Արցախի խնդրի սեփականաշնորհումը

Հայաստանում սեփականացվում է ամեն ինչ, ինչը կարող է եկամուտ բերել։ Դրանք կարող են լինել հանրային տարածքները, անտառներն ու ընդերքը, պետական բյուջեն, մրցակցի ունեցվածքը և այլն։
Սակայն  ամենաթանկարժեքն իշխանությունն է, որը տալիս է այդ ամենի հնարավորությունը, իսկ իշխանություն ունենալու և այն պահպանելու  համար պետք է սեփականաշնորհել իշխանության իրավունքը, որը Հայաստանում, սկսված 1988-ից, Արցախի խնդրի շահարկումն է։ Եթե կարողանում ես սեփականաշնորհել այդ խնդրով բանակցություններ վարելու իրավունքը, ապա քո իշխանական ձգտումները կարող ես համարել լեգիտիմ թե՛ ներքաղաքական պայքարում, թե՛ միջազգային հարթությունում։ Արցախի «գաղտնիքները» և՛ իշխանության իրավունք են, և՛ որոգայթ հանրության համար։ Այդ խնդիրը կարելի է երկար շահարկել, այնքան ժամանակ, մինչև Հայաստանում այլևս մարդ չմնա։ Դա երկրի համար և՛ հնարավորությունների դուռ է, և՛ ծուղակ, և ամեն ինչի ավարտը։ Սակայն որքանով է այդ խնդիրը պատճառ, իսկ որքանով՝ պատրվակ, դեռ մեծ քննարկման թեմա է։ Այսօր ևս Արցախի խնդիրը շարունակվում է շահարկվել որպես իշխանության պահպանման կախարդական փայտիկ։
Եթե ետկոմունիստական երկրների մեծ մասում ներքաղաքական պայքարի դիսկուրսը ընթանում է համակարգային փոփոխությունների, ժողովրդավարության, կառավարման արդյունավետության և գաղափարախոսական խնդիրների տիրույթում, ապա Հայաստանում իշխանությունը նվաճելու առանցքային հիմնավորումն Արցախի հարցն էր։
1996-ին, երբ զանգվածային ընտրախախտումների դեմ բողոքող զանգվածներին ուժի միջոցով ճնշեցին, Վազգեն Սարգսյանը իր ելույթում խոսելով այդ ժամանակվա ընդդիմության մասին` նշել էր, որ․ «․․․ այս դեպքերից հետո, եթե իրենք հավաքած լինեին 100 % ձայն, ոչ բանակը, ոչ անվտանգությունը և ոչ ներքին գործերը նման քաղաքական ղեկավարներին չեն ընդունելու և չեն ընդունում»։ Այս հայտարարությունը նոր էջ էր Հայաստանի պատմության մեջ։ Եվ հիմնական մեխն այն էր, որ «կռված տղերքն» են այսուհետ որոշելու իշխանության հարցը, և իշխանության խնդիրը լուծվում է ոչ թե ընտրությունների միջոցով, այլ «անվտանգության» հիմնավորումներով։ Իսկ «անվտանգության» առանցքն Արցախի խնդիրն է։
Հաջորդ շրջադարձային հանգրվանը 1998 թվականն էր, երբ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը երկուստեք պայմանավորվեց Արցախի խնդրով։ Եվ «ապստամբները»՝ Վազգեն Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և Լևոն Սեր-Պետրոսյանը նշեցին Արցախի հարցում առկա «գաղափարական» վեճի մասին, իսկ հանրությանը մնում էր տեղավորվել իրենց համար պատրաստված մատրիցայի մեջ։ «Զիջե՞լ», թե «չզիջել»։ Ժամանակները փոխվում են, սակայն հանրությունը չի կարողանում դուրս գալ այդ մտավոր մատրիցայից։
