
«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը:
– Պարոն Մելիքյան, ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին ընդունվել է հայտարարություն «ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների միջնորդական ջանքերին աջակցելու» վերաբերյալ։ Ինչո՞վ է պայմանավորված, որ ՀԱՊԿ-ն այս պահին նման հայտարարությամբ է հանդես գալիս: ՀԱՊԿ-ի դիրքորոշման մեջ ինչ-որ բա՞ն է փոխվել:
– ՀԱՊԿ-ը ռազմական կառույց է, որը համախմբում է անդամ-պետություններին իրենց անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը համատեղ ջանքերով ապահովելու նպատակով: Այս տեսանկյունից բնական ու հասկանալի կլիներ, եթե ՀԱՊԿ-ը հանդես գար մի հայտարարությամբ, որում կդատապարտեր ադրբեջանական զինուժի կողմից Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերի պարբերական գնդակոծումները և կզգուշացներ պաշտոնական Բաքվին այն մասին, որ նման ագրեսիվ գործողությունները կանխելու համար կազմակերպությունը կձեռնարկի իր բոլոր անհրաժեշտ միջոցները: Այն հայտարարությունը, որն ընդունվեց Մինսկում, ընդամենը ևս մեկ անգամ հավաստում է, որ հակամարտության կարգավորման միակ ճշմարիտ ուղին արցախյան տարածքներից մոտ 8000 քառակուսի կիլոմետրի հանձնումն է Ադրբեջանին, ինչի դիմաց միգուցե երբևէ պաշտոնական Բաքուն ճանաչի արցախահայության ինքնորոշման իրավունքը Ստեփանակերտի վերահսկողության տակ մնացած նախկին ԼՂԻՄ-ի տարածքում, այն էլ, հավանաբար, Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, այսինքն՝ բացառապես ինքնավարության կարգավիճակով: Սա է լինելու հայ բանակցողների քաղաքական մոտեցումների կիրառման իրական արդյունքը, իսկ ՀԱՊԿ-ի կողմից ընդունված այս հայտարարությունն էլ դեպի նշված ավարտը տանող հերթական հանգրվանը կարելի է համարել:
– Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը մեկնել է Արցախ: Ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը մեկնել Արցախ հիմա:
– Թերևս տրամաբանական է, որ ՀԱՊԿ անդամ-պետությունների ղեկավարների մինսկյան հանդիպումից անմիջապես հետո նա մեկնել է Արցախ, ուր պարոն Բակո Սահակյանի հետ համատեղ անցկացրել է Արցախի պաշտպանունակության ամրապնդման խնդիրներին նվիրված խորհրդակցություն: Ես այն տեսակետն ունեմ, որ, հավանաբար, շուտով շփման գծում իրավիճակը կրկին սկսելու է թեժանալ, և չեմ բացառում, որ գուցե ՀՀ գործող իշխանությունները ևս այս առումով մտահոգվելու համար կոնկրետ պատճառներ կարող են ունենալ:
– Գեներալների ազատման լուրերը պարբերաբար հայտնվում են մամուլում: Ի՞նչ եք կարծում՝ գեներալներից ազատվելու ցանկությո՞ւն կա: Եվ նրանց ազատվելու դեպքում արդյոք լուրջ փոփոխություններ կարելի՞ է ակնկալել:
– Իսկապես, այն տպավորությունն է ստեղծվում, որ ապրիլյան պատերազմից հետո ՀՀ քաղաքական ղեկավարությունը տարբեր պատրվակներով առաջին Արցախյան պատերազմի բովով անցած ազատամարտիկ/գեներալներին պաշտոնանկ անելու և կառավարման համակարգից դուրս մղելու քաղաքականություն է որդեգրել: Այս ամենը հակասական զգացմունքներ է արթնացնում: Մի կողմից՝ անուրանալի է, որ այդ մարդկանց մեծ մասն անձնվիրաբար ծառայել է Հայրենիքին ու սեփական արյամբ է վճարել մեր ընդհանուր հաղթանակի համար: Մյուս կողմից՝ խաղաղության տարիներին (իսկ ոմանք անգամ պատերազմական օրերից սկսած) նրանք իրենց իրավունք են վերապահել ինքնուրույն սահմանելու սեփական արյան գինը և, օգտագործելով պաշտոնեական դիրքն ու վայելելով քաղաքական ղեկավարների հովանավորությունը, ապօրինաբար մեծ հարստություն դիզել, այդ թվում՝ իրականացնելով բանակի թալանն ու կեղեքելով շարքային զինվորներին:
Այդ մարդկանց մեծ մասը երբևէ աչքի չի ընկել քաղաքական-քաղաքացիական սկզբունքայնությամբ և մշտապես սատարել է իշխանության ապօրինությունները: Շատերի կարծիքով՝ տարածքներ հանձնելու ծրագրերին դեմ գնալու իրական ներուժը միայն բանակն է պահպանել, բայց բանակն ինքնին անդեմ ու անկառավարելի մի բան չէ՝ այն ներկայացված է շատ կոնկրետ մարդկանցով, ում հանդեպ վերաբերմունքն էլ պայմանավորված է անձնական իրական ու կարծեցյալ արժանիքներով, և այստեղ ամբողջ հարցն այն է, թե նրանցից կոնկրետ ովքեր են ունակ համախմբելու զինակիցներին և ընդդիմանալու հողատվության իշխանական ծրագրերին: Այս տեսանկյունից պատերազմի բովով անցած հրամանատարներն առավել մեծ վտանգ կարող էին ներկայացնել, եթե մինչ այդ, իշխանության հետ սերտաճելով, ոսկե հորթի ծառան չդառնային: Այժմ, կարծես թե, որոշվել է բանակում բտված ոսկե հորթը մորթել՝ սպասավորներով հանդերձ ու, թերևս, հենց այդ կերպ կանխել ներբանակային հնարավոր ընդվզումները:
– Պարոն Մելիքյան, ի՞նչն է Սերժ Սարգսյանի մոտիվացիան նոր Գլխավոր շտաբի ձևավորման հարցում՝ ռազմաքաղաքակա՞ն իրողությունները, թե՞ սեփական քաղաքական ծրագրերը իրագործելը:
– Ինչ փոփոխություններ էլ կատարվեն այս կառույցում մոտ ապագայում, դրանք պետք է տեղավորվեն պարոն Սարգսյանի ապագա քաղաքական ծրագրերի տրամաբանության շրջանակներում, համապատասխանեն դրանցով սահմանված նպատակներին: Ամեն դեպքում չէի ցանկանա, որպեսզի հատկապես այս կառույցում պատասխանատու պաշտոնների նշանակվեին մասնագիտական համեստ ունակությունների տեր անլեզու գորշ միջակություններ:
Leave a Reply