Պահը օրհասական է. Իրադրությունը արագ և անսպասելի կարող է փոխվել

Մեր զրուցակիցն է «Սասնա ծռեր» խմբի անդամ Կյուրեղյան եղբայրների հայրը՝ Արմենակ Կյուրեղյանը:

-Պարոն Կյուրեղյան, Հայկ Կյուրեղյանը նախազգուշացում-բաց նամակ է ներկայացնում հանրությանը` պահանջով, որ ուզում է մեկուսի խուց տեղափոխվել, քանի որ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հետապնդում և կյանքի, առողջության սպառնալիք կա. «Եթե ՔԿՀ-ի ղեկավարությունը որոշի, որ չկա տեղափոխման անհրաժեշտություն, ապա հայտարարում եմ, որ իմ նկատմամբ որևիցե սադրանքի դեպքում միակ հեղինակը նախագահի աթոռը զավթած Սերժ Սարգսյանն է»,-ասված է հայտարարության մեջ: Կարծում եք՝ իսկապե՞ս բարձրաստիճան պաշտոնյաների ձեռքի գործն է, ինչպես ակնարկում է Հայկ Կյուրեղյանը:

-Կարծում եմ՝ այլ կերպ լինել չի կարող, որովհետև ՔԿՀ-ներում, առանց վերևինի թույլտվության, ոչինչ չի կատարվում: Հայկը դիմել է մեկ ամիս առաջ և մերժել են պահանջը, հիմա նորից է դիմում: Առաջացել է անվտանգության խնդիր, դրա համար ինքը դիմել է:

-Հայկը դատապարտվել է 9 տարի ազատազրկման: Նշվում էր, որ նրան ազատ կարձակեն, բայց ոչ մի տեղաշարժ առայժմ չկա:

-Եթե հետևենք քաղաքական գործընթացներին, ամեն ինչ պարզ կդառնա: Վերջերս հայտարարվեց, որ Ղարաբաղի հարցը շատ ցավոտ է լուծվելու, և մենք պատրաստ ենք 7 շրջան հանձնելու: Եվ բոլոր նրանք, բոլոր այն ուժերը, ովքեր դեմ են այս ծրագրին, մտածում են Հայաստան պետության մասին, պետք է մեկուսացվեն, և իրենք այդ ծրագիրը պետք է իրագործեն: Իսկ բոլորիս պարզ է, որ այդ յոթ շրջանները հանձնելուց հետո հնարավոր չի լինի Արցախը պաշտպանել: Ադրբեջանցու խոսքին, ի՞նչ է, մենք պետք է հավատանք, կամ ստատուսը քննարկելու դիմաց յոթ շրջան հանձնե՞լ: Սա հայ ժողովրդի շահերին դեմ գործելակերպ է և դավաճանական քայլ է, և հայ ժողովուրդը երբեք չի ների նման արարքը: Ինչ ուզում են անեն, ուզում է մեկուսացնեն բոլորին, ուզում են ցմահ տան, ուզում են գնդակահարեն, միևնույն է, հայ ժողովուրդը չի ներելու: Նման բան ոչ մեկի մտքով թող չանցնի:

-Ազգային դիմադրության ճակատի ձևավորման աշխատանքներին մասնակցում եք: Հռչակագրի տեքստը հրապարակվեց: Ի՞նչ եք կարծում, հնարավոր կլինի՞ մոբիլիզացիա ապահովել:

-Հիմա այնպիսի պահ է Հայաստանի համար, այնպիսի հարցեր են դրված, որ պահը օրհասական է, դրված է Հայաստանի ինքնիշխանության հարցը, Արցախի հարցը, և արտագաղթը այնպիսի չափերի է հասել, որ ոչ միայն պետության կորստի կամ Արցախի հողերը հանձնելու առաջ ենք կանգնած, այլ ընդհանրապես հայրենիք կորցնելու առաջ ենք կանգնած: Եվ եթե բոլոր իշխանավորները մտածում են, որ Արցախի հողերը տալուց, կամ արտագաղթը չկանգնեցնելուց, կամ ինքնիշխանությունը կորցնելուց իրենք կարողանալու են իրենց հարստությունը պահպանել և մնալ Հայաստանում, չարաչար սխալվում են: Բոլորի վերջն է գալու, թշնամին հասնելու է իրենց տները, նոր իրենք խելքի են գալո՞ւ: Պատմությունը չի ներում, նույն բանը կկատարվի, ինչ կատարվել է միշտ: Եվ եթե համախմբում տեղի չունենա, նշանակում է, որ Հայաստանը ևս մեկ անգամ ընկավ, ինչպես պոետն է ասում՝ անիվը սելի նորից կոտրվեց իր սիրած փոսում: Ես չեմ ուզում կանխատեսել, բայց սա միակ ճանապարհն է Հայաստանը նման վտանգներից փրկելու:

-Համատարած ապատիայի, հուսալքության մեջ հնարավոր համարո՞ւմ եք համախմբումը, երբ անվստահությունը համատարած է՝ իշխանությունից ընդդիմություն:

-Հանրությունը նախ պետք է վստահություն ունենա ինքն իր նկատմամբ: Ոչ մեկը ոչ մեկին չի տանելու իր հետևից, յուրաքանչյուրը պետք է դուրս գա իր համար: Եվ եթե որևէ մեկը դուրս գա, ասի՝ ես գնում եմ այս մարդկանց հետևից, դա սխալ կլինի: Մարդը պետք է գնա գաղափարի հետևից և ոչ թե անձերի հետևից: Եթե ամեն օր սահմանին երիտասարդ է զոհվում և նստած սպասում ենք, թե երբ է դանակը հասնելու մեր կոկորդին, ուրեմն հասնում է մեզ: Յուրաքանչյուրը պետք է հասկանա, որ իրենից է կախված ամեն ինչ, և ոչ թե անհատներից, որ պետք է գան ինչ-որ բան անեն: Մենք ո՛չ շեֆ ենք, ո՛չ էլ Աստված: Իսկ ընտրություններն այնքան են իրենց նշանակությունը կորցրել, դա ուղղակի սխալ ճանապարհ կլինի: Ինչպես Սովետական միությունում էին տեղի ունենում, նույն կերպ տեղի կունենան, եթե որևէ բան չփոխվի: Իսկ Հայաստանը իր գոյությունը այսպես չի կարող շարունակել պաշտպանել: Եթե իշխանավորները մտածում են, որ իրենք պատասխանատվությունից խուսափելու են, չարաչար սխալվում են: Բոլոր հարցերի պատասխանատուն իշխանությունն է, և եթե որևէ մեկը կարծում է, որ այսպես պետք է շարունակվի, չարաչար սխալվում է: Իրադրությունը արագ և անսպասելի կարող է փոխվել, որ իրենք էլ չհասկանան՝ ինչպես փոխվեց այդ իրադրությունը: Ցանկացած ազգ ունի իր ներքին պաշտպանողական ուժերը, որոնք, այսպես թե այնպես, ոտքի են կանգնելու և պաշտպանելու են հայրենիքը: Ես այդպես եմ կարծում:

1in.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,