Պարտքի շեմը կբարձրանա. 2018թ. Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի կունենա $2200 պարտք

Անցած շաբաթ կառավարության նիստի ժամանակ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ներկայացրեց ՀՀ բյուջետային համակարգի մասին և Պետական պարտքի մասին օրենքներում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագծերը: Վ. Արամյանն առաջարկված փոփոխությունները նաև ներկայացրեց որպես երկար քննարկված հարց, որն ուղղված է հարկաբյուջետային նոր քաղաքականությանը, որը պատրաստվում է վարել կառավարությունը: «Այսօր մենք ունենք հետևյալ նորմերը՝ Պետական պարտքի մասին օրենքով ասվում է, որ եթե 50 տոկոս գերազանցում ես պետական պարտքը, ապա հաջորդ տարին դու պետք է ծրագրավորես նախորդ երեք տարիների միջին ՀՆԱ-ի 3 տոկոսից ոչ ավելի պակասուրդ, և 60 տոկոսի գերազանցման դեպքում պարտքն առ ոչինչ է. սա խիստ կոշտ մոտեցում է: Նշել ենք երեք շեմ՝ 40, 50 և 60 տոկոս: Եթե պարտքը 40 տոկոսից ավելի է, պետք է աշխատի այն նորմը, որ քո կապիտալ ծախսերը պետք է ավելի լինեն, քան պակասուրդը, եթե 50–ից ավելի է, ապա կոշտացնում ես պայմանները, կանոն ես դնում ընթացիկ ծախսերի աճի վրա: Իսկ եթե 60 տոկոսից գերազանցում է ՝ ավելի կոշտացնում ես, որ ընթացիկ ծախսերը կապես նաև միջին եկամուտների հետ»,- ասաց նա:
Եվ այս մեկնաբանությունից հասկանալի է դառնում, որ կառավարությունը պատրաստվում է առաջիկայում պետական պարտքի շեմը փոխել: Ավելին, կառավարությունը նոյեմբերի 23-ի իր նիստում արդեն հաստատել է նախագծերն ու առաջիկայում դրանք կուղարկի Ազգային ժողով: Եթե իհարկե դեռ չի ուղարկել: Իսկ Պետական պարտքի մասին գործող օրենքի համաձայն՝ ՀՀ-ն կարող է իր Համախառն ներքին արդյունքի մինչև 60 տոկոսը հասնող պարտք ունենալ: Այդ շեմին հասնելու համար ընդամենը 1 տոկոս կամ 100-120 մլն դոլար է մնացել: Իսկ այդ գումարը մեր պարտքասեր իշխանությունների համար թիվ չէ: Հաջորդ տարի նրանք դա կգերազանցեն: Ռուսաստանից զինտեխնիկա գնելու համար վերցվող 100 մլն դոլարն ու միջազգային ֆինանսական կառույցներից ակնկալվող գումարները 2018թ. մեծ թափով կավելացնեն մեր պետական պարտքը դեպի ՀՆԱ-ի 70 տոկոսը: Եվ եթե կառավարությունը նման նախագիծ է ներկայացնում, նշանակում է, որ արդեն գիտի վերցվելիք պարտքի չափը, և հասկանում է, որ այն ընդամենն ամիսներ հետո հատելու է ՀՆԱ-ի 60 տոկոսը:
Իսկ մեր պարտքը կարող է չհատել 60 տոկոսի շեմը, եթե ՀՆԱ-ն աճի, այսինքն՝ տնտեսական մեծ աճ ունենանք: Այնպիսի աճ, որ պլանավորված վարկերը ստանալու դեպքում անգամ ընդհանուր պարտքը չհասնի այդ սահմանին: Բայց եթե կառավարությունը նման օրենսդրական նախաձեռնություն է պատրաստել, ուրեմն վստահ չէ, որ ՀՀ ՀՆԱ-ն նման աճ կունենա: 2012 թվականից սկսած մինչև հիմա Հայաստանի ՀՆԱ-ն կտրուկ աճել է միայն այդ տարի՝ 500 մլրդ դրամի չափով: Դրանից հետո աճել է դրա կեսի չափով կամ մի փոքր ավելի: Իսկ 2016թ. գրեթե չի աճել. Ինչպես գիտենք, Ազգային վիճակագրական ծառայությունն ընդամենը 0․2 տոկոս աճ էր գրանցել: Իսկ որքան կաճի 2018թ., հայտնի չէ, կառավարությունը բյուջեով ՀՆԱ-ի 4․5 տոկոս աճ է նախատեսում: Դոլարային արտահայտությամբ արդյո՞ք դա այնքան կկազմի, որ կառավարության պլանավորելիք պարտքը չհատի 60 տոկոսի շեմը: Հավանաբար ոչ, քանի որ գործադիրում ավելի շուտ պլանավորում են այդ շեմը բարձրացնել:
