
2017 թ. ընթացքում, կարծես, որևէ դրական առաջընթաց չարձանագրվեց Հայաստան-Թուրքիա հարաբերություններում և, մասնավորապես, հայ-թուրքական արձանագրությունների գործընթացում: Սեպտեմբերին Հայաստանի նախագահը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նստաշրջանի իր ելույթի ընթացքում խոսեց այս հարցի մասին՝ քննադատելով Թուրքիայի կեցվածքը և ասելով, որ եկել է «լրացուցիչ պարզաբանում տալու ժամանակը»: Իսկ 2014 թ. նա ժողովրդի անունից «գրողի ծոցն» էր ուղարկել այս արձանագրությունները: Հիմա Հայաստանի նախագահը հայտարարում է, որ եթե արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժ չլինի, Հայաստանը դրանք հայտարարելու է առ ոչինչ:
«Մենք 2018 թվականի գարուն ենք մտնելու առանց այդ, ինչպես, ցավոք սրտի, փորձը ցույց տվեց, սին արձանագրությունների»,- նշեց Հայաստանի նախագահը: Թեման շարունակվեց ավելի ուշ՝ արտգործնախարարությունների մակարդակով, և երբ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Հունաստանում կրկնեց Հայաստանի նախագահի նշված միտքը, որ Հայաստանը 2018 թ. գարունը կդիմավորի առանց այդ արձանագրությունների, Թուրքիայի ԱԳՆ-ն պատասխանեց, թե «անկախ Հայաստանի բացասական դիրքորոշումից՝ Թուրքիան հավատարիմ է արձանագրությունների հիմնական դրույթներին», և դրանք մինչ օրս մնում են Թուրքիայի Ազգային մեծ ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի օրակարգում: Բայց նաև ավելացրել է՝ «դրանց վավերացման համար կարևոր է, որ Հարավային Կովկասում լինի նպաստավոր քաղաքական մթնոլորտ և խաղաղություն»: Այսինքն՝ խոսքը, ըստ էության, կրկին Ղարաբաղի հարցի և այս հիմնախնդիրը Ադրբեջանի օգտին լուծելու նախապայմանի մասին էր:
Այս հարցերի շուրջ զրուցելու ենք ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի հետ՝ փորձելով ամփոփել 2017 թ. ընթացքում Թուրքիայի և հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված գլխավոր իրադարձությունները:
Մասնագետի գնահատմամբ՝ հայ-թուրքական հարաբերությունները 2017-ին որևէ տեղաշարժ չեն արձանագրել, և դա բացատրվում է Թուրքիայի մոտեցմամբ. «Թուրքիան բացարձակապես շահագրգռված չէ ներկա փուլում կարգավորելու միջպետական հարաբերությունները Հայաստանի հետ: Թուրքիան շարունակեց Հայաստանի նկատմամբ որդեգրած ճնշման, հարկադրման իր քաղաքականությունը, որի էությունը հետևյալն է՝ փակ պահելով սահմանը Հայաստանի հետ, հրաժարվելով Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել, Թուրքիան փորձում է մեկուսացնել Հայաստանը, ճնշում գործադրել Հայաստանի վրա, որպեսզի Հայաստանը փոխի իր քաղաքականությունը մի շարք կարևոր խնդիրներում, օրինակ՝ Արցախի հիմնահարցում, Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում: Ճնշման, հարկադրման այս քաղաքականությունը Թուրքիան սկսել է վարել Հայաստանի նկատմամբ դեռևս 1991 թվականից, երբ ճանաչեց ՀՀ անկախությունը, բայց հրաժարվեց դիվանագիտական հարաբերություններ հաստատել»:
Մանրամասները՝ տեսանյութում։
Leave a Reply