Իշխանության համար ընթացող  պայքարում Արցախի խնդիրը պարբերաբար շահարկվում և պարբերաբար հայտնվում է վեճի առանցքում։ 2008-ին Տեր-Պետրոսյանը, ինչպես իշխանությունից հեռացման, այնպես էլ վերադառնալու հայտ ներկայացնելու ժամանակ նորից փորձեց խաղարկել այդ հարցը։  Նրա մրցակիցը նույնպես, ցանկացած եղանակով իշխանության պահպանման համար սկսեց հակադարձել` օգտագործելով նույն խաղաքարտը։
Վերջին ԱԺ ընտրություններում ևս Տեր-Պետրոսյանը փորձեց շարունակել ղարաբաղյան դիսկուրսը` դրանով հանրության մի մասի մոտ «լեգիտիմ» դարձնելով իր հիմական «ընդդիմախոսին»։ Դա կարելի էր համարել մեծ նվեր դիմազուրկ և անգաղափար իշխանության համար՝ նրան արհեստականորեն դարձնելով գաղափարակիր։
Նույնը կատարվում է նաև կուսակցության մակարդակով․ հանրապետականները բազմիցս են ասել, որ․ «քանի դեռ չի լուծվել Արցախի խնդիրը, Հանրապետական կուսակցությունը չի կարող հեռանալ իշխանությունից»։ Նրանք ունեն պատմական առաքելություն, որը չեն կարող կիսատ թողնել, և մենք պետք է գնահատենք նրանց սկզբունքային և ինքնամոռաց ջանքերը։
Այսօր նույնպես, հերթական անգամ, շահարկվում է Արցախի գործոնը։ Հանրապետական կուսակցության խոսնակները․ որոնց տրված է կուսակցության անունից  քաղաքական կարծիք հայտնելու մենաշնորհը, ինչպես նաև լրատվամիջոցները նորից շրջանառության մեջ են դրել այդ տեսակետը․ միայն Սերժ Սարգսյանը կարող է գլխավորել Հայաստանը, որովհետև միայն ինքն այսօր կարող է վարել Արցախի շուրջ ընթացող բանակցությունները։
Համաշխարհային փորձը ցույց է տալիս, եթե ցանկանում ես ունենալ չվերահսկվող իշխանություն, ապա պետք է ձևակերպես ինչ-որ առաքելություն՝ կամ կոմունիզմ կառուցես, կամ ռասայական խնդիր լուծես, կամ լինես կրոնական ֆունդամենտալիստ, կամ «փրկես» ազգը։
Իսկ հիմա փորձենք հասկանալ այդ կոնֆլիկտը` ըստ էության։ Արդյոք որևէ մեկն իրավունք ունի սեփականաշնորհել այդ «կոնֆլիկտի լուծումը»  և արդյոք այդ կոնֆլիկտի լուծումը միայն Հայաստան-Ադրբեջան տիրույթում է գտնվում։
Արցախի հարցը և առհասարակ անվտանգության խնդիրները չեն կարող սեփականաշնորհվել որևէ անձի, կամ անձանց խմբի կողմից։ Հազարավոր զոհվածները, արտագաղթածները, զոհաբերությունների գնացած ժողովուրդը, բանակում իրենց պարտքը կատարողները և նրանց ընտանիքները չեն կարող իրենց ճակատագրերը հանձնել «բանակցային գաղտնիքներին» տիրապետողներին։ Նման խնդիրները կարող են լուծվել միմիայն համազգային համաձայնության դեպքում, և այստեղ հանրությունից ոչ մի գաղտնիք պիտի չլինի։
Երկրորդ, Արցախի խնդիրը միջազգային կարևորագույն հանգույց է, որ կարող է մի մեծ և կարևոր տարածաշրջանում խախտել փխրուն աշխարհաքաղաքական բալանսը և պատճառ դառնալ համաշխարհային նշանակություն ունեցող թեժ կոնֆլիկտի։ Այս իմաստով դժվար թե Հայաստանի որևէ ղեկավար ունենա գործողությունների զգալի ազատություն։ Հայաստանի իշխանության գլխավոր խնդիրն արդյունավետ ղեկավարումն է, և միայն այդ հարցի շուրջ պետք է ընթանան քաղաքական քննարկումները։ Մենք պետք է դուրս գանք այն մտավոր մատրիցայից, որտեղ մեզ տեղավորել են վերջին տասնամյակներում։

եփան Դանիելյան

hetq.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,