September 24, 2020

ԻՆՉՊԵՍ ՉԳՑԵԼ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՎԱՐԿԸ -Հարցազրույց Գիտության և առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի նախագահ Հարություն Կարապետյանի հետ

Ամենևին էլ ոչ։  Այսօր էլ նույն կարծիքին եմ ինչ 1997 թ-ին, երբ որպես ՀՀ Էկոնոմնախի աշխատակից իմ կողմից պատրաստվել է տեղեկանք՝ ՀՀ ԱԺ–ի նախագահի համար։  Ինչպես գիտեք, 1992թ. սկսած ՀՀ Էկոնոմնախն էր, փաստորեն, հանդիսանում պետբյուջեով գիտության հատկացվող իսկապես սուղ միջոցների «մասով» քաղաքականության պատասխանատուն։ Այդ գործառույթները 1997-ից սկսած, տեղափոխվեցին ՀՀ ԿԳՆ և շատ շուտ՝ արդեն 1997թ. գարնանը, դրսևորվեցին ակնհայտ բացասական, եթե չասենք կոռուպցիոն, երևույթներ, որոնց պատճառով նաև պատրաստվել էր այդ տեղեկանքը։ Վերջինով միանշանակորեն հիմնավորվել է գիտության ոլորտի առանձնացված պետական կառավարման մարմնի անհրաժեշտությունը։ Այսինքն, այսօր էլ համոզված եմ, որ առանձնացված կառույցի կարիքը կա, քանի որ համոզված եմ, որ գիտությունն է Հայաստանի տնտեսական զարգացման հիմքը։ Պարզապես այդ կառույցը պետք է ծառայի համակարգին և ոչ թե հակառակը՝ երբ համակարգն ու գիտության պետական բյուջեն գրեթե բացահայտորեն օգտագործվում է այդ ստորաբաժանման կարիքների համար։
 
Ոմանց կարծիքով այն ոչինչ չի տվել իր գոյության գրեթե 3 տարիների ընթացքում։
 
Ինչու՞ չի տվել, տվել է։ Նախ, մոտ 50 աշխատատեղ է բացվել մեկ պետական պաշտոնյայի  աշխատավարձով՝ առնվազն։ Իսկ ինչու՞ առնվազն, քանի որ հիմնավոր եմ համարում այն լուրերը, որ այդ 50 հաստիքներից շատերը ստանում են նաև գիտաշխատողների համար սահմանված աշխատավարձեր՝ ներառյալ, որոշ կազմակերպությունների վզին փաթաթած, թե՞ կամավոր, «մեռած հոգիների» տեսքով, իսկ ամենաընտրյալների համար լրացուցիչ աղբյուր կարող են հանդիսանալ տրամաբանությունից զուրկ, կամայական և խիստ կասկածելի «բազային» ֆինանսական հատկացումները։ Գիտության բնագավառի, իսկապես, սուղ միջոցների հաշվին չգիտես ու՞մ համար են ստեղծվում նոր մերձգիտական կառույցներ, խախտելով նույնիսկ հենց իրենց կողմից ստեղծված փաստաթղթերը։ Օրինակ, «պահպանման և զարգացման ծրագրով», նկատենք, որ ոչ «ստեղծման», 22.3 մլն. դրամ է նախատեսված, այսպես կոչված, «Գիտակ» գիտավերլուծական կենտրոնի ստեղծման համար։ Իսկապես, անհասկանալի է, թե ու՞մ համար, եթե արդեն պետության կողմից ստեղծվել է 50 հաստիքով հսկայական կառույց՝ համապատասխան բյուջեով։ Ի դեպ այսպիսի գործելաոճը՝ գիտության համար նախատեսված պետբյուջեի օգտագործումն այլ նպատակների համար, արդեն, կարծես թե, դառնում է կենցաղ մեր մոտ։ Հայաստանը փոքր է և գրեթե հնարավոր չէ իրական նպատակները քողարկել և ոչ միայն այս դեպքում։
 
