
Այսօր հրապարակվեց Արցախի հերոս, ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի ու մյուսների գործով դատավճիռը: Դատարանը 6 տարվա ազատազրկման դատապարտեց Սամվել Բաբայանին. մեղադրող դատախազը, հիշեցնենք, առաջարկել էր նրան դատապարտել 7 տարվա ազատազրկման:
Այս գործով անցնող Սանասար Գաբրիելյանը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման:
Հիշեցնենք, որ երեկ կայացած դատավարության ընթացքում պաշտպանական ճառում Բաբայանը հայտարարեց, թե շատ լավ գիտի ով է կանգնած այս գործի հետևում, նշեց նաև, թե ձերբակալությունից հետո իրավապահներն իր հետ խոսել են ոչ թե «Իգլա»-ի, այլ քաղաքականության մասին:
Այսօր դատավճռի հրապարակումից հետո Բաբայանն անպատասխան թողեց լրագրողների այն հարցերը, թե ու՞մ պատվերն է սա եւ Ս. Սարգսյանի դերակատարումը կա՞ այս ամենում:
Հիշեցնենք, Բաբայանը մեղադրվում էր «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիր ձեռք բերելու, ինչպես նաև փողերի լվացման մեջ: Մասնավորապես, ըստ մեղադրանքի, նա փորձել է հանցավոր ճանապարհով Ռուսաստանից ստացված՝ օրինական շրջնառությունից դուրս եկած և հատուկ ներկանյութով ներկված եվրո թղթադրամները քիմիական մաքրման ենթարկել՝ հետագայում դրանք Հայաստանում շրջանառության մեջ դնելու նպատակով:
Leave a Reply