
«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը։
-Պարոն Բադալյան, նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 12-ին հանդիպում է ունեցել Ազգային ժողովի ղեկավար կազմի հետ, մասնակցել են նաև «Ծառուկյան» դաշինքի պատգամավորները։ Ի՞նչ եք կարծում այս դաշինքը ի՞նչ դերկատարություն կարող է ունենալ առաջիկա կարևոր որոշումների հարցում, գիտենք, որ ՀՀԿ-ն պատրաստվում է նախագահի թեկնածու առաջադրել, արդյոք անհրաժեշտ կլինի, որ ավելի լայն համաձայնության շրջանակներում այդ նախագահը նշանակվի։
-Կարծում եմ «Ծառուկյան» դաշինքն այդ հարցում խորհրդանշական դերակատարություն կունենա, կա գործըթնաց, թե ինչպես պետք է ընտրվի նախագահը, եթե համապատասխան ձայները չեն հերիքում՝ երկրորդ, երրորդ փուլ է լինում։ Ուղղակի ՀՀԿ-ի համարի ցանկալի կլիներ, որ նախագահի հարցը միանգամից լուծվեր հենց առաջին փուլով ու մեծ ձայներով։ Մեծ հաշվով ԲՀԿ-ի մասնակցությունը զուտ խորհրդանշական բնույթ կունենա, ՀՀԿ-ի համար ցանկալի կլինի ավելի շատ ձայն ստանալ։ Հեռու գնացող քայլեր ու մտքեր գտնելն այս պահին ճիշտ չէ։
-Սերժ Սարգսյանը դեռ 2016 թվականի օգոստոսի 1-ին խոսում էր ազգային համաձայնության կառավարության ձևավորման անհրաժեշտության մասին։ Դրա մեջ «Ծառուկյան» դաշինքն իր ներդրումը կունենա՞, հատկապես երբ ապրիլյան հայտնի իրադարձություններին Սարգսյանին լայն աջակցություն է անհրաժեշտ։
-Ազգային համաձայնության կառավարությանը զուտ պաշտոնների մեխանիկական բաժանում չէ. դա որոշակի սկզբունքներով ձևավորված կառավարություն է։ Ազգային համաձայնության կառավարությունը ձևավորվում է այն ժամանակ, երբ խոշոր իրադարձություն է տեղի ուենցել, անհրաժեշտ է քաղաքական ուժերի թեկուզ կարճաժամկետ միավորումը ինչ-որ գործողություններ իրականացնելու համար։ Իշխող քաղաքական ուժը նման գաղափարները զուտ որպես PR է օգտագործում։ Ասել, որ «Ծառուկյան» դաշինքը կմասնակցի դրան՝ այս պահին ես դեռևս չեմ կարող ասել, դա կուսակցության որոշելիքն է։ Բայց առաջին հերթին պետք է հասկանալ, ով է լինելու վարչապետ, ինչպիսի տնտեսական քաղաքականություն է իրականացնելու, ինչպիսի արտաքին և ներքին քաղաքականություն է իրականացնելու, ինչ կառավարություն է ձևավորելու։ Այդ դեպքում՝ խորհրդարանական ուժերը պետք է տեսնեն արդյոք այդ կառավարության վարած քաղաքականությունը համահունչ է իրենց կուսակցական ծրագրերին, դրանից հետո հասկանան՝ կոալիցիայի մաս կկազմե՞ն, թե ոչ։ Հիմա երկու նախարարություն տվեցին «Ծառուկյան» դաշինքին, ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն արդեն ունեն՝ դա մեխանիկական գործընթաց կլինի, ոչ թե ազգային համաձայնության կառավարություն։
-«Ելք» դաշինքն ի՞նչ դերակատարում կունենա այս հարցում։ Ի՞նչ կարծիք ունեք նրանց նախաձեռնած երթի մասին՝ ընդդեմ թանկացումների։
-«Ելք»-ի գործունեությունը վարչապետի կամ իշխանությունների ձևավորման հարցում զրոյական ազդեցություն կարող է ունենալ, որովհետև միշտ ասել եմ, վերջերս մամուլն էլ է գրում՝ դա արտաքին խաղացողներից է կախված։ Հարցը որոշվելու է արտաքին քաղաքական կենտրոններում՝ հիմնականում Արևմուտքի հետ քննարկումների արդյունքում։ Արևմուտքը վճռորոշ նշանակություն կունենա, որովհետև եթե ֆինանսավորում չհատկացնի՝ Հայաստանի տնտեսական կյանքը շատ ծանր վիճակում կլինի։ մոտակա ժամանակաշրջանում նախագահը գնալու է Եվրոպա, ԵԽԽՎ, չի բացառվում, որ այդ այցի ժամանակ հրապարակային կամ ոչ հրապարակային հանդիպումներ ունենա ԵՄ ազդեցիկ երկրների ղեկավարների հետ ու վարչապետի նշանակման հարցը հենց այս կոնտեքստում է պետք դիտարկել։ Իսկ «Ելք» դաշինքն այդ կոնտեքստում որևիցե ազդեցություն չունի։
Ինչ վերաբերում է կոնկրետ թանկացումներին, ապա թանկացումը հետևանք է կառավարության կողմից իրականացրած տնտեսական քաղաքականության։ «Ելքի»՝ թանկացումների դեմ պայքարը նման է նրան , որ ասես՝ ձմեռ է, բայց ձյուն չի գալիս։ Այսինքն վերացական պայքար է, չնայած թանկացումը կոնկրետ գրպանին է խփում, բայց հետևանք է կառավարության իրականացրած քաղաքականության։ «Ելքը» չի ասել, որ կոնկրետ նախագահի կամ վարչապետի կամ ՀՀԿ-ՀՅԴ-ի դեմ ուղղված պայքար է սկսում, , իսկ այդ վերացական գործընթացը արդյունք չի կարող տալ։ Դա «Ելք»-ի տակտիկական սխալն է, որը անարդյունք կարող է լինել։ Հայաստանում բոլոր շարժումները քաղաքական են եղել՝ կլինի դս ղարաբաղյան շարժում կամ նախագահական հետընտրական գործընթացները, միշտ քաղաքական թեմաներով են մարդիկ ոտքի կանգնել, իսկ թանկացումներից դժգոհ մարդիկ ուղղակի հեռանում են Հայաստանից։
-Այսինքն այդ թանակցւոմների ակցիայի փոխարեն պետք էր զուտ մարտավարություն ընտրել՝ վարչապետի, նախագահի հրաժարականի՞ հետ կապված։
-Ոչ թե կարող էր, այլ պարտադիր էր։ «Ելքն» ինչ-որ քայլ է կատարում, կուսակցությունը ցանկանում է լրատվական դաշտում իր անունը շրջանառության մեջ լինի։ Լրատվամիջոցները կգրեն, որ «Ելքը» գործողություն է իրականացնում, նորմալ է, սովորական քայլ է, ուղղակի արդյունավետ լինել չի կարող։ Պետք է պայքարել պատճառի դեմ ոչ թե հետևանքի, իսկ պատճառը կառավարության վարած տնտեսական քաղաքականությունն է։ Թանկացումների դեմ պայքարը թիրախ չունի,սա զուտ կուսակցական միջոցառում է, որը գուցե «Ելք»-ի հեղինակության հարցում որոշակի նպաստ ունենա։
Leave a Reply