են նայում Կիրգիզիայի դեպքերին, սակայն նման դեպքերն ինձ միայն անձնական ցավ են պատճառում: Դրանք ես համարում եմ մարդ էակի` իր միջի գազանի նկատմամբ պարտության դրսևորում: Չմոռանանք, որ այնտեղ ընդդիմությունը զինված էր և իր նպատակին հասնելու համար պատրաստ էր ամեն ինչի: Այսինքն` մարդը իր միջի վրեժի զգացումը, արդարության հասնելու զգացումը և այլ զգացումներ ավելի բարձր է դասում, քան «մի սպանիր»-ը: Սա ես համարում եմ մարդկային ողբերգություն:

Այս ամենով հանդերձ, ես միանգամայն խրախուսում եմ ապստամբությունները կամ քաղաքացիական անհնազանդությունը, եթե դրանք արվում են միայն հակառակորդի նյարդերի, այլ ոչ զրահի ամրությունը փորձելու նպատակով: Պատկերացրեք մի իրավիճակ, երբ հասարակության մեծամասնությունը մեկ բռունցք դարձած համատարած քաղաքացիական անհնազանդություն է դրսևորում իշխանությունների դեմ` գործադուլների, դասադուլների, տարատեսակ ապրանքների ու ծառայությունների բոյկոտի, զանգվածային բողոքի ցույցերի տեսքով` հնարավորինս բացառելով ֆիզիկական ուժի կիրառումը կամ գանդիական լեզվով` ոչ բռնի դիմադրություն ցուցաբերելով: Ցանկացած բռնապետական վարչակարգ նման պայմաններում մի քանի ժամվա մեջ պարզապես փուլ կգա: Ընտրական համակարգի իմպոտենտության պարագայում իմ պատկերացրած իշխանափոխության իդեալական մեխանիզմը հենց սա է: Հիմա ցանկանո՞ւմ ենք Հայաստանում հասնել իշխանափոխության, պետք է հասարակության մեծամասնությանը դարձնենք մեկ բռունցք: Ընդ որում` ակտիվ, շարժունակ, նախաձեռնող, անհրաժեշտության դեպքում ենթարկվող բռունցք և ոչ միայն խոհանոցում ու ինտերնետային տարբեր ֆորումներում խիզախորեն թափահարվող բռունցք:

Այնուամենայնիվ, բացի հոգեբանականից, ուրիշ ի՞նչփոփոխությունների անհրաժեշտություն եք զգում:

Ինձ համար Հայաստանի ամենահիմնական պրոբլեմը մրցակցային ոգու բացակայությունն է: Զուտ մարդկայնորեն ես չեմ ընդունում մրցակցության գաղափարը: Իմ պատկերացրած իդեալական հասարակությունում չկա մրցակցություն, մարդը զբաղվում է իր սիրած գործով, վաստակում է իր նվազագույն կարիքների համար, շատ մեծ պահանջներ չունի կյանքից: Բայց քանի որ նախ` ժամանակակից հասարակությունը շատ հեռու է իմ իդեալից, բացի այդ` ես տնտեսագետ եմ և ինչ-որ տեղ նաև ռացիոնալ մտածելակերպի կրող (իդեալը` իդեալ, իրականությունը` իրականություն), հասարակության ներսում մրցակցության ոգին համարում եմ կենսական անհրաժեշտություն` ժամանակակից աշխարհի փոփոխություններին դիմակայելու համար: Ընդ որում, մրցակցության ոգին Հայաստանի պարագայում պետք է արտացոլված լինի միաժամանակ և ընտրական համակարգի, և տնտեսության մեջ: Քանի դեռ երկրի ներսում իսպառ բացակայում է մրցակցության ոգին, այդ երկիրը չի կարող լինել արժեք արտահանող: Ընդ որում` խոսքը գնում է ոչ միայն նյութական, այլև հոգևոր արժեքների մասին:

Որպես տնտեսագետ` «100 քայլ» ծրագրի մասին ի՞նչ կասեք:

«100 քայլը» ընդհանուր առմամբ դրական եմ գնահատում: Առանձին քայլերի չեմ անդրադառնա, միայն կասեմ, որ ծրագրում հատկապես հաճելիորեն զարմացրեց սոցիալական պաշտպանությանը միտված քայլերի առատությունը: Ոմանք կարծիք հնչեցրին, թե Բագրատյանը, լինելով լիբերալ հայացքների տեր տնտեսագետ, սոցիալիստական ծրագիր է առաջ քաշում:  Ես համարում եմ տարրական անգրագիտություն, երբ նախ` սոցիալական ծրագիրը նույնացնում են սոցիալիստական գաղափարախոսության հետ, և երկրորդ` երբ ժամանակակից աշխարհում իրենց կենսունակությունը չկորցնող խառը տնտեսակարգերի առկայության պարագայում սոցիալիզմն ու կապիտալիզմը համարում են միմյանց ամբողջապես փոխադարձ բացառող կատեգորիաներ: 

