Փակուղի Պոլսո պատրիարքի ընտրություններում. չի բացառվում՝ Գարեգին Բեկչյանը հրաժարական տա

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ակոս» շաբաթաթերթի հայկական բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը:

-Պարոն Էստուկյան, Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունը, հույս էիք հայտնում, որ տեղի կունենա դեկտեմբերին, մտել է փակուղի։ Ի՞նչ հնարավոր լուծումներ եք տեսնում, ի՞նչ է հնարավոր անել այս փուլում:

-Իսկապես այս պահին պատրիարքի ընտրությունները գտնվում են փակուղային վիճակում: Անելու բան չկա, մի կողմից դեռ պետությունից պատասխան է սպասվում, մյուս կողմից՝ ճնշում է գործադրվում, որ տեղապահը հրաժարվի իր պարտականություններից և նոր տեղապահի ընտրություն լինի, և Արամ սրբազանը տեղապահ ընտրվի, որպեսզի ընթացքը շարունակվի: Սա ընդունելի առաջարկ չէ: Սա Պետրոս Շիրինօղլուի առաջարկն է: Այնպես որ, իսկապես փակուղու մեջ է: Հիմա անձայնություն, անշարժություն է տիրում:

-Որքանո՞վ է այս ամենին նպաստում Արամ սրբազանը: Պետրոս Շիրինօղլուն և Արամ սրբազանն աշխատանք են տարել, որ կյանքի՞ չկոչվեն այդ ընտրությունները:

-Հենց այդպես: Բոլորի համոզումն այդ է, բայց Արամ սրբազանն այս բանը հերքեց, ասաց, որ թեև ընդհանուր կարծիքն այն է, որ ես չեմ ուզում ընտրություններ տեղի ունենան, բայց ոչ, ես ուզում եմ: Նա հերքում հրապարակեց: Այս օրերին Գարեգին սրբազանի հայտարարությունը լսեցին: Հետզհետե հետաքրքրությունն էլ է նվազում՝ հակառակ նրան, որ սա կարևոր խնդիր է:

-Համայնք ինչպե՞ս է տրամադրված: Արդյո՞ք համայնքում կա պառակտում կողմերի միջև:

Համայնքը հուզախռով է:

-Թուրքական իշխանություններին, ըստ էության, ձեռնտո՞ւ է ստեղծված իրավիճակը, դրա համար որևէ կերպ չեն նշանակում ընտրությունների օր:

-Անշուշտ, թուրքական իշխանությունն է, որ ընթացք պետք է տար գործին, սակայն կա պաշտոնական դիմում, և այդ դիմումի պատասխան տալ իշխանությունը խուսափում է, դրա համար էլ ընտրական գործընթացը խոչընդոտված է: Որքան ուշանա այդ պատասխանը, մեր մեջ պառակտումն էլ ավելի կխորանա, ինչը մեզ համար շատ աննպաստ երևույթ է:

-Կարծում եք՝ թուրքական իշխանությունները Արամ սրբազանի շահե՞րն են ուզում պաշտպանել, թե՞ այլ պատճառներ էլ կան:

-Զանազան հաշիվներ ունեն, միայն Արամ սրբազանի շահերի պաշտպանությունը չէ: Շատ մեծ հավանականությամբ այս տարի ընտրությունները տեղի չեն ունենա, հակառակ նրան, որ ճշտված թվական կար, բայց, ըստ երևույթին, չպետք է տեղի ունեցած լինի:

-Եթե այս փուլում կյանքի չեն կոչվում ընտրությունները, հնարավո՞ր է՝ Գարեգին Բեկչյանը որոշի հեռանալ: Այդ դեպքում ի՞նչ է սպասվում:

-Մեր բոլորի ներկա վախն այդ է, որ Բեկչյանն էլ ի վերջո ձանձրանալու է այս ընթացքից, պետք է զզվի, և պետք է ասի՝ ես գործ չունեմ ձեզ հետ և կհեռանա: Իսկ նրա հեռանալուց հետո անխուսափելիորեն այդ երկու սրբազանների ձեռքին կմնա, մեկը կլինի տեղապահ, մյուսը կլինի կրոնական ժողովի ատենապետ, և թե այդպես ինչպես կգնանք ընտրության, չեմ իմանում:

 

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,