June 6, 2023

Հարկային օրենսդրության փոփոխություններում ԵԱՏՄ-ն անելիք չունի. սա միայն մեր խնդիրն է, մենք ենք այսպես որոշել. տնտեսագետ

Վերջին տարիներին ստեղծված տնտեսական միջավայրից բացի այս հարկային օրենսգիրքը, կարծես, ևս  մի ավելորդ հարված էր սպառողների համար: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՊՏՀ միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի վարիչ, տնտեսագիտության դոկտոր Դիանա Գալոյանը: Նրա խոսքով՝ նոր Հարկային օրենսգիրքը երկակի ազդեցություն է թողնում՝ և՛ եկամուտների կրճատման, և՛ ապրանքների գների բարձրացման վրա։ Եվ այս պայմաններում արտագաղթի տեմպերի աճն անխուսափելի է: «Այս պայմաններում, երբ կա ԵԱՏՄ մաքսային միասնական դրույքաչափերով թանկացումների խնդիրը, պատժամիջոցների կիրառման հետևանքով մենք խնդիր ունենք ռուսական ռուբլու հետ, ընդհանուր տարածաշրջանում լարվածություն կա, այս հարկային օրենսգիրքը, կարծես, մի հատ էլ ավելորդ հարված էր սպառողների համար»,- նշեց տնտեսագետը:

– Հունվարի 1-ից մի շարք ապրանքների գներ բարձրացել են:  Տարբեր կարծիքներ են հնչում, մի մասը նշում է, որ դա ԵԱՏՄ-ով է պայմանավորված, մյուս մասը հայտարարում է, թե դա ներքին օրենսդրության խնդիր է: Հստակեցնենք, ո՞րն է հունվարի 1-ից գրանցված գնաճի պատճառը:

– Թանկացումները հիմնականում պայմանավորված են Հարկային օրենսդրության փոփոխությամբ՝ ակցիզային հարկի բարձրացմամբ: Սա պարզապես Հայաստանի ներտնտեսական խնդիր է, որևէ ինտեգրացիոն խմբավորում հարկային բազայի միասնականացում չի ենթադրում և դա նորմալ է: Համաշխարհային տնտեսության մասշտաբով նայենք ինտեգրացիոն գործընթացներին: Վերցնենք Եվրամիությունը՝ որպես տարածաշրջանային ինտեգրման դասական օրինակ, որովհետև այսօր որևէ տարածաշրջանում ինտեգրման ավելի բարձր մակարդակի հասած երկրներ, քան Եվրամիությունում է, գոյություն չունեն: Եվ որևէ տարածաշրջանային խմբավորում, եթե դա դիտարկում ենք տնտեսության տեսանկյունից, չի ենթադրում հարկային օրենսդրության միասնականացում: Այդպիսի բան չկա, որովհետև ինտեգրվող երկրները հաճախ ելնելով իրենց մեծությունից, բնակչության թվաքանակից, զարգացման մակարդակներից, չեն կարողանում սինխրոնիզացնել հարկային դրույքաչափերը: Այսինքն`նույն Գերմանիան հարկային օրենսդրության առումով չի կարող ոտք մեկնել Լիտվայի հետ, որովհետև դրանք շատ տարբեր են իրենց մասշտաբներով: Նույնը ԵԱՏՄ շրջանակում է:

– Եթե ներքին օրենսդրությամբ է պայմանավորված, այդ դեպքում պատճառը ո՞րն է հարկային օրենսդրության փոփոխության և ակցիզային հարկերի բարձրացման:

-Հարկային օրենսդրության փոփոխությունը, կարծես թե, մեզ պարտադրված է եղել Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից: Դեռևս մեկ տարի առաջ էին այս խոսակցությունները պտտվում, որ ԱՄՀ-ի պարտադրանքով է հարկային օրենսդրության փոփոխությունը տեղի ունեցել և ԵԱՏՄ-ն այստեղ անելիք չունի: Ակցիզային հարկի փոփոխությամբ թանկացումներ, այո՛, սպասվում են: Բենզինի ակցիզային հարկը 25 հազար դրամից դարձել է 40 հազար դրամ 1000 լիտրի համար, իսկ նախկինում մենք սեղմած գազի դեպքում չունեինք ակցիզային հարկ, հիմա գործում է 25 հազար դրամի ակցիզային հարկ 1000 խմ-ի պարագայում: Միայն այս երկու ապրանքը բավարար են, որպեսզի սա շղթայական ռեակցիայով տարածվի այլ սպառողական ապրանքների գների բարձրացման վրա: Սրանք գնագոյացնող ապրանքներ են, և օրինակ, կարծում եմ՝ հացի դեպքում կլինի նվազագույնը 25 դրամ թանկացում: Իսկ մենք լավ գիտենք, որ արտադրողները նման շանսից օգտվում են և 25 դրամի փոխարեն միանգամից 40 դրամ կբարձրացնեն: Այսինքն` հարկային օրենսդրությունը միայն մեր խնդիրն է, մենք ենք այսպես որոշել:

