Հայկական ոսկին փոխել է արտահանման ուղղությունը դեպի Շվեյցարիա

Շվեյցարիան Հայաստանի ամենակարևոր և ակտիվ առևտրային գործընկերներից մեկն է: Այս մասին օրեր առաջ հայ-շվեյցարական բիզնես-ֆորումի շրջանակում հայտարարել է Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Գասերը:

Վիճակագրությունը ևս վկայում է, որ Շվեյցարիան Հայաստանի համար խոշոր առևտրային գործընկեր է։ Այս տարի առևտրաշրջանառության կտրուկ աճ է նկատվում։ Նույն վիճակագրությունը նաև ցույց է  տալիս, որ Շվեյցարիայի հետ Հայաստանի առևտուրն աճել է Կանադայի հետ առևտրի ծավալների նույնքան կտրուկ նվազման «հաշվին». հայկական ոսկին փոխել է արտահանման ուղղությունը, եթե նախկինում այն առաքվում էր Կանադա, ապա այսօր՝ Շվեյցարիա։ Եվ ինչպես առևտրային երկրորդ գործընկերոջը՝ Չինաստանին, այնպես էլ՝ Շվեյցարիային Հայաստանը վաճառում է հիմնականում հանքահումք։

 

Շվեյցարիան առևտրի ծավալներով Հայաստանի երրորդ գործըներն է

Ամենաթարմ տվյալներով՝ այս տարվա առաջին տասը ամիսներին (հունվար-հոկտեմբեր) Հայաստանի և Շվեյցարիայի միջև առևտրաշրջանառությունը կազմել է ավելի քան 275 մլն դոլար։ Ըստ Ազգային վիճակագրական ծառայության (ՀՀ ԱՎԾ) 2016  թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ այն 3 անգամով աճել է։

Մասնավորապես, Հայաստանից Շվեյցարիա արտահանումն այս ընթացքում աճել է 3.6 անգամով՝ կազմելով ավելի քան 209 մլն դոլար։

Զուգահեռաբար աճել է նաև ներմուծումը, սակայն այն բացարձակ թվով շատ ավելի փոքր է։ Այն կազմել է մոտ 66 մլն դոլար, աճը՝ 97.9%:

Այսպիսով, այսօրվա դրությամբ Շվեյցարիան Հայաստանի քիչ գործընկերներից է, որի հետ առևտրի հաշվեկշիռը դրական է՝ ավելի շատ արտահանում ենք, քան ներմուծում։

Ընդհանուր առմամբ, Շվեյցարիայի հետ առևտրաշրջանառությունը զբաղեցնում է Հայաստանի արտաքին առևտրի 5.5%: Շվեյցարիան Հայաստանի առևտրային գործըներների շարքում երրորդն է Ռուսաստանից և Չինաստանից  հետո։

Հայաստանի արտահանման կազմում Շվեյցարիայի կշիռը 12% է, իսկ ներմուծման կազմում՝ 2%:

Վերջին տասը տարիներին Հայաստանի Շվեյցարիա արտահանման ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է այս տարի։ Իսկ ներմուծումն ամենաբարձրը եղել է 2013 թվականին՝ պայմանավորված մեծածավալ ոսկու ներմուծմամբ։

Ոսկի և պղինձ՝ դեպի Շվեյցարիա

Մաքսային ծառայությունը պարբերաբար մանրամասն հրապարակում է արտաքին առևտրի տվյալները։ Վերջին տվյալները այս տարվա առաջին կիսամյակինն են։ Ըստ այդ տվյալների (ինչպեսև ԱՎԾ տվյալներով) ՝ Հայաստանն առաջին կիսամյակում Շվեյցարիա է արտահանել մոտ 127 մլն դոլարի ապրանք, որից  ավելի քան 75 մլն դոլարը ոսկին է (բացի Շվեյցարիայից, այլ երկիր Հայաստանը ոսկի չի արտահանել, մաքսային ձևակերպումը՝ ոսկի (ներառյալ պլատինի գալվանական պատվածքով); փոշի), ավելի քան 30 մլն դոլարը՝ պղնձի խտայութը, 5.4 մլն դոլարը՝ ադամադը։ Այսինքն՝ միայն այս երեք ապրանքները զբաղեցրել են դեպի Շվեյցարիա արտահանման  87%-ը։

