October 2, 2023

Տնօրեն Լյովա Վարդանյանը թաքցնում է «Ախթալա ԼՀԿ»-ի արտադրական պոչերը Դեբեդ գետ լցնելու պատճառները

 

Լարիսա Փարեմուզյան

«Ախթալա ԼՀԿ» ՓԲԸ-ից Նահատակ կիրճի պոչամբար գնացող խողովակների պարբերաբար կրկնվող վթարները միակ սպառնալիքը չեն տարածաշրջանի շրջակա միջավայրի համար: Հիշեցնենք, որ բերնեբերան լցված Նահատակ կիրճի պոչամբարում այլևս անհնարին է ԼՀԿ-ի արտադրական պոչեր կուտակելը: ԼՀԿ-ն  2017թ.-ի հոկտեմբերի 16-ի  Բնապահպանության նախարարություն ներկայացրած փորձաքննական հայտի հաշվետվությամբ լիցենզիա է  պահանջել` այսուհետև իր արտադրական պոչերը Շամլուղի բաց հանքի  արդյունահանված տարածքում պահեստավորելու համար:

Շամլուղի նախկին քաղաքապետ Լենդրուշ Բեժանյանի խոսքով, 2017թ.-ին 4 քննարկումից հետո շամլուղցիները փորձաքննության հայտին համաձայնություն են տվել: Ըստ նախագծի, լեռնահարստացման ֆաբրիկայում պոչերի խոնավությունը 8-10% հասցնելուց հետո, դրանք ֆաբրիկայից բեռնատարներով տեղափոխվելու և պահեստավորվելու են արդյունահանված հանքում:

Մինչ այդ, քանի որ անհնարին է Նահատակի պոչամբարում պոչերի կուտակումը, տնօրեն Լյովա Վարդանյանի հանձնարարությամբ` արդեն 15 օր է` ԼՀԿ-ի արտադրական պոչերը լցվում են Դեբեդ գետ:

Դեկտեմբերի 18-ին Մեծ Այրում գնացող  ճանապարհի 1-ին  շրջադարձի ձախ կողմում գտնվող «Ախթալա ԼՀԿ» ՓԲԸ-ի Նահատակի պոչամբար գնացող խողովակներից մեկն  ուղղված էր դեպի ճանապարհի ջրահեռացման հեղեղատարը: Հեղեղատարն անցնում է երկաթգծին հարող Ախթալայի Երկաթուղայինների փողոցով:

Միշա Ամիրջանյանի տունը  հեղեղատարի եզրին է՝ 10-20 մետր հեռավորության վրա: «Վախենում եմ՝  թոռնիկներս ընկնեն  հեղեղատարի պոչերի մեջ: Հենց բողոքում ենք, ԼՀԿ-ի ղեկավարները պատասխանում են, թե ձեր ընտանիքից ԼՀԿ-ում աշխատող չկա, դրա համար եք բողոքում»,- պատմեց Միշան:

«Երեք տարեկան աղջկաս՝ Նանեի  ամբողջ մարմինը դուրս է տալիս պոչերից: Սկզբում` մեկ տարեկանում,  հեղեղատարում պոչերի հոսքը վարարելուց  հետո Նանեն անընդհատ հազում էր»,- ասում է Նոնա Բերոյանը: Նոնայի ասելով` պոչերից հազում և հիվանդանում է նաև տղան՝ 7-ամյա Միշան:  Նանեի  հիվանդության պատմությունը գտնվում է Ախթալայի բժշկական ամբուլատորիայում: Ամբուլատորիայի տնօրեն, բժիշկ Կարեն Ազարյանը մեզ պատասխանեց, որ Նանե Ամիրջանյանը բժշկական ամբուլատորիայի մանկաբույժի մոտ բուժումներ է ստացել սուր շնչառական ինֆեկցիա հիվանդության համար:

Միշայի կնոջ՝ Անուշ Ամիրջանյանի խոսքով` Նանեին նաև Վանաձոր են տարել բուժման: «Բժիշկն ասաց  Նանեն ծանր մետաղներից է  հիվանդանում: Ուղարկեցին Երևան` ստուգման: Մենք երեխային չենք կարողացել տանել Երևան: Բացի մեզ, 4 սեփական տներ կան հեղեղատարի մոտ, այդ ընտանիքներում էլ կան երեխաներ, վախենում եմ  երեխաները հանկարծ ընկնեն հեղեղատարի պոչերի մեջ»,- ասում է Անուշը:

Ախթալայի լեռնահարստացման ֆաբրիկայի պոչերը պարունակում են պղինձ, ցինկ, բորիում, մկնդեղ և այլ ծանր մետաղներ:

«Ծանր մետաղներից երեխաների իմունիտետը արագ է ընկնում: Երեխան որքան փոքր է, այնքան ընկալունակ է ծանր մետաղների էլեմենտների նկատմամբ: Պոչատարի հարևանությամբ բնակվող երեխաները կարող են հիվանդանալ ալերգիայով, շնչուղիների և այլ օրգանների ծանր հիվանդություններով»,- բացատրեց մանկաբույժ Կարինե Սահակյանը:

