September 22, 2021

ՄԵՆԱՇՆՈՐՀՆԵՐԻ ԳՈՐԾԻՔԸ

ՏՄՊՊՀ` Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով: Հնչում է գեղեցիկ ու վճռական, գրեթե` անուն բարձր ու վսեմ: Անվան մեջ արդեն իսկ նկատելի է նրա առաքելությունը: Եւ սակայն, ինչպես ամեն ինչ Հայաստանում, այս հանձնաժողովի անվան մեջ պարունակվում է ծաղր թե պետության, թե հասարակության հասցեին:
 
Այս հանձնաժողովը ստեղծվեց մի ժամանակաշրջանում, երբ Հայաստանում ձեւավորվում էին մենաշնորհները: Սակայն սա առանձին վերցրած գործընթաց չէր, այլ` “ավազակապետության” ստեղծման օղակներից մեկը: Որն էր դրա էությունը. Քրեական-բիզնես խմբավորումները աստիճանաբար թափանցեցին պետական օղակներ եւ իրար մեջ հակասահմանադրական համաձայնության եկան երկրի ողջ կյանքը զոնաների, քվոտաների ու ստվերային հարկերի բաժանելու մասին: Պետական ինստիտուտները վերածվեցին այս համաձայնությունը սպասարկող մարմինների: Նրանց խնդիրն էր ամեն կերպ պաշտպանել “օլիգարխական օրենքը” հասարակության պահանջներից: Ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության, բանակի, հարկային ու մաքսային ծառայությունների, Կենտրոնական բանկի խնդիրն էր ամեն կերպ պաշտպանել այս համակարգի տնտեսական ու քաղաքական շահերը, մեկուսացնել հասարակությանը իր օրինական իրավունքներից, չեզոքացնել սահմանադրությունը, իշխանության ձեւավորման ընտրական մեխանիզմները, տնտեսական մրցակցությունը, հավասար իրավունքները եւ այլն:
 
Այս օղակում կարեւորագույն տեղ է վերապահված ՏՄՊՊՀ-ին: Նրա իրական խնդիրն է պաշտպանել մենաշնորհները, բացառել ազատ մրցակցությունը: Զուր չէ, որ այդ հանձնաժողովը որեւէ արդյունք այդպես էլ չի գրանցել` համապատասխան օրենքի շրջանակներում իր լիազորությունների: Այն շուկայում տեղի ունեցող գործընթացներին միշտ արձագանքում է ուշացումով, երբ արդեն մենաշնորհներին հաջողվում էր անել իրենց “սեւ գործը”, եւ կիրառում մենաշնորհների ստացած գերշահույթների համեմատ չնչին տուգանքներ: Դրա ամենաթարմ օրինակը հացի եւ ալյուրի գնի վերջին կտրուկ թանկացումն է, որին մինչ այժմ որեւէ գործուն արձագանք չկա:
 
Հանձնաժողովի պատմության մեջ մի դեպք արձանագրվեց, երբ դրա նախկին նախագահ Դավիթ Հարությունյանը փորձեց կիրառել սահմանադրական մեխանիզմ: Դա նրա վրա “նստեց” ճակատին դեմ տված ատրճանակի փողը եւ ընդամենը 4 ամսվա պաշտոնավարում: Կարելի է ասել, որ “էժան” պրծավ ժողովրդի վրա բոլոր առումներով թանկ նստած այս հանձնաժողովից:
 
Կարելի է ավելի ազնիվ լինել եւ հանձնաժողովը վերանվանել Տնտեսական մենաշնորհների պաշտպանության պետական հանձնաժողով. Դա թե իրականությանն է համապատասխանում, թե նաեւ չի փոխվում հապավումը` ՏՄՊՊՀ:

lragir.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4