June 6, 2023

Բնակարանը չունի ջուր ու ջեռուցում. Գուրգեն Մահարու 95-ամյա կինն ապրում է անմարդկային պայմաններում (լուսանկարներ)

Հայ անվանի գրող Գուրգեն Մահարին Սիբիրում անցկացրած աքսորի տարիներին հանդիպում է լիտվացի Անտոնինա Պավլիտայատեին, ով նույնպես աքսորվել էր Սիբիր, քանի որ հանդիսանում էր Լիտվայի համար պայքարող ընդհատակյա կազմակերպության անդամ: Անտոնինան դառնում է Մահարու կինն ու կյանքի ուղեկիցը։ Հիմա Անտոնինա Մահարին 95 տարեկան է և ապրում է Երևանի Կասյան փողոցում:
NEWSPRESS.am-ի հետ զրույցում Անտոնինայի հարևաններից Սվետլանա Սահակյանն ընդգծեց, որ հարևանները միշտ հետևում են կնոջն ու օգնում նրան:

gurgen mahari 1

Հարևանները նշեցին, որ բնակարանը դարձել է Մահարու թանգարանը: Կինը խնամքով պահպանում է մեծ գրողի բոլոր իրերը, լուսանկարներն ու ձեռագրերը: Բնակարանի դռան վրա դեռ պահպանվում է Գուրգեն Մահարու անունն ու ազգանունը: Ս. Սահակյանը պատմեց, որ 60-ական թվականներին այս շենքն անվանում էին գրողների շենք, քանի որ այստեղ ապրում էին հիմնականում գրողները:

gurgen mahari 2

«Այստեղ են ապրել Պարույր Սևակը, Համո Սահյանը: Այստեղ ապրել է նաև Ազատ Շահինյանն ու դերասան Գուժ Մանուկյանի ծնողները: 15 տարի է, ինչ այստեղ եմ ապրում ու կարող եմ ասել, որ Անտոնինային հարևանները միշտ օգնում են: Երբ 1-2 տարի առաջ նա ծանր հիվանդացավ, մենք ամեն օր խնամում էինք նրան: Նրա կողքի հարևանն ամեն օր առևտուր է անում ու տալիս Անտոնինային»:

Մասնագիտությամբ բժշկուհի Սվետլանան հիացմունքով նշեց, որ չնայած Անտոնինան 95 տարեկան է, սակայն նրա միտքն ու մտածելակերպը երբեք չի ծերացել:

gurgen mahari 3

«Նա 95 տարեկան է, սակայն ամեն օր կարդում է: Նա նույնիսկ գրքեր է գրում ու տպագրում: Ես միշտ կարդում եմ նրա գրած հոդվածները, իսկ Անտոնինան ոգևորվում է, երբ տեսնում է հարևանները կարդում են իրեն: Նա շատ մարդամոտ է և շփվող: Ճիշտ է՝ նա պահպանում է իր երկրի հատկությունները, սակայն կոնտակտային մարդ է»:

Սվետլանան ընդծեց նաև, որ Անտոնինան ապրում է անմարդկային պայմաններում, քանի որ բնակարանը չունի ջուր և ջեռուցում:

gurgen mahari

«Նա ապրում է ցրտի ու անմարդկային պայմանների մեջ: Տարիներ առաջ մարդ եկավ, որ լուծի ջրի ու ջեռուցման հացը, սակայն Անտոնինան չհամաձայնվեց: Նա տարօրինակ մարդ է ու շատ հաճախ ասում է, որ Սիբիրի ցուրտը տեսել է ու սա նրա համար ոչինչ է: Պայմաններն անմարդկային են, սակայն նա ապրում է այդտեղ: Նա ապրում է մի փոքրիկ սենյակում, որը կարծես թանգարան լինի: Երբ զրուցում ես, Անտոնինան փորձում է զրուցակցին հաղորդակից դարձնել իր ամուսնու՝ Գուրգեն Մահարու մասին հուշերի հետ: Այսպիսի տարօրինակ, բայց նաև հետաքրքիր կին է Անտոնինա Մահարին»:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4