
Թեև Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների Նոր տարին իրենց տոմարով ուրիշ օր է, սակայն երկար տարիներ բնակվելով Հայաստանում, նրանք էլ են սկսել դիմավորել Նոր տարին մեր ավանդույթներով։ «Մենք այստեղ ենք ապրում, հայերի կողքին, ընտանիքներ կան, որ ամուսինն է հայ, կինն է հայ։ Դրա համար մենք էլ ենք այս օրերին պատրաստվում, ուրախանում, սեղան ենք գցում, ամեն ինչ անում ենք, որ սեղանը սիրուն լինի, հարուստ լինի ուտելիքներով։ Հայկական ավանդական ուտելիքներ ենք պատրաստում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Հայաստանում հրեական համայնքի նախագահ Ռիմա Վարժապետյանը։ Նշենք, որ հրեաները Ամանորը դիմավորում են աշնանը։ Վարժապետյանի խոսքերով՝ Ամանորի գիշերն իրենք կենաց են խմում, որ լավ ապրեն և, որ, ամենակարևորն է Հայաստանում, Իսրայելում պատերազմ չլինի, խաղաղություն լինի։ «Շատ կարևոր է, որ խաղաղություն լինի և մենք միասին լինենք։ Ամենակարևորը՝ առանց կորուստների»։
Վարժապետյանի խոսքերով՝ եկող տարին՝ 2018-ը շատ կարևոր է, քանի որ լուրջ փոփոխություններ են սպասվում Հայաստանում։ «Համակարգի գլխով է պայմնավորված ամեն ինչ։ Մենք կարծում ենք, որ ամեն ինչ լավ կլինի»,-ասաց մեր զրուցակիցը։
Եզդիներն էլ Ամանորը նշում են գարնանը՝ ապրիլի 18-ին։ Սակայն դա չի խանգարում, որ իրենք հայերի հետ էլ հունվարի 1-ին դիմավորեն Նոր տարին։ «Այս Նոր տարին մեր ազգայինը չի, մենք գարնանն ենք նշում, բայց այն եզդիները, որոնք երևանաբնակ են, քաղաքին մոտ են ապրում տարին փոխելու համար նշում են Նոր տարին հայերի հետ։ Սեղան են գցում, ավանդական կերակուրներ ենք պատրաստում։ Խաշլամա ենք եփում, վերջին տարիներին նաև տոլմա ենք դնում»,- մեզ հետ զրույցում ասաց եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանը։
Ինչ վերաբերում է արդեն իրենց Նոր տարուն՝ ապրիլի 18-ին, ապա Թամոյանը նշեց, որ այդ Նոր տարին իրենք դիմավորում են ավանդույթներին համաձայն, հատուկ կարգով, ուրախությամբ։
Նշենք, որ Սարսալը եզդիների շրջանում նշվող Նոր տարին է: Այն տոնում են արևելյան օրացույցի առաջին չորեքշաբթի օրը (ապրիլ)` Հուիլյան օրացույցին համապատասխան: Սարսալը հինավուրց տոն է, որը սկիզբ է առնում Միջագետքի հնագույն պաշտամունքներից, որոնց տարրերը մինչև այժմ պահպանվել են բազմաթիվ ժողովուրդների մոտ: Այս տոնը հայտնի է նաև այլ անվանումներով` Չարշամա Սոր, Աիդա Սարսալե, Սարսալա Թաուսի Մալաք, Աիդա Թաուսի Մալաք:
1in.am
Leave a Reply