
Բաղմանյանի շքեղ մեքենան Մոսկվայի Ալիկն է նվեր տվել, մեր ընկերները մեզ տարբեր հարցերով օգնել են, որ բանակից բան չգողանանք. Սեյրան Սարոյան (տեսանյութ)
ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի համար ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանի աշխատանքից ազատվելն անակնալ չի եղել:
Նա այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց, թե «Հայկազ Բաղմանյանը շուտվանից էր ուզում դուրս գալ բանակից»:
«Դաժը ես եմ էն վախտ ասել, որ դուրս մի արի»,- շարունակեց նա:
Սարոյանը կարծում է, որ ԶՈւ-ում իր ծառայությունը Հայկազ Բաղմանյանը միշտ լավ է կատարել։ Նա Հայկազ Բաղմանյանի պաշտոնից ազատվելը կապում է ԶՈւ-ն նոր կադրերով համալրվելու հետ:
«Հիմա Բաղմանյան Հայկազի վրա ցեխ շպրտենք ու պրծա՞նք, վե՞րջ։ Մի քանի անգամ էլ կարող է հրաման չի կատարել կամ թերացել է», – նշեց նա։
Դիտարկմանը, որ ԶՈւ-ում ծառայելուն զուգահեռ Բաղմանյանը բիզնես է դրել ու բանակի հաշվին հարստացել է, շքեղ մեքենա ունի, Սարոյանն արձագանքեց. «Էդ շքեղ մեքենան ես գիտեմ որտեղից ա՝ Մոսկվայի Ալիկն ա նվեր տվել։ Մենք խի ընկերությո՞ւն չունենք, շրջապա՞տ չունենք, բա մեր դրսի ընկերներն ի՞նչ համար են»:
Գեներալը պնդեց, թե ոչ ոք չի հարստացել բանակի հաշվին, ավելին՝ նշեց, որ իրենց դրսի ընկերները, տեսնելով, որ իրենք գողություն չեն անում բանակից, օգնում են իրենց։
«Ընկերություն ունենք, որ գալիս, տեսնում են՝ 24 ժամ ծառայել ենք, էդ տղերքը մեզ տարբեր հարցերով օգնել են, որ էս ունենանք, էն ունենանք ու բանակից բան չգողանանք», – եզրափակեց Սեյրան Սարոյանը։
Վերջինս հավելեց, որ ինքը մի բան գիտի՝ Բաղմանյանը լավ ծառայել է, ապրիլյան պատերազմի ժամանակ է միշտ առաջնագծում է եղել, ավելին, եթե վաղը մի բան լինի էլի բոլորը՝ ինքը, Մանվել Գրիգորյանը, Հայկազ Բաղմանյանը գնալու են ծառայության:
tert.am
Leave a Reply