June 6, 2023

Ադրբեջանի ղեկավարությունը վաղ թե ուշ ստիպված է լինելու հաշվի նստել Արցախի ժողովրդի որոշման հետ. Միհրան Հակոբյան

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերսկսման համար դրական միտումները տեսանելի են, բայց ոչ բավարար: Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Հակոբյանը:

Ըստ նրա՝ 2017 թ.-ը հարաբերական խաղաղության տարի էր: «Ադրբեջանը, պահպանելով իր ապակառուցողական դիրքորոշումները բանակցային սեղանի շուրջ, ամեն դեպքում մասնակցում է դրանց, և կարծում եմ, որ այս տարի էլ կշարունակի դրանց մասնակիցը լինել: Դրա վառ ապացույցն են արտաքին գործերի նախարարների վերջին հանդիպումները և այս տարի սպասվող հանդիպումը: Ամեն դեպքում, լուրջ պոռթկումներ, լուրջ առաջընթաց գոնե ինձ համար տեսանելի չէ»,- ասաց Միհրան Հակոբյանը:

Պատգամավորը նշեց, որ այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել նախարարների մակարդակով, բանակցային սեղանի շուրջ չեն իրականացվել, որովհետև Ադրբեջանը հրաժարվել է դրանցից:

Հարցին՝ ինչի՞ց է կախված բանակցություններում առաջընթաց՝ պոռթկում, գրանցելը, Միհրան Հակոբյանը պատասխանեց. «Դա կախված է նրանից, թե ինչքան ուժեղ կլինենք մենք: Որքան ուժեղ լինենք, որքան կարողանանք տնտեսական ու ռազմական մեր պոտենցիալը մեծացնել, այնքան շահեկան վիճակում կգտնվենք: Հենց Ադրբեջանի ղեկավարությունը հասկանա, որ ռազմական ճանապարհով խնդրի կարգավորման շանս չունի, այդ ժամանակ ստիպված է լինելու իրական բանակցությունների գնալ:

Այս պահին Ադրբեջանի ղեկավարությունը մտածում է, որ ռազմական ճանապարհով հարցը կարգավորելու շանս ունի, այս տարբերակը նրանց մտքում կա: Եթե մենք ուժեղ լինենք, որակապես այլ պետություն դառնանք, Ադրբեջանի ղեկավարությունը կհասկանա, որ պատերազմի ճանապարհով խնդիրը լուծելու տարբերակ չունի, ստիպված կլինելի նստել բանակցությունների սեղանի շուրջ, սկսել առարկայական քննարկումներ»:

Միհրան Հակոբյանը շեշտեց՝ Արցախի ժողովուրդն է որոշելու և որոշել իր ճակատագիրը, իսկ Ադրբեջանին մնում է համակերպվել այդ որոշման հետ:

«Որ պահին դա կլինի, որ պահին Ադրբեջանը կհամակերպվի որոշման հետ, դժվար է ասել, բայց այլ տարբերակ չկա, քան՝ համակերպվելը: Ադրբեջանի ղեկավարությունը վաղ թե ուշ ստիպված է լինելու հաշվի նստել այդ որոշման հետ: Մեզանից է կախված, թե որքան շուտ է դա լինելու»,- ասաց Միհրան Հակոբյանը:

Բանակցությունները ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո, որոնց ձևաչափը, պատգամավորի խոսքով, Ադրբեջանի համար ընդունելի չէ, ուստի իրենք փորձում են վիժեցնել այն: Մյուս կողմից էլ, ըստ Հակոբյանի, իրենք չեն կարող հրաժարվել միջազգային մանդատ ունեցող այս խմբի ֆորմատից, ինչի արդյունքում էլ «պարզապես բանակցում են բանակցելու համար»:

«Նրանք գալիս են բանակցությունների հետևյալ սկզբունքով՝ հիմա եկել ենք խոսենք, որ տեսնենք, թե հետո ինչ կլինի: Որ պահին հասկանան, որ «հետո»-ն իրենց համար լավ չի լինելու, նստելու են բանակցային սեղանի շուրջ, փորձելու են պայմանավորվել: Ադրբեջանն, ունենալով հսկայական նավթի պաշարներ, հույս է ունեցել, որ ռազմական ճանապարհով իր մոտեցումները թելադրելու է, բայց Ադրբեջանի լավագույն տարիներն անցան: Հիմա պետք է որոշեն՝ բանակցում են, թե փորձում են ձգձգել բանակցությունները»,- ընդգծեց Միհրան Հակոբյանը:

2018թ.-ը իրադարձություններով լի տարի կլինի, նրա համոզմամբ, որովհետև Ադրբեջանում սպասվում են նախագահի ընտրություններ: Դրանցով պայմանավորված, ըստ Հակոբյանի, սրացումներ դժվար թե լինեն: «Իրենց շահերից չի բխում սրացումների գնալ, դա կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ իշխանությունը պահելու տեսանկյունից: Կարծում եմ, որ սրեցման չեն գնա գոնե այս տարվա առաջին կեսում»:

tert.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4