Իսկ թե ինչքան են բարձրացնելու, հայտնի չէ, քանի որ նախագիծն այլևս վերին շեմ չի սահմանում, ինչպես կար 60 տոկոսի դեպքում: Այսինքն՝ այդ օրինագծի ընդունումից հետո, իսկ այն հաստատ ընդունվելու է, կառավարությունը կարող է ՀՆԱ-ի մինչև 70, 80, 100 տոկոսի չափով պարտք վերցնել և գոնե այդ ցուցանիշներով համեմատվել զարգացած երկրներին: ԱՄՆ-ի դեպքում, օրինակ, այն մոտ 80 տոկոս է: Իսկ այդ նույն նախագծերով նախատեսվում է ևս մի հետաքրքիր փոփոխություն՝ զուգահեռաբար նախատեսվում է բարձրացնել նաև ՀՆԱ-ի նկատմամբ դեֆիցիտի չափը: Այն գործող օրենքով սահմանված է մինչև 7․2 տոկոսը, բայց եթե պետական պարտքը գերազանցում է 50 տոկոսը, դեֆիցիտը չի կարող գերազանցել 3 տոկոսը: Իսկ Հայաստանում, ինչպես տեսնում ենք, պարտքն արդեն 60 տոկոսն է գերազանցում: Եվ այս դեպքում, որպեսզի դեֆիցիտը ոչ միայն 3 տոկոսը, այլև այդ 7․5 տոկոսն էլ գերազանցի, կառավարությունը դրա համար հատուկ պատճառներ է ներկայացել: «Սահմանված պահանջները չեն գործում կառավարության որոշմամբ սահմանված բացառիկ դեպքերում՝ ելնելով խոշո­րա­ծավալ տարերային և տեխնածին աղետների, պատերազմական գործողությունների, տնտե­­սու­թ­յու­­նը խա­ղաղ ժամանակաշրջանից պատերազմական ժամա­նա­կաշրջա­նի փո­խադրման, տնտեսական ցնցման հանգամանքներով պայմանավորված բացասական տնտեսական զարգացումների առկայությամբ»,- նշված է նախագծի մեկ այլ հոդվածում:
Իսկ մեր երկիրը, ինչպես գիտենք, հատկապես վերջին տարիներին մշտական խոշո­րա­ծավալ տարերային և տեխնածին աղետների, պատերազմական գոր­ծո­ղու­թ­­յունների, ինչպես նաև տնտեսական ցնցումների մեջ է: Այնպես որ, կարիքի դեպքում կառավարությունը կարող է այս պատճառներից մեկը կամ բոլորը միասին վկայակոչելով, խորհրդարանին առաջարկել ավելի ու ավելի շատ պարտք վերցնել: Վարչապետ Կ. Կարապետյանին կառավարության նիստի ժամանակ այս ամենից ընդամենը հետաքրքրել է մի հարց, թե «ազատության աստիճանը չի՞ սահմանափակվում», առանց մանրամասնելու, թե խոսքը ինչ ազատության է վերաբերում: «Հակառակը, պարոն վարչապետ, այս կանոնների ամենակարևոր հմայքն այն է, որ, անկախ նրանից՝ ով կլինի, կանոնով պետք է աշխատի հարկաբյուջետային քաղաքականությամբ, սա է հիմնական փիլիսոփայությունը»,- պատասխանել է Վ. Արամյանը:
Եվ ահա նման հմայիչ կանոններով ու փոփոխություններով կառավարությունը պատրաստվում է մեր երկրին կքել բազմամիլիարդանոց պարտքի բեռի տակ: Հավելենք նաև, որ 2003թ. ՀՀ պետական պարտքը 1․1 մլրդ դոլարից էլ ցածր էր: 2008թ. արտաքին պարտքը 1․5 մլրդ դրամ էր, 2009թ.ֆինանսատնտեսականն ճգնաժամի առաջին ալիքի ժամանակ կրկնապատկվեց և դարձավ 3 մլրդ դոլար: Իսկ հիմա մեր պարտքն արդեն 6․4 մլրդ դոլար է, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու հաշվով ունենք 2150 դոլար պարտք: Եկող տարի պարտքի ավելացման հաշվին, այդ թիվն էլ կմեծանա: Այդ թիվը կմեծանա նաև արտագաղթի հաշվին, պարտքի բեռը կրողները մնացողներն են: Եվ 2018թ. մեզանից յուրաքանչյուրը 2200 դոլար պարտք կշալակի:
Նշենք նաև, որ ՀՀ պետական կամ արտաքին պարտքին զուգահեռ աճում է նաև միջազգային պահուստների մակարդակը: Դրանք այն գումարներն են, որոնք պետությունը, այսպես ասած՝ պահ է տալիս միջազգային ֆինանսական կառույցներին: Այժմ այն կազմում է մոտ 2․1 մլրդ դոլար: Կարելի է ասել, որ այդ գումարը որոշ առումով, բայց ոչ ուղղակի կերպով, որպես երաշխիք կարող է լինել պարտք վերցնելու համար: Նոր արտաքին պարտքեր վերցնելու համար մեր երկիրը պետք է համալրի նաև միջազգային պահուստները, որպեսզի կայուն պահի իր վարկունակությունը:

1in.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,