– Նույն Հարկային օրենսգրքով հունվարի մեկից գործում են եկամտահարկի այլ դրույքաչափեր: Օրինակ` 150 հազար դրամից մինչև 2 մլն դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիների եկամտահարկը 26 %-ի փոխարեն լինելու է 28 %, իսկ մինչև 150 հազարի դեպքում 23 տոկոս է սահմանվել: Համեմատվելով ԵԱՏՄ մյուս երկրների հետ` մեզ մոտ եկամտահարկը կրկնակի բարձր է: Օրինակ՝ Ռուսաստանում և Ղազախստանում եկամտահարկը 11-14 %-ի միջակայքում է: Հնարավո՞ր չէ ՀՀ-ում էլ մինչև 15 տոկոս եկամտահարկ սահմանել:

– Ճիշտ չէ Ղազախստանի և Ռուսաստանի հետ համեմատվելը, միգուցե տնտեսական զարգացման մակարդակով նրանք համադրելի երկրներ են, բայց հարցը երկրների փոքր և մեծ լինելու մեջ է, ոչ թե այն, որ մենք միևնույն տնտեսական միության մեջ ենք: Հայաստանի Հանրապետության բյուջեի եկամուտների մեծ մասը կազմում են հենց հարկային եկամուտները, և դժվար թե հնարավոր լինի ՀՀ-ում հարկերը իջեցնել 11-14 տոկոսի սահմանի: Բայց միգուցե հնարավոր էր չբարձրացնել տոկոսադրույքները, չընդունել օրենսգիրքը այս ձևով, որովհետև առանց այն էլ սպասվում են թանկացումներ: Այսինքն, բացի նրանից, որ մեզ ինֆլյացիա է սպասվում, մի հատ էլ եկամուտների կրճատում է լինում, սա ավելի կուժգնացնի ինֆլյացիան ՀՀ բնակչության համար: Սա իր հերթին կարող է տանել նրան, որ աշխատողները կսկսեն էլ ավելի շատ թաքցնել իրենց եկամուտները, որտեղ կարողանան: Սա կարող է տանել ստվերային տնտեսության մասնաբաժնի ավելացմանը մեր տնտեսության մեջ, առանց այն էլ մենք ունենք բավականին մեծ ստվերային տնտեսություն այս պահի դրությամբ: Եկամտահարկի դրույքաչափերից բացի միջակայքերն են բավականին մեծ: Օրինակ, 150-ից մինչև 2 մլն շատ մեծ է, ստանալ 170 հազար և 1 մլն 700 հազար, դա 10 անգամ տարբերություն է իրարից և ճիշտ չէ նրանց հարկել նույն դրույքաչափով: Սա արդար մոտեցում չէ:

-Այս ամենը, Ձեր կարծիքով, արտագաղթի նոր ավելի մեծ ալիքի չի՞ բերի: Ե՛վ թանկացումներ են, և՛ եկամտահարկի բարձրացում, հաջորդ տարիներից էլ ուժի մեջ են մտնելու ԵԱՏՄ մաքսային միասնական դրույքաչափերը՝ 700-800 անուն ապրանքի թանկացման մասին է խոսքը:

-Հայերը մշտապես ունեցել են արտագաղթի ավանդույթները, և իհարկե, կարող է արտագաղթի նոր ալիք բարձրանալ: Չնայած, դժվար է ասել դա նոր ալիք կլինի, թե ոչ, որովհետև 2007, 2008 թթ.-ից սկսած այդ ալիքն այդքան էլ դանդաղ չի եղել, որ հիմա ասենք նոր ալիք է լինելու: Այսինքն` այս ալիքը կարող է նույնկերպ շարունակվել, հատկապես, եթե հստակեցվի ԵԱՏՄ երկրների շրջանակներում նաև ընդհանուր շուկայի համաձայնագիրը՝ կապված աշխատուժի միգրացիայի հետ: Այսինքն, մեր բնակիչները կկարողանան ազատ աշխատել ԵԱՏՄ շուկայում, սա ևս կարող է հանգեցնել որոշակի միգրացիայի տեմպերի ավելացման: Բայց, մյուս կողմից, գնաճն այնպիսի բան է, որ եթե երկիրը զարգանում է, գնաճն անխուսափելի է, ուղղակի պետք է կարողանալ գնաճի տեմպերը զսպել: Այս պայմաններում, երբ կան ԵԱՏՄ մաքսային միասնական դրույքաչափերով թանկացումները, պատժամիջոցների կիրառման հետևանքով մենք խնդիր ունենք ռուսական ռուբլու հետ, ընդհանուր տարածաշրջանանում լարվածություն է, այս հարկային օրենսգիրքը, կարծես, մի հատ էլ ավելորդ հարված էր սպառողների համար: Ժամանակավրեպ էր այս պահին այս հարկային օրենսգիրքը, որովհետև երկակի ազդեցություն է թողնում՝ և՛ եկամուտների կրճատման, և՛ ապրանքների գների բարձրացման վրա: Իսկ միգրացիան ՀՀ-ում երբեք ցածր մակարդակի վրա չի եղել:

Հակոբ Ասլանյան

tert.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4