Խոշորացվող Ախուրյան փնջում Կամո գյուղի ընդգրկման փաստին ընդդիմացած բնակիչների կարծիքը հաշվի չեն առել

 

Երանուհի Սողոյան

Առաջիկայում Շիրակի մարզում ձեւավորվող Ախուրյան փնջի 8 գյուղերից մեկն է Կամո գյուղը: Նախկինում կոչվել է Հաջինազար: Ծովի մակերեւույթից 1700 մետր բարձրության վրա գտնվող բնակավայրը խորհրդային տարիներին առավել հայտնի է եղել որպես ավանակներով հարուստ գյուղ: Պատմում են, որ յուրաքանչյուր հաջինազարցու գոմում գոնե մեկ ավանակ է կապված եղել:

«Ամեն առավոտ էշը կլծեին սելին, մեծ ամաններով մածուն կվերցնեին, գուկային Լեննագան,-պատմում է տաքսու վարորդ, գյումրեցի վարպետ Աբոն,-լավ կհիշեմ, կիջնեին բազար, ընդեղ բաժակը 5 կոպեկով մածուն կծախեին, հետո էլ իրանց առեւտուրը կենեին, կբարձեին սելերն ու կդառնային իրանց գյուղը: Բայց դե հըմի շատ բան է փոխվել: Էս խոպան էրթալ-գալը ահագին օգուտ տվեց գյուղացոնց՝ հըմի Լեննագան բազար ավտոյով կիջնին՝ էշն էլ մոդա չէ: Սկսել են ավելի լավ ապրել»:

Կամո գյուղում այս օրերին բնակիչներին մտահոգողը համայնքների խոշորացման ծրագիրն է՝ անցյալի պատումներն ու ներկայի հոգսերը ժամանակավորապես մղվել են հետին պլան: 80-ամյա Անդրանիկ Շահինյանի կարծիքով Կամո գյուղը չպետք է ընդգրկվեր Ախուրյանի փնջում: Ըստ վաստակաշատ գյուղատնտեսի, ճիշտ կլիներ, եթե միավորվեին Կառնուտ, Կամո, Ջաջուռ ,Շիրակ, Կրաշեն, Սարիար եւ Լեռնուտ գյուղերը, որոնք ավելի մոտ են իրար ու հեռավորությունը փնջի գյուղերի միջեւ ընդամենը 8 կմ կլիներ: Այնինչ վերջին 5 գյուղերը միավորել են Մարմաշեն փնջում:

Կամո գյուղի դեռեւս գործող համայնքապետ Ռոբերտ Ղազարյանը համակարծիք է Անդրանիկ պապի հետ, ասում է, բազմիցս են խոսել այդ մասին, թե բնակիչների, թե հարեւան համայնքների ղեկավարների հետ, անգամ առաջարկել են տարածքային նախարարությանը մեկ փունջն իրենց առաջարկած սխեմայով ձեւավորել, սակայն մերժվել են:

Անդրանիկ Շահինյան

Կամո գյուղը Գյումրիից հեռու է 13 կմ: Ախուրյան գնալու համար պետք է նախ հասնեն մարզկենտրոն: Ախուրյանի հետ կապող 8 կմ ուղիղ գծով դաշտամիջյան ոչ բարեկարգ ճանապարհ կա, որը հիմնականում չի օգտագործվում: Համայնքների խոշորացումից հետո արդյոք կլինի ծրագիր այդ ճանապարհը բարեկարգելու, թե ոչ՝ Կամոյի ներկա համայնքապետի կարծիքով անիրատեսական է:

«Ախուրյան փնջում ընդգրկված գյուղերից Կառնուտի հետ ունենք ուղիղ գծով ճանապարհ՝ 8 կմ: Ասենք լավ, չենք գնում Գյումրի, գնում ենք հարեւան գյուղ, որ գնանք Ախուրյան, մեկ է՝ էլի ստացվում է 12-13 կմ, բայց ամեն դեպքում չեմ կարծում, թե դաշտամիջյան ճանապարհների վրա գումար ծախսեն՝ երթեւեկելի դարձնելու համար, թեպետ մեր գոյւղն ընտրվել է հենց այդ հանգամանքը հաշվի առնելով»,-ասում Ռոբերտ Ղազարյանը:

1475 բնակիչ Կամոյում ընտրողների թիվը 1116 է, նոյեմբերի 5-ին նրանք պետք է ընտրեն խոշորացված համայնքի ղեկավար եւ ավագանի: Կամոյի համայնքապետը չի առաջադրվել համայնքապետի պաշտոնում, դրա փոխարեն գյուղից ունեն ավագանու անդամի երեք թեկնածու` հույս ունեն, որ գոնե մեկը կընտրվի ու կկարողանա ներկայացնել համայնքի խնդիրները, թեպետ դրանք այնքան էլ շատ չեն: Գյուղը գազիֆիկացված է, ջրի խնդիր չունեն, Համաշխարհային բանկի աջակցությամբ 2018թ-ին կասֆալտապատվի մայրուղուց Կամո մտնող 4 կմ ճանապարհը՝ լուրը հաստատել են կառավարությունից: Ներկա խնդիրներից գյուղամիջյան անբարեկարգ փողոցներն են, մանկապարտեզ չունեն եւ ցանկություն կա դպրոցին կից սպորտային դահլիճ կառուցելու: Գարնանը կտրվի համայնքային կենտրոնի կառուցման մեկնարկը:

Ռոբերտ Ղազարյան

«Մենք Շիրակի մարզի էն եզակի գյուղն ենք, որ էս պահին խնայած 30 մլն դրամ ունենք: Գումարը կուտակել էինք, որ եթե մի օր գյուղ մտնող ճանապարհի շինարությունը հաստատվեր՝ կարողանայինք ներդրում անել, որովհետեւ նշվում էր, որ 280-300 մլն դրամ է հարկավոր հիմնանորոգման համար: Բայց մեր բախտը բերեց, ծրագիրն անում են Համաշխարհային բանկի միջոցներով, իսկ էդ դեպքում համաֆինանսավորում չկա: Մենք էլ անմիջապես որոշեցինք համայնքային կենտրոնի կառուցման մրցույթ հայտարարել ու 30 մլն դրամը տրամադրել էդ նպատակին: Մրցույթն հայտարարված է, դեկտեմբերի 6-ին կկայանա շինկազմակերպության ընտրություն»,- ասում է Կամոյի համայնքապետը:

Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունը ծրագրային նախաձեռնությամբ հանդես եկող եւ ֆինանսական ներդրում իրականացնող համայնքներին խրախուսում է՝ կրկնապատկելով ներդրած գումարը: Կամոյում համայնքային կենտրոնի կառուցման համար անհրաժեշտ է 71 մլն դրամ, որից 60 մլն-ը 50/50 հարաբերակցությամբ ապահովելու են համայնքն ու նախարարությունը: Մնացած 11 մլն դրամն էլ Կամոյի ներկայիս համայնքապետը հույս ունի, որ կներդրվի առաջիկայում արդեն իսկ խոշորացված Ախուրյան համայնքի բյուջեից:

«Ախուրյան փնջի բոլոր 8 գյուղերն էլ կայացած են, քիչ թե շատ ամենաառաջնային խնդիրները տեղերում լուծված են: Գրեթե բոլորս էլ սեփական եկամուտների հավաքագրման գծով առաջատար ենք եղել. Նշանակում է աշխատել ենք չէ՞, որ հարկերն էլ հավաքագրել ենք: Հիմա մնում է, որ խոշորացումից հետո զարգացման ծրագրերի մասին մտածեն ու ամեն մի գյուղի համար առաջնահերթ չլուծված հարցերը լուծեն»,- նկատում է զրուցակիցս: Կամոյի համայնքապետը հույս ունի, որ գյուղում վարչական ղեկավարի նշանակումից զատ կլինեն նաեւ այլ հաստիքներ: Ներկայում Կամոյի համայնքապետարանի աշխատակազմը բաղկացած է 8 աշխատակցից: 32 մլն դրամ բյուջեի 30 տոկոսը՝ մոտ 10 մլն դրամ, կազմել է աշխատավարձի ֆոնդը:

hetq.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,