Մինչդեռ, նախորդ տարվա առաջին կիսամյակում Հայաստանը ոչ պղնձի խտանյութ, ոչ էլ ոսկի չի արտահանել Շվեյցարիա։ Հետևաբար, դեպի Շվեյցարիա արտահանման նման կտրուկ աճը պայմանավորված է այս երկու ապրանքների արտահանմամբ, առավելապես՝ ոսկու։

Մինչ այս տարի Հայաստանում արդյունահանված ոսկու արտահանման հիմնական շուկան Կանադան էր։ Հենց ոսկու ծավալների շնորհիվ էլ Կանադան Հայաստանի աևտրային գործընկերի շարքում առաջատար դիրքեր էր գրավում։

Օրինակ, 2016 թվականին Հայաստանը Կանադա է արտահանել մոտ 140 մլն դոլարի ապրանք, որի 94%-ը միայն ոսկին է։ Կանադան Հայաստանի արտահանման կազմում նախորդ տարի զբաղեցրել է 7.8%-ը։ Իսկ այս տարվա հունվար-հոկտեմբերին՝ ընդամենը 0.7%-ը։ Հայաստանը ոսկի չի արտահանել դեպի այս երկիր։ Փոխարենը այն ուղղել է դեպի Շվեյցարիա։  Հունվար-հոկտեմբերին Հայաստանից Կանադա արտահանումը կազմել է ընդամենը 11.6 մլն դոլար։

Արդյունքում, եթե այս տարվա հունվար-հոկտեմբերին Հայաստանից դեպի Շվեյցարիա արտահանումն աճել է 3.6 անգամով, ապա դեպի Կանադա արտահանումը նվազել է 9.8 անգամով։

Ավելի վաղ, երբ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը լրագրողների հետ հանդիպմանը ամփոփում էր ոլորտի վերջին տարվա զարգացումները, հարց ուղղեցինք, թե արտահանման ընդհանուր աճի ֆոնին ինչո՞վ է պայմանավորված հիմնական գործընկերներից մեկի՝ Կանադայի հետ առևտրի ծավալների նման գզալի անկումը։ Նախարարը պատասխանեց, որ մեր արտադրատեսակները ուղղվել են այն երկրներ, որտեղ ավելի մրցունակ են եղել։ «Մենք, միանալով ԵԱՏՄ-ին, դյուրացրել ենք պայմանները և ուղղվածությունը հիմա դեպի այդ շուկաներ է և ԵՄ։ Չնայած Կանադայի հետ մենք ևս ունենք արտոնյալ ռեժիմ և իմ կարծիքով՝ նվազումը ժամանակի խնդիր է, ծավալները նորից կվերականգնվեն»,- ասաց նախարարը։ Մինչդեռ, Մաքսայինի տվյալները ցույց են տալիս, որ անկումը պայմանավորված է միայն  ոսկու «տեղաշարժով», իսկ հայկական այլ ապրանքների նկատմամբ Կանադան մեծ հետաքրքրություն չունի։

 

Շվեյցարիայից գնում ենք ոսկի, դեղեր ու  ադամանդ

Պաշտոնական տվյալներով՝ այս տարվա առաջին կիասմյակում Շվեյցարիայից Հայաստան ներմուծվել է 43 մլն դոլարի ապրանք, հիմնականում՝ ադամադ, ոսկի և դեղամիջոցներ։ Նշենք, որ Հայաստանից արտահանվող ոսկին դորե ձուլվածքի տեսքով է՝ մեծ մասը ոսկի, մյուս հիմնական մասը՝ արծաթ։ Այն գնորդ երկրները հետագայում վերմշակման են ուղարկում։ Իսկ Հայաստան ներմուծվող ոսկին հիմնականում վերամշակված է լինում և պիտանի ոսկերչական իրերի արտադրության համար, ինչպես նաև՝ որպես բանկային ոսկի։ Հայաստանի պետական եկամուտների կոմիտեից «Հետք»-ին տրամադրված տվյալների համաձայն` վերջին հինգ տարում Հայաստան ոսկի են ներմուծել հիմնականում բանկերը։

Շվեյցարիայից նաև որոշակի ներդրումներ են հոսում Հայաստան։ Ներդրումներին կանդրադառնանք առանձին։

hhetq.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,