Միշա Ամիրջանյանի ասելով` պոչերի հոտից վատանում է նաև ինքը: Հեղեղատարով պոչերի հոսքը դադարեցնելու համար Միշան մեկ տարի առաջ դիմել է  Ախթալայի նախկին քաղաքապետ Հայկազ Խաչիկյանին: Վերջինիս միջամտությամբ հեղեղատարով պոչերի հոսքերը դադարեցվել են: «Հիմա արդեն 10-15 օր է` հեղեղատարով անտանելի հոսքերը նորից շատացել են: Երեխաները նորից վատ են զգում իրենց»,- պատմում է Նոնան: Լեռնահարստացման կոմբինատը դեպի Դեբեդ պոչեր է ուղղում նաև գետի Ոչքուլիս վտակով:

«Ախթալայի ԼՀԿ»-ի տնօրինությունը թերանում է նաև պոչերի խողովակների վթարների ժամանակին վերացման գործում: Կապիտալ վերանորոգման ենթարկվող Ախթալայի թիվ 2 դպրոցի հարևանությամբ գտնվող  լեռնահարստացման կոմբինատի Նահատակ ձորի պոչամբար գնացող պոչերի խողովակները պայթել են դեկտեմբերի 13-ին և 14-ին:

Պոչերը հեղեղել են դպրոցի բակը, շրջակայքը, այդ  թվում նաև դպրոցի և բնակիչների այգիները, ճանապարհն ու պարիսպները: Դպրոցի պահակ Հովհաննես Սիմոնյանը վթարի վայրում մեզ պատմեց. «Վթարը վերացրեցին հաջորդ օրը: Էնքան մեծ էր վթարը, որ ԼՀԿ-ից ավտոմեքենայով ավազ էին բերել, ավտոմեքենան չկարողացավ բարձրանալ: Վթարը վերացնելուց միայն երկու ժամ հետո, ավազի ավտոմեքենան մտավ դպրոցի բակ»։

Հ. Սիմոնյանի խոսքով` վթարից հետո ԼՀԿ-ի կողմից պոչերի թեթև մաքրման աշխատանքներ են կատարվել դպրոցի բակում. «Ասացին հետո կգանք, ցանցերն ու այգին էլ կմաքրենք»։ «Վթարը մեկ անգամ վերացնելուց հետո խողովակները նորից են պայթել»,- ասաց դպրոցի կապիտալ վերանորոգումը իրականացնող Ալավերդու «Տիտանյան եղբայրներ» ՍՊԸ-ի աշխղեկ Սամվել Փերիխանյանը:

Դպրոցի տնօրեն Շուշանիկ Հոբոսյանի ասելով` դպրոցի հարևանությամբ անցնող Նահատակի պոչամբարի խողովակների վթարային վիճակը նորություն չէ: ԼՀԿ-ի կողմից դրանք ժամանակին վերացնելու դեպքում՝ խոշոր վթարը կկանխվեր: Տնօրենի խոսքով` ԼՀԿ-ի տնօրինությունը խոստացել է  ջրի ավտոմեքենայով լվանալ դպրոցի տարածքը: Ախթալայի խոշորացված համայնքի ղեկավար Արկադի Թամազյանը «Հետք»-ին ասաց, որ վթարից 5 օր հետո` դեկտեմբերի 18-ին է գնացել`  դպրոցի վերանորոգման աշխատանքներին հետևելու և վթարի հետևանքներն անձամբ տեսնելու:

Հիշեցնենք, որ Ճոճկանից Ախթալա աշխատանքի եկող համայնքի ղեկավարի ճանապարհը անցնում է  հենց թիվ  2 դպրոցի մոտով. «Այլ գործերով դուրս էի եկել համայնքից, հիմա նոր եմ եկել, պետք է քննարկենք, պետք է հասկանանք խնդրի լուծումը: Հիմա ես իրականությունն ասեմ, դուք գիտեք, որ խոշորացվել է համայնքը և մեկ ամիս է, ինչ ես այս պրոցեսների մեջ եմ: Ես անձամբ ժամանակ չեմ ունեցել կոնկրետ անդրադառնալ այդ թեմաներին: Նախնական քննարկում եղել է, նախնական համաձայնության ենք եկել, որ պետք է ԼՀԿ-ի կողմից ամեն ինչ նորմալ լինի: Հիմա դեռ չեմ կարողացել, ժամանակ չեմ ունեցել  խնդրով զբաղվելու»,- բացատրեց Ա. Թամազյանը:

«Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ի տնօրեն Լյովա Վարդանյանից փորձեցինք ճշտել վթարի և ԼՀԿ-ի արտադրական պոչերը Դեբեդ լցնելու պատճառները։ «Ախթալայի թիվ 2 դպրոցի մոտ ոչ մի վթար տեղի չի ունեցել»,- հեռախոսով ասաց նա: Լ.Վարդանյանը  հրաժարվեց նաև  բացատրություն տալ իր ղեկավարած ձեռնարկության արտադրական պոչերը Դեբեդ գետ թափելու մասին։ «Մենք ոչ մի պոչանք էլ Դեբեդ չենք թափում: Դուք մեր մասին սխալ հոդվածներ եք գրում»,- ասաց տնօրենը: Լյովա Վարդանյանին բացատրեցի, որ սխալ փաստերով հոդվածների դեպքում անհրաժեշտ է  հերքում, կամ պարզաբանում ուղարկել խմբագրություն։ «Ես լրագրող չեմ, որ հերքում գրեմ»,- պատասխանեց  նա և անջատեց հեռախոսը: Իսկ մինչ այդ, շրջակա միջավայրի և բնակչության անվտանգության երաշխավոր Բնապահպանության նախարարությունը շարունակում է աչք փակել «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ի ապօրինությունների վրա:

hetq,am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4