Մյուս «ձեռքբերումն» այն է, որ ստեղծվել է ևս մեկ ժամանակակից կահավորմամբ և բոլոր առումներով ժամանակի ոգուն համահունչ պետական կառույց։ Ճիշտ է, հիմնավոր խոսակցություններ կան, որ այդ ամենին ՀՀ ԿԳՆ ԳՊԿ–ն հասել է, ոչ միայն պետական կառավարման մարմնի վարչական ծախսերի հաշվին, այլ նաև «շուստրիությամբ», այսինքն որոշ ենթակա կազմակերպությունների «կամավո՞ր», թե՞ պարտադրված բարեգործության արդյունքում։ Բայց և այնպես փաստ է, որ ստեղծվել է ոչ գիտական համակարգի համար, ցավոք, բավականին բարեկեցիկ աշխատանքային ժամերի անցկացման միջավայր, ընդամենը։ Մնում է, որ աշխատակիցները նաև աշխատեն և արդյունքները տեսանելի լինեն՝ եթե ոչ բոլոր հարկատուներին, այլ գոնե գիտական համակարգի համար։ Ի դեպ, նշված «բարեգործության» առումով մի շատ բնական հարց է առաջանում՝ այդ ինչպե՞ս է, որ, մի կողմից, ով չի ալարում՝ դեմքին խելացի ու տառապյալի տեսք տալով բողոքում է պետբյուջեով  գիտությանը հատկացված միջոցների սղությունից, իսկ մյուս կողմից՝  որոշ գիտական կազմակերպություններ հաջողացնում են այդ նույն սուղ միջոցների հաշվին զբաղվել նաև տարաբնույթ «բարեգործությամբ»։ Ակնհայտ է, որ այդ «բարեգործություն» փաթեթավորման մեջ այլ երևույթներ են, որոնք և հիմք են հանդիսանում խիստ քննադատորեն, եթե ոչ կասկածանքով, վերաբերվել նաև ««ՀՀ ընթացիկ տարվա պետական բյուջեն /գիտության մասով» պետական փաստաթուղթին, որն առանց գիտաբանական տեսակետից կարևոր մանրամասների և շատ ընդհանուր տեսքով առկա է ՀՀ ԿԳՆ ԳՊԿ–ի կայքում՝ միջոցների բաշխման իբր թափանցիկությունը ի ցույց դնելու «գալոչկայի» նպատակով, անշուշտ։
 
