Գարեգին արք. Բեքչյանի եւ Պետրոս Շիրինօղլուի միջեւ առճակատում է սկսվել

Այն, ինչ կատարվում է վերջին մի քանի շաբաթներին պոլսահայ համայնքում, գուցե եւ պատմության մեջ ունեցել է նախադեպեր, սակայն մեղմ ասած զարմանալի է, ավելի հեռուն չգնալու եւ չասելու համար` տարակուսելի կամ նույնիկս մերժելի: Պոլսահայ վերջին շաբաթների մամուլի հրապարակումներից պարզ է դառնում, որ մի կողմից պետւոյթւոնը վերապահություն է հայտնել պատրիարքական ընտրության Նախաձեռնակ մարմնի կազմի հանդեպ, մյուս կողմից սկսվել է առճակատում պատրիարքական Տեղապահ Գարեգին արք. Բեքչյանի եւ տեղի երեւելի ազգայիններից Ս Փրկիչ հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի ղեկավար Պետրոս Շիրինօղլուի միջեւ:Հիշեցնենք, որ Պետրոս Շիրինօղլուն թուրքական պետությանը եւ անձամբ նախագահ Էրդողանին բավական մոտ կանգնած անձնավորություն է, ով էլ հենց հերթական հանդիպման ժամանակ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բարձրացրել էր պատրիարքական ընտրության հարցը եւ ստացել հավանություն:
Գարեգին արք. Բեքչյանը մեղադրում է Պետրոս Շիրինօղլուին
Այժմ սակայն, կարծես թե բարձրաստիճան եկեղեցականի եւ երեւելի ազգայինի ջրերը մի առվով չեն գնում: Մասնավորաբար, օրերս Պոլսի Հայոց պատրիարքարանում տեղի հայկական մամուլի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, պատրիարքական Տեղապահ Գարեգին արք. Բեքչյանը բավական կոշտ արտահայտություններ էր արել Պետրոս Շիրինօղլուի հասցեին, բացահայտ մեղադրելով նրան այն բանում, որ Շիրինօղլուն չի կարողացել, կամ չի ցանկացել գլուխ բերել Ստամբուլի կուսակալի հետ ժամադրության հարցը, որը պետք է ծառայեր եղած կնճռոտ հարցերը պարզելու եւ ընտրական գործընթացը առաջ տանելու համար:
Սա իր հերթին կարող է նշանակել, որ հեռահար կերպով Շիրինօղլին փորձում է վիժեցնել ընտրական գործընթացը եւ հասնել այն բանին, որպեսզի լրանա Տեղապահի համար ընտրության կազմակերպման վեցամսյա ժամկետը եւ համագումար ժողով հրավիրվի Տեղապահին եւ Նախաձեռնակ մարմնին վստահություն հայտնելու համար, ինչը իր հերթին կարող է բերել նրան, որ Գարեգին արք. Բեքչյանի հանդեպ որոշում կայացվի, թե չի կարող այլեւս շարունակել Տեղապահությունը, Նախաձեռնակ մարմինն էլ լուծարվի եւ նոր Նախաձեռնակ մարմին կազմվի: Իր ելութում, որը տեղի լրատվամիջոցները համարում են աննախադեպ, Գարեգին արք. Բեքչյանը բավական բաց տեքստով հայտարարել է, որ հիասթափված է Շիրինօղլուի բռնած դիրքից եւ ակնարկել, որ ինքը իբրեւ ընտրված պաշտոնյա, պատասխանատու է ժողովին որն ընտրել է իրեն, ղեկավարվում է գրավոր նամակներով եւ եթե հարկ լինի կարող է նաեւ շրջանցել Պետրոս Շիրինօղլուին եւ ուղղակի շփում սկսել Ստամբուլի կուսակալության հետ:
Պետրոս Շիրինօղլին հակադարձում է
Իր հերթին Պետրոս Շիրինօղլոին հակադարձել է Գարեգին արք. Բեքչյանին, նշելով, որ ինքը հավատարմորեն է ծառայում համայնքին, ունի պատասխանատվություն համայնքի առջեւ եւ կոչ արել ավելի փափուկ կեցվածք որդեգրել: Իր հակադարձման մեջ Շիրինօղլոին նաեւ իր հավատարմությունն է հայտնել թուրքական պետւթյանը, նշելով որ գործընթացները պետք է ընթանան պետության հետ համախորհուրդ եւ նշել որ ներկա կացության պայմաններում, պատրիարքարանի ներկա վարչական կազմի հետ ինքը չի տեսնում իր գործակցությունը ընտրական պրոցեսներում, եւ խորհուրդ է տվել պառակտողներին օր առաջ մեկ կողմ քաշվել:
Եվ որն է ելքը
Ստեղված կացությունը, ինչ խոսք, բավական բարդ է եւ լուծման բերելու համար իրապես մեծ դիվանագիտություն պահանջող է: Պարզ է մի բան, որ առանց պետության հավանության եւ արտոնության, որեւէ գործընթաց չի կարող լինել, սակայն նաեւ պարզ է մի բան, որ դեռեւս ընթացքի մեջ գտնվող գործընթացների հանգրվանային խնդիրները պետք է լուծել միասնաբար եւ չառաջնորդվել “ջուր պղտորելու” մեթոդով: Սրան զուգահեռ, հայտնի է, որ ստեղված իրավիճակի մասին Գարեգին արք. Բեքչյանը մանրամասն շարադրանքով հատուկ գրությամբ ներկայացրել է Ամենայն Հայոց Գարեգին երկրորդ կաթողիկոսին: Բացի այդ, պատմության փորձառությունն էլ այդ է վկայում, որ Պոլսի Հայոց պատրիարքի պաշտոնը սոսկ համայնքային եւ կրոնական պաշտոն չէ եւ Թուրքիայի համար այն նաեւ քաղաքական պաշտոն է: Ստեղծված դրությունը եթե չափազանց խորանա եւ սրվի, ամենեւին չի բացառվում, որ միջամտի Ամենայն Հայոց կաթողիկոսը ուղղակի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մոտ, ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու եւը հնարավոր ձգձգումներից եւ խութերից խուսափեցնելու համար: Պետք է նշել, որ ռեգիոնալ եւ միջազգային այն դրությունը, որում այսօր գտնվում է Թուրքիան, աննախանձելի է եւ Էրդողանի համար նման դիմումը կարող էր դրական ազդակ լինել հայ-թուրքական հարաբերություններում դրական տեղաշարժ արձանագրելու համար: Իսկ սա նկատի առնելով, դժվար է մտածել, որ կմերժվի Ամենայն Հայոց կաթողիկոսի հնարավոր դիմումը: Սա հասկանում են բոլորը եւ Պոսլի ազգայինները, եւ Պոլսի կղերականությունը, եւ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը եւ Մայր Աթոռի եկեղեցական իշխանությունն ու Թուրքիայի պետության ղեկավարությունը: Իհարկե, գուցե ձգձումները սրան հանգեցնելու համար են արվում նաեւ, ի վերջո թուրքական դիվանագիտությունից նույնիսկ սատանան գլուխ չի հանի, սակայն մյուս կողմից սա վերջին այսպես ասած ծայրահեղ միջոցը կարող է հանդիսանալ, եթե իրադրությունը շարունակվի գնալ դեպի փակուղի, լինի դա կամա թե ակամա:

Տիգրան Վահանե

hraparak.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,