«Ոչ թե Եվրոպայի հայկական համագումար, այլ դաշնակցական հավաք՝ իրենց սիմպատիզանտների շրջանակներում»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Եվրոպայի հայկական միությունների ֆորումի (ԵՀՄՖ) նախագահ Աշոտ Գրիգորյանը:

-Պարոն Գրիգորյան, Եվրոպայի հայկական չորրորդ համագումարն է կայացել Բրյուսելում: Արդյո՞ք մասնակցել եք: Տեսակետ կա, որ այն ավելի շատ դաշնակցական ժողով է հիշեցնում: Որքանո՞վ են եվրոպահայերն այնտեղ ներկայացված:

-Ես ունեմ հստակ և ամփոփ տեղեկատվություն, որը հիմա կներկայացնեմ: Ես մասնակցել եմ Հայ դատի կողմից երբեմն-երբեմն կազմակերպվող այդ համագումարներից վերջինին, դա երրորդ համագումարն էր, որ տեղի է ունեցել 2013-ի հոկտեմբերին: Թեև անունը Եվրոպայի հայկական համագումար են դրել, բայց իրականում սա դաշնակցականների հավաքն է՝ իրենց սիմպատիզանտների շրջանակներում և ունի մեկ նպատակ՝ փող հավաքել Դաշնակցության համար: Հաճախ հավաքելու թեման վերնագրում են օգնություն Արցախին, բայց իրականում մենք գիտենք՝ խոսքն ինչի մասին է: Ներկայացնեմ իմ վերջին մասնակցությունը Հայ դատի ֆորումին, իհարկե դրանից առաջ էլ եմ եղել: Այն միշտ կազմակերպվում է Բրյուսելում, երկրորդ ֆորումը Հիլդա Չոբոյանի ղեկավարությամբ էր կազմակերպված և իսկապես բավականին առարկայական էր, և հիմնական թեման դրված չէր փողահավաքը: Ես հավաքը բացելու պատվին էի արժանացել: Այդ հավաքը փոքր՝ 100 հոգանոց սրահում էր, առաջին շարքում, որն ամբիոնից մեկ մետր հեռավորության վրա էր, նստած էին Արամ Ա կաթողիկոսը, նրա կողքը՝ Բակո Սահակյանը, ապա՝ Հովիկ Աբրահամյանն էր, Վահան Հովհաննիսյանը, Արցախի ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը: Ինձ տրված էր 20 րոպե ժամանակ, որպեսզի ներկայացնեի մեր պատկերացումները՝ Եվրոպայի հայության և Հայաստան զարգացումների հետ կապված: Ես շատ կարճ ներկայացրի Եվրոպայի հայկական միությունների ֆորումի արած գործերը, ապա անցա Հայաստանի հետ մեր հարաբերություններին, սարսափելի քննադատության ենթարկեցի Հայաստանի կոռուպցիոն համակարգը, նախագահի՝ բացարձակ ոչ պրոֆեսիոնալ գործունեությունը և նույնիսկ ՀՅԴ-ի հասցեին էլ քննադատություն հնչեցրի, չնայած այն ժամանակ ՀՅԴ-ն դեռ չէր հասցրել իրեն այն աստիճանի վարկաբեկել, որքան այսօր է: Իմ դիմաց նստած պարոնայք, պատկերավոր ասված, կապտել էին իմ քննադատությունը լսելուց, նույնիսկ փորձեցին նկարահանումները դադարեցնել, իմ ելույթի ժամանակ միկրոֆոններից մեկն անջատեցին: Սակայն ելույթիցս հետո հոտնկայս ծափահարություններ հնչեցին, ես զարմացել էի: Դրանից հետո Հովիկ Աբրահամյանը կտրուկ ոտքի կանգնեց, ինձ ասաց՝ պարոն Գրիգորյան, կարելի է ես պատասխանեմ: Ասաց՝ դե, պարոն Գրիգորյանի ելույթներին մենք ծանոթ ենք, շատ քննադատական են, բայց մենք գտնում ենք, որ չի կարելի դրսում՝ Եվրոպայում, այսպիսի սուր քննադատություններ հնչեցնել իշխանությունների հասցեին, եկեք ԱԺ, մենք լսումներ կկազմակերպենք մի քանի օր, և այս բոլոր հարցերը թող քննարկվեն: Կարճ ասած՝ դեմագոգիա: Այս ամենից հետո համագումարը փլվեց, և բոլորը դուրս եկան դահլիճից: Եվ ՀՅԴ-ն սարսափելի զայրացած էր կատարվածի վրա: Այնուհետև Եվրոպայի հայկական միությունների ֆորումը (ԵՀՄՖ) գրեց այն բոլոր թեմաները Հովիկ Աբրահամյանին, որոնք ուզում էինք դրվի ԱԺ-ում քննարկման: Առաջինը՝ «Նաիրիտի» խնդիրն էր, երկրորդը՝ էկոլոգիական մի շարք հարցումներ էին՝ կապված Ամուլսարի հետ և երրորդ՝ Տիգրան Սարգսյանի կոռուպցիոն գործարքները օֆշորի շուրջ: Բնական է, որ ոչ մի արձագանք մենք չստացանք Հովիկ Աբրահամյանից և ԱԺ-ից: Մի քանի անգամ մենք դիմեցինք, և դեմագոգիան ավարտվեց նրանով, որ պատասխան չստացանք: Սակայն շատ խիստ նեղացել էին ինձնից իմ դաշնակցական ընկերները, որ իրենց նպատակն ընդամենը գումար հավաքելն էր, իսկ ես իմ ելույթով մեծ հարված հասցրի:

