September 25, 2023

Հայաստան-Իրան բարեկամությունն առաջիկայում ռեգրես կապրի. Փաշինյան

Դեկտեմբերի 10-ից 12-ը տեղի է ունեցել  ԱԺ Հայաստան-Իրան բարեկամանական խմբի հանդիպումը: Պատվիրակության կազմում եղել է նաեւ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Վերջինիս կարծիքով՝ Հայաստան-Իրան հարաբերությունները գտնվում են լճացած վիճակում:
«Ցանկանում եմ մի քանի տպավորություն կիսել Հայաստան-Իրան հարաբերությունների վերաբերյալ, որը պատվիրակության մյուս անդամները կարող են եւ չկիսել։

Հայաստան-Իրան հարաբերությունները գտնվում են լճացման վիճակում։ Եթե իրավիճակում էական փոփոխություններ տեղի չունենան, առաջիկայում հայ-իրանական ոչ մի լուրջ երկկողմ նախագիծ չի իրագործվելու, եղածների ընթացքն էլ դանդաղելու, լճանալու է։ Պատճառն այն է, որ Հայաստանի հետ հարաբերությունները խորացնելու հարցում Իրանի մոտիվներն արգելակվել են, եւ սա տեղի է ունեցել երեք հիմնական պատճառով․

1․ Սիրիայի եւ Մերձավոր արեւելքի մի շարք կնճռոտ հարցերի վերաբերյալ Թուրքիայի եւ Իրանի դիրքորոշումները մերձեցել են եւ սա հետհարվածով որոշակի ազդեցություն է ունենում Իրան-Հայաստան հարաբերությունների վրա եւ այդ ազդեցությունը որոշակի գործնական հետեւանքներ արդեն իսկ ունենում է եւ առաջիկայում էլ կունենա։ Ակտիվանում են նաեւ Իրան-Ադրբեջան կապերը եւ Իրան-Թուրքիա մերձեցումը նպաստում է դրան։ Այս պրոցեսին նպաստում է նաեւ այն, որ Ռուսաստանը որպես լիարժեք կողմ՝ Սիրիայի հարցով եռյակի մեջ է Իրանի եւ Թուրքիայի հետ, իսկ այսպես կոչված Հյուսիս-Հարավ նախագծի հարցով՝ Իրանի եւ Ադրբեջանի հետ։

2․ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո Իրանն առանձնապես տրամադիր չէ Հայաստանի հետ երկկողմ հարցեր քննարկել։ Նրա համար շատ ավելի հետաքրքիր է հարցերը քննարկել ԵԱՏՄ-ի հետ, որտեղ Հայաստանը շատ փոքր տեղ է զբաղեցնում եւ ամենեւին էլ որոշիչ դերակատարում չունի։ Եթե նույնիսկ ունի, Հայաստանի համար հետաքրքրություն ներկայացնող հարցերը Իրանին ավելի հարմար է քննարկել ԵԱՏՄ-ի ֆորմատով, որովհետեւ այստեղ խոսակցությունը ավելի մեծ է եւ ներառում է նաեւ Հայաստանը։ Բայց այս ֆորմատով Հայաստանի շահը առնվազն մենակ չէ եւ հավասարակշռվում, եթե չասենք՝ հակակշռվում է Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի, Ղրղզստանի շահերով։ Այս երկրներից շատերի շահերը հակոտնյա են Իրան-Հայաստան երկկողմ նախագծերի շահերին։

Ասվածը չի նշանակում, թե Իրանը դադարել է Հայաստանի բարեկամ երկիր լինել։ Ոչ ամենեւին։ Պարզապես այդ բարեկամությունն, իմ կարծիքով, առաջիկայում կլինի ամուլ եւ որպես հետեւանք՝ ռեգրես կապրի։ Սա չափազանց մտահոգիչ է, որովհետեւ կարող է հանգեցնել ԼՂ հարցում Իրանի հավասարակշռող դերակատարման խախտման՝ ոչ հօգուտ Հայաստանի։

Նշեմ նաեւ, որ Իրանում մեր ունեցած հանդիպումների մասին կարող եք ամբողջական տեղեկատվություն ստանալ ԱԺ պաշտոնական կայքից՝ parliament.am: Գրառմանս նպատակը տպավորություններ կիսելն է եւ արձանագրելը, որ խնդրի հաղթահարումը լրջագույն մարտահրավեր է Հայաստանի արտաքին քաղաքականության համար։ Լուծումների մասին այս պահին չեմ խոսում։ Դրանց կանդրադառնամ հետագայում»,- ֆեյսբուքի իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը։

 armtimes.com

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4