Հայաստանը պատրաստ է որակապես նոր մակարդակի բարձրացնել հայ-իրանական առեւտրաշրջանառությունը

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին:

Ողջունելով հյուրերին՝ վարչապետը նշել է, որ Հայաստան-Իրան հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, եւ այս տարի նշվում է երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը: Կառավարության ղեկավարի խոսքով՝ չնայած այն հանգամանքի, որ բավական աշխատանք է կատարվել, բազմաթիվ համատեղ ձեռքբերումներ կան, այնուամենայնիվ անելիքներ դեռ շատ են: Կարեն Կարապետյանը, մասնավորապես, նկատել է, որ լինելով հարեւան բարեկամ երկրներ՝ Հայաստանն ու Իրանն առեւտրատնտեսական գործակցության զարգացման մեծ ներուժ ունեն, եւ չնայած այս տարի արտահանում-ներմուծում ուղղությամբ արձանագրված աճին, առկա ցուցանիշները չեն արտացոլում երկկողմ տնտեսական կապերի զարգացման իրական ներուժն ու հնարավորությունները: «Շատ ուրախ եմ, որ այսօր Երեւանում բացվել է հայ-իրանական բիզնես ֆորումը, իսկ դեկտեմբերին սպասվում է ՀՀ եւ ԻԻՀ միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստը: Հոկտեմբերին ունեցել ենք բավական հեռանկարային այց Իրան եւ պայմանավորվել ենք տարբեր ուղղություններով փոխգործակցության զարգացման վերաբերյալ: Հայաստանի կառավարությունը չափազանց շահագրգռված է եւ պատրաստ է՝ որակապես փոխելու եւ նոր մակարդակի բարձրացնելու մեր առեւտրաշրջանառությունը», – ասել է Կարեն Կարապետյանը:

ՀՀ վարչապետին փոխանցելով ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի ջերմ ողջույնները՝ նախարար Զարիֆը նշել է. «Ձեր այցելությունն Իրան շատ կարեւոր եւ հաջողված էր: Մենք Հայաստանն ընկալում ենք որպես լավ հարեւան: Մեր հարաբերությունները շատ ավելի երկար ժամանակահատվածի պատմություն ունեն, քան 25 տարին, եւ այդ լավ հարաբերությունները արժեքավոր կապիտալ են երկու երկրների համար, որից պետք է կարողանանք օգտվել»: Մոհամմադ Ջավադ Զարիֆը համակարծիք էր ՀՀ վարչապետի հետ, որ երկկողմ տնտեսական հարաբերությունների ներկայիս վիճակը չի համապատասխանում Հայաստան-Իրան քաղաքական երկխոսության բարձր մակարդակին, եւ Իրանը եւս շահագրգռված է բարեկամ Հայաստանի հետ առեւտրատնտեսական կապերի ակտիվացմամբ: Նա տեղեկացրել է, որ իր գլխավորությամբ Հայաստան ժամանած պատվիրակության կազմում ընդգրկված են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտների առաջատար ներկայացուցիչներ՝ ձեռք բերված պայմանավորվածությունները կատարման հետագա քայլերը եւ փոխգործակցության զարգացման հեռանկարները քննարկելու նպատակով:

ՀՀ վարչապետը եւ ԻԻՀ արտգործնախարարը քննարկել են դեկտեմբերին հայ-իրանական սահմանին՝ Մեղրիում, բացվելիք ազատ տնտեսական գոտու (ԱՏԳ) շրջանակում համագործակցությանը վերաբերող հարցեր: Կարեն Կարապետյանը նշել է, որ հաշվի առնելով բիզնեսի համար առաջարկվող հարկային արտոնությունները եւ այն հատուկ ռեժիմները, որը Հայաստանն ունի տարբեր կառույցների ու երկրների հետ՝ ԱՏԳ-ն լավ եւ շահավետ հարթակ է լինելու եւ´ հայաստանցի, եւ´ իրանցի, եւ´ երրորդ երկրների գործարարների համար: Մոհամմադ Ջավադ Զարիֆը նշել է, որ իրանական կողմը շահագրգռված է «Մեղրի» ԱՏԳ շուտափույթ բացմամբ եւ պատրաստ է առարկայորեն համագործակցել այդ հարթակում: Կողմերը համակարծիք էին, որ հայկական «Մեղրի» եւ իրանական «Արաս» ազատ տնտեսական գոտիների գործակցությանը եւ արտահանող-ներմուծող ընկերության ստեղծումը կարող է երկկողմ տնտեսական հարաբերությունները որակապես նոր մակարդակի բարձրացնել:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ էներգետիկ ոլորտում ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերով փոխգործակցության շուրջ:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել Իրանի իշխանություններին՝ Իրանի տարածքում գտնվող հայկական հուշարձանների նկատմամբ ցուցաբերվող հոգատար վերաբերմունքի համար եւ իր ջերմ ողջույնները փոխանցել ԻԻՀ առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրիին:

news.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,