Ինչո՞վ չի բավարում գիտության մասով պետական բյուջեի նախ թափանցիկությունը։
 
Չեմ կարծում, որ ԳՊԿ–ի կայքում տեղադրված տեղեկությունների կիսատ-պռատությունը զուտ արհեստավարժության կամ պարզ տրամաբանության պակասի խնդիր է։ Կարծում եմ, որ մտածված է ամեն ինչ և ներկայացված չեն կարևոր տեղեկություններ՝ ավելորդ հարցերից խուսափելու նպատակով։ Օրինակ, բոլոր բերված ծրագրերում՝ «ենթակառուցվածքի պահպանման և զարգացման», «պետական նպատակային» և «ազգային արժեք ներկայացնող գիտական օբյեկտների» ծրագրերով հատկացված գումարներում բացակայում են հաստիքների թվաքանակը։  Դե արի ու հասկացիր՝ ի՞նչ հիմնավորմամբ են հատկացվել այդ գումարները, հատկապես, որ շատ հաճախ հատկացումները ակնհայտորեն չեն համապատասխանում ծրագրի նպատակներին՝ ինչպես «Գիտակ»–ի դեպքում։ (Ի դեպ, ՀՀ կառավարության կողմից հաստատված փաստաթղթից է «օբյեկտ» բառը): Բացի դրանից, փոփոխության է ենթարկվել բոլորին լավ հայտնի և վերադասվարչարարների կողմից պարզապես զազրելի, «թեմատիկ» ֆինանսավորման վերնագիրը, որն իրականում հանդիսանում է հետազոտական խմբերին ուղիղ հասցեագրված ֆինանսավորում՝ դրանից բխող ակնհայտ հետևանքներով։ Այս մասին 90–ականների կեսերից սկսած այնքան է գրվել ու քննարկվել, որ արդեն ձանձրույթ է առաջացնում դրա մասին խոսելն ու ապացուցելը, որ «մածունը սպիտակ է», եթե, իհարկե, այն միտումնավոր չի կեղտոտած ի սկզբանե։ Ինչևէ, այսօրվա պետբյուջեում այն վերնագրված է «պայմանագրային/թեմատիկ ծրագրով բազային ֆինանսավորում» և ներկայացված է ընդամենը մեկ՝ 1 մլրդ. 546 մլն. 866 հազ. դրամ, թվով։ Վերնագրի մեջ «բազային» բառի ներմուծումը առաջին  հայացքից կարելի էր վերագրել ընդամենը ճաշակի խնդրին։ Սակայն, համոզված եմ, որ այն նույնպես շատ լավ մտածված և խորամանկ քայլ է։ Այդ ամենը արված է գումարները, պարզապես, մեկ թվով ներկայացնելու համար։ Իսկ մեկ թվով ներկայացմամբ չեն բացվում ինչպես «պայմանագրային/թեմաների» ցանկը, այնպես էլ ԳՊԿ–ի «դե յուրե» ղեկավարի կողմից շեփորահարվող «անկախ փորձագիտական համակարգի» միջոցով, այդ «թեմաների» հասցեատերերն ու հատկացված հաստիքների արտառոց պատկերը։ Քանի որ, հարկատուներին պարզ կդառնար, թե ովքե՞ր են մեր այսօրվա գիտության մշակները, ովքե՞ր են խիստ «անաչառ» ԲՈՀ–ի թեթև ձեռքով հաջողության հասել գիտական աստիճաշնորհման շքերթում, իսկ հետո ՀՀ ԿԳՆ ԳՊԿ–ի «անկախ գիտական փորձաքննության» երաշխավորմամբ ֆինանսավորվել՝ աշխարհացունց գիտական ձեռքբերումների համար նաև, որի համար և հարկատուները պարտավոր են հարկ վճարել պետությանը։ Այսինքն, հանրությանը, հատկապես գիտական, պարզ կդառնար թե՞ ինչպես կարելի է այլասերել նաև մրցակցային, այսինքն գիտական արժանիքով պայմանավորված և հասցեագրված ֆինանսավորման մեխանիզմը։ Պարզ կդառնար, թե՞ որտեղից գոյացավ «շուրջ 7.5 հազ. գիտնական և գիտաշխատողների» բանակը (կարծում եմ այսօր Հայաստանում կան միայն գիտաշխատողներ և հարևանների մոտ «գիտնական» ներկայացողներ, չնայած որ հարևանները լավ էլ գիտեն թե ով, ո՞վ է)։ Այսքանից հետո էլ մեր նորօրյա չինովնիկները, դեմքի տառապյալի տեսքով, հայտարարում են հասարակության մեջ գիտության վարկի անկման մասին։ Է՜, թող մեր գիտության «նվիրյալ» չինովնիկները գիտության վարկը չգցեն ՝  բարձրացրացնել պետք չի, ամենևին։  Հասարակությունը ո՛չ հիմար է և, ո՛չ էլ կույր և դրա համար էլ ձևավորվում է համատասխան վարկ։  Շա՞տ եք ուզում գիտության վարկը չգցել, նախ ուսումնասիրեք 2001-ից հետո ԲՈՀ–ի կողմից հաստատված գիտական աստիճաններ ստացածների ցանկը, ներառյալ, այսպես ասած «նոստրոֆիկացիաները» ու ցույց տվեք համապատասխան վերաբերմունք։ Կարծում եմ կհամոզվեք, որ հասարակության մեջ գիտության վարկի անկումը հակադարձ համեմատական է չինովնիկների շրջանակում գիտական աստիճանի «արժևորմանը»…։ Կտեսնեք, թե ԲՈՀ–ի կողմից քանիսն են աստիճանավորվել և, այնուհետև ԳՊԿ–ի կողմից ստեղծված «անկախ փորձագիտական համակարգի» երաշխավորմամբ, ընդամենը, փող ստացել ու  ստանում գիտության առանց այն էլ սուղ միջոցներից։ Հետո նոր կմտածեք միջազգային գիտական հանրության հետ ինտեգրվելու մասին, որն իսկապես շատ պետք է մեզ այսօր։
 
Հարցազրույցը՝ Օ. ՍԱՐԳՍՅԱՆԻ
«Առավոտ», 21 հուլիս, 2010թ.

lragir.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4