September 25, 2023

Ինձ ձեր ձեռնարկներին մի կանչեք, ես էլ ձեզ դեսպանություն չեմ հրավիրի. Հունաստանում ՀՀ դեսպան-ՌԱԿ հարաբերությունները մնում են լարված

Թեև ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը արձագանքել է «Հունաստանում ՀՀ դեսպան Չարչողլյանի սկանդալային քայլերի մասին» մամուլում հրապարակված լուրերին՝ նշելով, որ Հունաստանում ՀՀ դեսպանությունն ավանդական ջերմ հարաբերություններ ունի համայնքային բոլոր կառույցների, այդ թվում՝ հայկական ավանդական քաղաքական կուսակցությունների տեղական մարմինների հետ, որոնք հիմնված են համագործակցության և փոխաջակցության վրա», Հունաստանի Ռամկավար ազատական կուսակցության պատվո ատենապետ Սարգիս Խաչատրյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մանրամասներ է ներկայացնում Հունաստանում ՌԱԿ-ի և ներկա դեսպանի ծագած հակադրություններից:

Պատճառը, ինչպես պատմում է Սարգիս Խաչատրյանը, դեսպանի՝ ՌԱԿ 96-ամյակին նվիրված հանդիսությանը ներկա չլինելու և տապալելու փորձն էր: Բանն այն է, որ Հունաստանի գլխավոր ընդդիմադիր ուժի՝ «Նեո-Դեմոկրատիա» կուսակցության անդամ, Աթենքի նախկին քաղաքապետ, նախկին արտգործնախարար Դորա Բակոյաննիսի՝ այս հանդիսությանը մասնակցությանը դեսպանը դեմ է եղել և նրան ադրբեջանամետ է անվանել: Դեսպանը հրաժարվել է մասնակցել միջոցառմանը՝ պատասխանելով, որ ռամկավարները Հայաստանի դեմ են. «Նա դեմ էր, և վերջում էլ ասաց, որ մենք՝ ռամկավարներս, Հայաստանին դեմ ենք: Դժբախտաբար, նա ոչինչից տեղյակ չէ: Մենք համայնավարությանը դեմ էին, բայց հայրենիքը սնանկ է ասելով, 70 տարի հայրենիքի կողքին էինք, պայքար էինք տանում հայրենիքի համար, բայց Դաշնակցությունը, որ 70 տարի գործեց Հայաստանի դեմ, հիմա այստեղի դեսպանը ուզում է նրանց հետո գործակցել: Իր գիտնալիքն է: Մինչդեռ ուզում եմ հիշեցնել, որ 46-ի ներգաղթը, երբ կազմակերպվեց, մենք կազմակերպեցինք, Հունաստանից 19.721 հոգի եկան Հայաստան: Իսկ այսօր հազարներով մարդիկ լքում են Հայաստանը, և մարդիկ փոխանակ սրա մասին մտածեն, մեր՝ ռամկավարներիս դեմ են խոսում: Առաջին անձն է, որ ռամկավարների դեմ է խոսում»,- հավելեց պատվո ատենապետը:

Հարցին՝ արդյո՞ք ուզում են՝ դեսպանը փոխվի, նշեց, որ դա իրենց գործը չէ, դա Հայաստանի իշխանությունների գործն է և որոշելիքը. «Մենք չենք ուզում խնդիրները շարունակվեն դեսպանի հետ, բայց դեսպանի արածը ճիշտ չէր, նա չէր կարող ՌԱԿ-ը, որ Հայաստանի համար կյանք է տվել, ասեր, որ հայրենիքի դեմ եք: Երբ Ստալինը ասաց, որ մեկ միլիոնից պակաս չպետք է լինի, մենք այդքան աջակցեցինք, և մենք այսօր հայրենիքի դեմ եղա՞նք»:

Սարգիս Խաչատրյանը նշեց, որ դեսպանը հրաժարվել է ՌԱԿ-ի ցանկացած միջոցառմանը մասնակցելուց. «Ինձ ձեր ձեռնարկներին երբեք մի կանչեք, և ես էլ երբեք ու երբեք ձեզ դեսպանություն չեմ հրավիրի: Բացի այդ, դրանով դեսպանը չսահմանափակվեց, նա կրոնականներին՝ կաթոլիկ, ավետարանական, էջմիածնական, բոլորին հրահանգեց՝ չգան մեր միջոցառմանը և շատերը չեկան, բայց ժողովուրդը, փառք Աստծո, տեղ ու դադար չկար, մենք տոնեցինք, սրահը լեցուն էր»,- ասաց պատվո ատենապետը՝ հավելելով, որ դեսպանը Դաշնակցության յուրաքանչյուր միջոցառման գնացել է, երբ Արամ կաթողիկոսն է եկել, օդանավակայան է գնացել։ «Սա իր գիտնալիքն է, մենք Մայր աթոռին հավատարիմ ենք, Անթիլասի հետ կապ չունենք»,- հավելեց նա:

1in.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4