
Ավստրալական ABC հեռուստաալիքով հեռարձակվող Media Watch հաղորդման ժամանակ հաղորդավար Փոլ Բերրին ծաղրել է West Australian պարբերականում տպագրված հոդվածը, որտեղ Ադրբեջանը անվանվում է «ժողովրդավար երկիր»: Հաղորդավարը համոզմունք է հայտնել, որ Ադրբեջանի հյուպատոսությունը կաշառել է «The West Australian» պարբերականին նման հոդված տպելու համար։
«Դուք երբեւ լսե՞լ եք Արեւմտյան Ավստրալիայի Պերտ քաղաքի եւ Բաքվի ընդհանրությունների մասին։ Պարզվում է՝ երկուսն էլ «ազատություն վայելող» քաղաքներ են»,-հեգնանքով հարց է ուղղել հաղորդավարը:
Նյութը հիշեցնում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ամբողջ աշխարհին հայտնի է որպես 2013 թվականին երրորդ անգամ անընդմեջ վերընտրված նախագահ: Բայց նաեւ, Ադրբեջանում, BBC-ի փոխանցմամբ, կառավարության գրեթե բոլոր քննադատները, այդ թվում `լրագրողները, քաղաքացիական հասարակության ակտիվիստները եւ իրավապաշտպանները ձերբակալվել են վերջին երկու տարիների ընթացքում:
Ծրագրի հաղորդավարն անդրադարձել է «Ադրբեջան լվացքատուն» կոռուպցիոն սկանդալին, որի միջոցով 2.9 մլրդ դոլար է ծախսվել Ադրբեջանի կողմից եվրոպացի քաղաքական գործիչներին եւ լրագրողներին կաշառելու համար:
Հաղորդավարի խոսքով՝ պարզ է, որ «The West Australian» պարբերականը համագործակցում է կոռումպացված պետության հետ, որը լրագրողներին պահում է բռունցքներով եւ անտեսում է երկրի առջեւ ծառացած խնդիրները:
Այդ հոդվածի առնչությամբ Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը նամակ է ուղարկել The West Australian պարբերականին։ Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբի տնօրեն Վաչե Քահրամանյանը նամակում նշել է, որ Ադրբեջանը ոչ միայն ոտնահարում է արժանապատվության նորմերը, այլ նաեւ անհարգալից վերաբերմունք է դրսեւորում ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ջանքերի նկատմամբ, ինչպես նաեւ արհամարհում է Հայաստանի հետ կնքած զինադադարի պայմանագիրը՝ սպանելով զինվորներին եւ քաղաքացիներին։
news.am
Leave a Reply