-Այս անգամ հրավեր չե՞ք ստացել:

-Այս անգամ բնական է, որ ինձ չեն հրավիրել…

Եվրոպայի դաշնակցականները բաժանված են երկու մասի. շատ մեծ հատված չի ընդունում տեղական դաշնակների գործունեությունը և նույնքան քննադատաբար է վերաբերում, որքան մենք, իսկ փոքր մասը, որոնք ֆինանսական խողովակներով կապված են իրենց ղեկավարների հետ, նրանք ամեն ինչ անում են, որպեսզի այդ գործունեությունը շարունակական լինի և համագործակցում են հայաստանյան դաշնակցության հետ: Այս առումով մեր ֆորումի վերաբերմունքը հստակ է, և մենք չենք գտնում, որ այսօր որևէ տարբերություն կա ՀՀԿ-ի կամ հայաստանյան դաշնակցականների միջև: Այսօր երկուսն էլ իրենց սկզբունքներին լիովին դավաճանել են, դարձել են բացարձակ անսկզբունքային, և նույնիսկ այն հարցերում, որտեղ հայաստանյան դաշնակցականները ՀՀԿ-ի «փորն էին թափում» և սարսափելի քննադատում էին Սերժ Սարգսյանին, այսօր, կարծեք թե, լեզուները կուլ են տվել, քանի որ նույն գործընթացները շարունակվում են, Ցեղասպանության ճանաչման հարցը այդպես էլ ոչ մի նորմալ շարունակություն չի ստանում, ինչը մենք կուզեինք: Արցախյան հարցում բացահայտ դրված են տարածքները հանձնելու առաջարկները, որին դեմ ենք եղել տասնամյակ ի վեր, այսօր ոչ միայն դեմ չեն, այլ սկսել են համոզել, որ դա ամենաճիշտ ուղին է: Հաջորդ քայլը կլինի այն, որ կսկսեն համոզել, որ Արցախն էլ հանձնելն ամենաճիշտ ուղին է, և հետո էլ Հայաստանը, կսկսեն համոզել, որ հանձնելը ամենաճիշտ ուղին է: Մենք բացարձակ դեմ ենք և՛ Հայ դատի կողմից կազմակերպված գործընթացներին, և՛ հատկապես Դաշնակցական կուսակցության իշխանավորների կողմից բացարձակ ոչ հայամետ քաղաքականության զարգացմանը:

Հիշեք, մինչև 2013 թվականը ԱԺ ամբիոնից դաշնակցականների գնահատականները, թե ինչ հայհոյանքներով էին իրենք խոսում իշխանության՝ ՀՀԿ-ի ներկայացուցիչների մասին, մեր հրաշալի ընկեր Վահան Հովհաննիսյանի դարձվածքը, որ տղերք, ձեզ դալաններում ծեծելու են, նույն հաջողությամբ կարելի է տղերք ասելուց՝ ասել դաշնակցական ղեկավարներին, որ տղերք, հիմա ձեզ էլ դալաններում ծեծելու են: Այս հավաքների մեջ մենք իսկապես ազնիվ և անկեղծ մոտեցում չենք տեսնում Հայ դատի կարևորագույն խնդիրների լուծման հարցում: Ցավոք, այդպիսի բան այլևս չկա:

 

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,