
Գերմանիայի Քյոլն քաղաքում ընթացիկ օրերին տեղի ունեցած նախաձեռնությունը՝ խաչքարի տեղադրումը, իր արձագանքներն է ունեցել ոչ միայն հայկական համայնքում, այլեւ՝ գերմանական շրջանակներում, ինչպես նաեւ թուրքական մամուլում, որը «սկանդալ» է որակել թուրքական ակտիվ համայնք ունեցող Քյոլն քաղաքում հայերի նման քայլը: Այդ մասին «Հայ Ձայն»-ին ասաց Գերմանիայի Հայ Առաքելական Եկեղեցու առաջնորդական փոխանորդ Սերովբե վարդապետ Իսախանյանը, որ օծել է ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի տեղադրված խաչքարը եւ ծանոթ է նրա տեղադրման նախապատմությանը: Առաջնորդական փոխանորդ Սերովբե վարդապետ Իսախանյանը «Հայ Ձայն»-ին այդ առիթով այլ մանրամասներ եւս ներկայացրեց: Նա ասաց, որ բնականաբար այն առաջին խաչքարը չէ, որ տեղադրվում է Գերմանիայում, եւ, նայելով վերջին տարիների համայնքային կյանքի պատմությունը, կարելի է նկատել, որ Գերմանիայի տարբեր քաղաքներում տեղադրվել են նման հուշարձաններ, ինչպես օրինակ, անցյալ տարի Բեռլինի Մայր տաճարի հարեւանությամբ տեղադրված խաչքարը, որը նա հատուկ կարեւորեց, նշելով, որ այն դրվել է Գերմանիայի մայրաքաղաքի հայտնի ու կենտրոնական վայրերից մեկում՝ Գերմանա-հայկական ընկերակցության եւ Գերմանիայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ:
Ինչ վերաբերվում է Քյոլնում տեղադրված խաչքարին, ապա մեր զրուցակիցը նշեց, որ համայնքը նման նախաձեռնությամբ դեռեւս երկու տարի առաջ էր հանդես եկել, համապատասխան դիմումներ են ուղարկվել քաղաքապետարան, քաղաքային խորհրդում հարցը երկար քննարկվել է, եղել են տարբեր կարծիքներ ու քննարկումներ, բայց ի վերջո, Քյոլնի համայնքի վարչությունը, հարցը բավական երկար եւ հետեւողական հետապնդելուց հետո, հաջողության է հասել՝ այս տարվա սկզբին ստանալով արտոնությունը:
Հիշատակի խաչքարը դրվել է Քյոլնի քաղաքային գերեզմանատանը, որտեղ, ինչպես տեղեկացանք, հայկական բաժին կա, եւ հենց հայկական բաժնի մուտքին էլ զետեղվել է այն:
Գերմանահայոց թեմի առաջնորդական փոխանորդը նշեց, որ իհարկե, այնտեղ տեղադրելու հարցի շուրջ թեր եւ դեմ կարծիքներ եղել են, բայց ա՛յդ է եղել հայերին տրված հնարավորությունը եւ պետք էր օգտագործել առիթը:
«Խաչքարի վրա քաղաքապետի եւ քաղաքային խորհրդի համաձայնությամբ գրվեց «ցեղասպանություն» բառը, ինչպես նաեւ՝ 1915-1916 թվականներին տեղի ունեցած «հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին» արտահայտությունը, ինչը թուրքերի մոտ բավական իրարարանցում առաջացրեց, փորձեցին աղմուկ հանել: Մեր կողմից ցանկություն կար, որ հիշվի նաեւ «Օսմանյան կայսրություն» արտահայտությունը, բայց դրա շուրջ ընդհանուր որոշում չկայացվեց քաղաքային խորհրդում եւ այդ բառերը զանց առնվեցին»,-նշեց Գերմանիայի Հայ Առաքելական Եկեղեցու առաջնորդական փոխանորդ Սերովբե վարդապետ Իսախանյանը, ավելացնելով, որ դա հավանաբար փոքր-ինչ ընդառաջում էր թուրքական կողմին, քանի որ թուրքերը, մինչեւ իրենց արտգործնախարարություն եւ եւրոպական հարցերի գծով նախարարություն, փորձել են միջամտել, որպեսզի խաչքարն ընդհանրապես չտեղադրվի, իսկ եթե պիտի տեղադրվի, ապա նրա վրա չգրվի «ցեղասպանություն» բառը:
«Երբ տեսան, որ այդ բանն ի վիճակի չեն արգելելու, ուրեմն «Օսմանյան կայսրություն» բառերը զանց առնվեցին, եւ այս կետում թերեւս ընդառաջում եղավ նրանց: Բացման հաջորդ օրը թուրքական թերթերը տեղի ունեցածը «սկանդալ» որակեցին՝ նշելով, որ 100 հազարանոց թուրքական համայնք ունեցող Քյոլն քաղաքում թուրքական տեսակետն անտեսվեց, եւ 5 հազարանոց հայկական համայնքի ցանկությունն իրականացավ: Մենք մեր առջեւ ունեինք առավելագուն եւ նվազագույն նպատակ, եւ պետք է ասել, որ առավելագույնին չհասանք, բայց նվազագույնից ավելին արեցինք: Իհարկե, մեր բոլոր ցանկությունները չեղան, բայց այնպիսի որոշում եղավ, որ մեզ համար ընդունելի էր»,-նշեց Գերմանահայոց թեմի առաջնորդական փոխանորդ Սերովբե Իսախանյանը, չմոռանալով կրկին հիշել այս նախաձեռնության իրականացման բարերարին՝ Սանկտ Պետերբուրգից Հրաչյա Պողոսյանին, որի միջոցներով էլ իրականություն է դարձել համայնքի ցանկությունը:
Նա բարերարին բնորոշեց իբրեւ հայ եկեղեցու նվիրյալ, որի տարբեր նախաձեռնություններին ծանոթ են թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքի մի շարք երկրներում, եւ որին շնորհվել է մեր եկեղեցու բարձրագուն շքանշանը:
Մեր այն հարցին, թե արդյո՞ք թուրքական դժգոհությունը չի տեղափոխվի հայկական գերեզմանատուն եւ խաչքարը հարձակման թիրախ չի՞ դառնա, «Հայ Ձայն»-ի զրուցակիցը նշեց, որ չկա նման վախ, քանի որ կարծում է, թե հանգուցյալների հիշատակի վայրը, որտեղ այն դրված է, նվիրական վայր է ցանկացած կրոնի ներկայացուցչի համար, եւ դժվար թե համարձակվեն նման քայլի դիմելու: Նա այդ առումով հատկանշական նկատեց, որ Գերմանիայում, ի տարբերություն այլ երկրների, հայկական հուշարձանները գրեթե հարձակման թիրախ չեն թուրքերի կողմից, մինչեւ հիմա թերեւս մի դեպք է եղել, երբ Գերմանիայի հյուսիսային մի փոքր քաղաքում խաչքարի վրա ինչ-որ բան են արել, որը լուրջ վնաս չէր: «Այդ իմաստով ես լավատես եմ, որ հայկական հուշարձաններն ու խաչքարերը Գերմանիայում հարյուրամյակներով կանգնած պիտի լինեն, եւ ոգեկոչեն ցեղասպանության զոհերի հիշատակը»,-մեր զրույցը եզրափակեց Գերմանիայի Հայ Առաքելական Եկեղեցու առաջնորդական փոխանորդ Սերովբե վարդապետ Իսախանյանը:
Հարցազրույցը ՝ Ս. Ա.ի
haydzayn.am
Leave a Reply