September 21, 2020

Երևանի գլխավոր խնդիրը քաղաքացիները համարում են քաղաքային տրանսպորտը, 2-րդը՝ աղբահանությունը. հարցում

«GALLUP International association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ-ի տնօրեն Արամ Նավասարդյանը, Երևանի քաղաքապետարանի եկամուտների հաշվառման և գանձման վարչություն պետ Արմեն Հարությունյանը այսօր հրավիրված մամուլի ասուլիսին անդրադարձան «Երևանցիները Երևանի մասին» ամենամյա հետազոտության արդյունքներին և ներկայացրեցին Երևանի քաղաքապետարանի, համայնքների և իրականացված աշխատանքներին քաղաքացիների տված գնահատականները:

Արման Նավասարդյանը նշեց, որ հարցումներն անցկացվել են հեռախոսային տարբերակով և հարցվել է 620 քաղաքացի: Հարցին, թե ինչպես կգնահատեք, ընդհանուր առմամբ Երևան քաղաքի փոփոխությունները վերջին մեկ տարվա ընթացքում, հարցվածների 67,9 տոկոսը պատասխանել է դրական: Քաղաքացիների 34,3 տոկոսը Երևանի ամենակարևոր խնդիրը համարել են քաղաքային տրանսպորտը, 29,1 տոկոսը` աղբահանությունը, 12,4 տոկոս–ը` բնապահպանության խնդիրները, և ամենաշատ ցանկալի միջոցառումներից համարել են մշակութային միջոցառումները, կանաչապատ տարածքների ավելացումը:

Քաղաքացիները վերջին մեկ տարվա ընթացքում ամենադրական փոփոխություններից համարել են այգիների բարեկարգումը:

«Երթուղային տաքսիների առումով մենք ունենք շատ կարևոր խնդիր և մոտավորապես նույն պատկերը ունեինք անցած տարի»,-ասաց Արման Նավասարդյանը: Հարցումները եղել են նաև համայնքի կանաչապատման, լուսավորության, անվտանգ, մաքուր լինելու վերաբերյալ և լուսավորության առումով Կենտրոնը ամենաբարձրն է գնահատվել, իսկ նվազագույնը՝ Նուբարաշենը:

Հարցին, թե ինչպես կգնահատեք Երևան քաղաքի ընդհանուր արտաքին տեսքը, 15,3 տոկոսը պատասխանել է շատ լավ: Ինչ վերաբերում է թաղապետերի, քաղաքապետի աշխատանքին մինչև հինգ բալանոց սանդղակում, ապա Արման Նավասարդյանն ասաց, որ քաղաքապետի աշխատանքը գնահատել են 4,1 բալ, որը բավականին լավ ցուցանիշ է, նվազագույն բալերը ստացել են Արաբկիրի և Քանաքեռ–Զեյթուն համայնքի թաղապետերը:

Արմեն Հարությունյանը, խոսելով տրանսպորտի վերաբերյալ դժգոհությունների մասին, ասաց, որ իրենք էլ են դա հասկանում և անցել են կոնկրետ գործողությունների՝ նոր ցանց ստեղծելու հարցը քննարկման փուլում է և քննարկումները կշարունակվեն 2018 թվականին: Նա նաև ասաց, որ բոլոր բաղադրիչներն են փոփոխության ենթարկվելու:

Ինչ վերաբերում է աղբահանությանը, ապա Արմեն Հարությունյանը կոչ արեց հիշել նախորդ տարիներին ինչ վիճակ էր այդ ոլորտում և նշեց, որ այսօրվա վիճակն անհամեմատելի է՝ սկսած սպասարկող մեքենաներից, աղամաններից, իհարկե կարող են լինել նաև խնդիրներ:

«Ես մեր քաղաքացիներին ուզում եմ հիշեցնել, որ միայն աղբ մաքրելով մաքուր Երևան հնարավոր չէ ունենալ»,- ասաց նա և կոչ արեց աղբը գետնին չնետել, հոգատար լինել և մաքուր պահել քաղաքը: Նա ներկայացրեց այն ծրագրերը, որոնք նախատեսում են իրականացնել աղբահանության հարցում:

Խոսելով լուսավորության մասին՝ նա ասաց, որ պետք է փաստել, որ փոփոխություններ կան նաև այս ոլորտում:
tert.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4