October 2, 2023

Թույլ չենք տալու ազգայնականներին վախի մթնոլորտ տարածել այստեղ. Բունդեսթագի պատգամավորը` Եվրոպայում թուրքահայերի դեմ մահափորձերի ծրագրման մասին

Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունման հարցում մեծ ներդրում ունեցած Կանաչների կուսակցության՝ թուրքական արմատներ ունեցող համանախագահ Ջեմ Օզդեմիրը հարցազրույց է տվել գերմանական DW հեռուստաառադիոընկերության թուրքական ծառայությանը և խոսել ծնունդով Թուրքիայից եվրոպաբնակ հայերի ու ալևիների դեմ թուրք ազգայնականների կողմից մահափորձերի շարքի նախապատրաստման շուրջ տարածված տեղեկությունների մասին:

Օդեմիրը նշել է, որ նման տեղեկությունն իր համար զարմանալի չէր՝ հաշվի առնելով Հրանտ Դինքի սպանության փորձն ու այն փաստը, որ պետության «մատը խառն է եղել» այդ գործում:

Օզդեմիրը շեշտել է, որ Գերմանիան պետք է անի հնարավոր ամեն բան՝ թույլ չտալու երկրում Թուրքիայի կողմից վախի մթնոլորտի ստեղծումն ու թուրքական ազգայնական խմբավորումների կողմից մարդկանց ահաբեկման մեջ պահելը:

«Վերջերս դիտում էի Գերմանիա տեղափոխված ստամբուլահայ լրագրող, ճանաչված մտավորական Հայկո Բաղդադի ելույթը: Զրահապատ բաճկոնով էր ելույթ ունենում, քանի որ մեկ օր առաջ սպառնալիքներ էր ստացել: Սա նորմալ չէ: Մենք պետք է հստակ կերպով ցույց տանք, որ թույլ չենք տալու վախի մթնոլորտ տարածեն այստեղ՝ Գերմանիայում», – ասել է Օզդեմիրը:

Հիշեցնենք, որ Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը զգուշացրել էր, որ հայերի, ալևիների, քրդերի, ինչպես նաև Թուրքիայում եղած ճնշումների հետևանքով երկիրը լքած ընդդիմադիր գործիչների, մտավորականների ու լրագրողների դեմ մահափորձերի մի ամբողջ շարք է պատրաստվել, և ենթադրվում է, որ Թուրքիայից ուղղորդված հանցախումբն արդեն ցուցակ ունի կազմած:

Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը՝ Փայլանը նշել էր, որ իրենք ունեն հետախուզական տեղեկատվություն, որ ներկա պահին գործունեություն են ծավալում մահափորձերն իրականացնել պատրաստվող երեք անձինք:

tert.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4