
«Ելք» դաշինքը երթ է անում ընդդեմ թանկացումների։ Ակցիան մեկնարկել է Երեւանի Շառլ Ազնավուրի հրապարակում՝ «Մոսկվա» կինոթատրոնի մերձակայքում։
Երթը կմեկնարկի Շառլ Ազնավուրի հրապարակից, դեպի Աբովյան փողոց-Հանրապետության հրապարակ-Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա-Սայաթ-Նովա-Թումանյան փողոց, եւ կավարտվի Հյուսիսային պողոտայում։
Դաշինքի իրազեկման մեջ ասվում է, թե «համատարած թանկացումները 2018 թվականի առաջին օրերից ծավալվում են նոր ուժով՝ էլ ավելի սրելով ծայրահեղ ծանր սոցիալական վիճակը։ Ո՛չ թանկացումներին եւ հարկային բեռի ավելացմանը»։
«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտնել էր, թե երթի « հիմնական կարգախոսն է՝ «վերջ թանկացումներին» եւ որի հիմնական նպատակն է կասեցնել թանկացումների հետագա ծավալումը»: «Դա պետք է տեղի ունենա Հարկային օրենսդրության փոփոխության միջոցով, որը պետք է Խորհրդարանը ընդունի բացառապես հանրային ճնշման ներքո»,- ասել էր Փաշինյանը։
Նշենք, որ 2018 թվականի սկզբից մի շարք առաջին անհրաժեշտության ապրանքների, վառելիքի գները զգալի աճ արձանագրեցին, առաջիկայում նոր թանկացումներ են սպասվում։
Իշխանության ներկայացուցիչներն ու իրեն ընդդիմադիր հռչակած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը երթին չեն մասնակցելու. Նրանք մասնակցելու են նախագահի առաջարկով եւ Ազգային ժողովի նախագահի նախաձեռնությամբ գնաճի մեղմման հնարավորությունների վերաբերյալ հունվարի 23-ին կայանալիք խորհրդարանական լսումներին։
news.am
Leave a Reply