Ինչ վերաբերում է իշխանությունների կողմից «100 քայլը» կյանքի կոչելուն, չեմ բացառում առանձին քայլերի իրագործումը, բայց ծրագիրն ամբողջական տարբերակով անհնար է կյանքի կոչել այս իշխանությունների պարագայում: Ծրագրում տեղ գտած մի քանի կետեր` կապված հարկային և մաքսային վարչարարության փոփոխությունների, ինչպես նաև գործարարության խրախուսման հետ, կաթվածահար կանեն ավազակապետական համակարգը: 

Ձեր կարծիքով, թանկացումները, խորացող ճգնաժամը սոցիալականբունտի կհանգեցնե՞ն:

Միանշանակ պատասխան այդ հարցին չեմ կարող տալ: Փորձը ցույց է տալիս, որ մեր հասարակությունը ոտքի չի ելնում միայն սոցիալական խնդիրների պահանջով, սակայն բացառություններ և անկանխատեսելի զարգացումներ միշտ էլ հնարավոր են: Այս տեսանկյունից 2007-ի Շարժումը այնքանով էր բարձր, որ սոցիալական խնդիրները չէին առաջնային պլանում, այլ սեփական երկրին տեր կանգնելու գիտակցությունը: Այդ իմաստով ես ամենևին էլ էքստրեմիստական չեմ համարում ազատագրական պայքարի հետ տարվող զուգահեռները: 

Այս ընթացքում ստեղծվեցին նախաձեռնություններ, որոնք ակտիվսկսեցին քննարկումներ կազմակերպել, որոնք գտնում են, որ ավելիշատ մտքերի, գաղափարների դաշտում անելիքներ ունենք:

Մտքերի դաշտում անելիք միշտ կա: Անգամ ընդունված չափանիշներով զարգացած համարվող հասարակություններում է գաղափարական բանավեճը շարունակական բնույթ կրում: Սակայն ներկայիս Հայաստանում երկրի ապագայով մտահոգ անձանց` հատկապես մտավորականների թիվ մեկ խնդիրը, ըստ իս, պետք է լինի քաղբանտարկյալների ազատությունը: Դրանից առավել արդիական հարց ես չեմ տեսնում Հայաստանում: Բացի այդ, երբեմն այդ քննարկումներն այնքան մերկապարանոց են և ինքնանպատակ, որ հեռվից նայողի մոտ միայն ժպիտ են առաջացնում: Ցանկալի կլիներ, որ գաղափարական դաշտում իրենց բարձր առաքելությանը զուգընթաց այդ մարդիկ նաև երբեմն-երբեմն մասնակցեին, ասենք, երիտասարդների ուրբաթօրյա ակցիաներին` այդպիսով գոնե ոգեշնչելով նրանց:

Կարծես թե ընդդիմության հասցեին քննադատություններ չեքընդունում: Կարծում եք` դրա առիթը ընդդիմությունը երբևէ չի՞ տվել:

Ընդդիմության հասցեին քննադատություններ ընդունում եմ, ընդդիմության պառակտման փորձեր չեմ ընդունում: Ինձ համար ՀԱԿ-ը առաջին հերթին կենսունակ կառույց է: Թե այդ կենսունակությունն ապահովում է իր բրգաձև, գլանաձև, գնդաձև, թե քառակուսի ձևը, ինձ այնքան էլ չի հետաքրքրում: Գոնե ինձ համար` որպես ընդդիմության ակտիվիստ, ՀԱԿ-ը միշտ եղել է բաց կառույց: Ունեցել եմ որևէ առաջարկ, ինձ մշտապես լսել են: Առաջարկս չեն ընդունել, հիմնավորել են: Այլ հարց է, որ հիմնավորումները ինձ երբեմն չեն համոզել, սակայն փոխադարձ հարգանքի մթնոլորտը երբեք չի խաթարվել:

Ընդդիմադիր որոշ շրջանակներում ժամանակ առ ժամանակ հնչում են նոր ընդդիմություն ստեղծելու անհրաժեշտության մասին խոսակցություններ, որոնք առավելապես ծագում են իբր նոր առաջնորդ ունենալու անհրաժեշտությունից` մոռանալով, որ ընդդիմության առաջնորդը նշանակովի պաշտոն չէ:

ԶՐՈՒՑԵՑ ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆԸ

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4