Թրամփը ԱՄՆ քաղաքականությունը հասցրել է ծանր կրետինիզմի և ծերունական մարազմի վիճակին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաջորդ շաբաթ կհայտարարի Իրանի հետ միջուկային միջազգային համաձայնագիրը չեղարկելու մասին. հաղորդել է ամերիկյան «Վաշինգտոն փոստ» պարբերականը՝ հղում անելով ամերիկացի երկու բարձրաստիճան զինվորականների: Իրանի ուղղությամբ ամերիկյան ռազմավարությունը ներկայացնելիս՝ Թրամփն ասել է, թե համաձայնագիրը չի բխում ամերիկյան ազգային շահերից, և որ Իրանը չի գործում համաձայնագրի ոգուն համապատասխան:

«Վաշինգտոն փոստ»-ը գրում է, որ սա կդառնա առաջին քայլը մի պրոցեսի, որն ի վերջո կարող է հանգեցնել Իրանի դեմ Միացյալ Նահանգների պատժամիջոցների վերականգնմանը` ըստ էության կամ մեծ հավանականությամբ «շարքից հանելով» 2015 թվականին Իրանի և Միացյալ Նահանգների ու հինգ այլ պետությունների կողմից ստորագրված մի համաձայնագիր, որը սահմանափակում էր Իրանի միջուկային ակտիվությունը:

Թրամփի ընդգծված հակաիրանական կեցվածքը, անշուշտ, նորություն չէ, թեև այնքան էլ պարզ չէ, թե ինչպես է Սպիտակ տան ղեկավարը պատրաստվում չեղարկել միջուկային համաձայնագիրը, որը ստորագրվել է ոչ թե երկկողմ, այլ բազմակողմ ձևաչափով, այսինքն՝ ԱՄՆ-ից ու Իրանից բացի, պայմանագրին մասնակցում են նաև Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Չինաստան և Գերմանիան: Բայց այս համատեքստում կա մեզ համար շատ ավելի կարևոր մեկ այլ հարց՝ Թրամփի հակաիրանական քաղաքականությունը հատկապես պատժամիջոցների վերականգնման կամ սաստկացման պարագայում ինչպե՞ս կազդի հայ-իրանական հարաբերությունների վրա:

Իրանագետ Վարդան Ոսկանյանը, օրինակ, ամիսներ առաջ ասում էր, որ հայ-իրանական քաղաքական, տնտեսական հարաբերությունների սահմանված օրակարգը լուրջ փոփոխություն չի կրում ԱՄՆ-ի գործողությունների հետևանքով, և Հայաստանը շարժվում է միջազգային համաձայնությունների շրջանակում ստանձնած իր պարտավորությունների ճանապարհով:

Ֆրանսիայի Ռազմավարական հետազտությունների կենտրոնի փորձագետ Կայծ Մինասյանն իր հերթին ասում է, որ առայժմ շատ վաղ է կանխատեսել Թրամփի հակաիրանական քաղաքականության հնարավոր ազդեցությունները հայ-իրանական հարաբերությունների վրա: Մեր զրուցակցի խոսքերով՝ Թրամփի այս ծրագիրն անակնկալ չէ, որովհետև ԱՄՆ նախագահը դեռևս նախընտրական շրջանում էր խոսում միջուկային համաձայնագիրը չեղարկելու իր մտադրության մասին, բայց Թրամփի նման նախաձեռնությունը դեռևս չի նշանակում, թե «6+1» ձևաչափով կայացված համաձայնությունը կչեղարկվի:

«Առայժմ դժվար է կանխատեսել, թե ինչ զարգացումներ կլինեն և ինչ հետևանքներ կունենա Թրամփի հայտարարությունը, բայց նույնիսկ եթե Թրամփը չեղյալ հայտարարի միջուկային համաձայնագիրը, դա չի նշանակում, թե պայմանագիրն անմիջապես լուծարվում է: Ռուսաստանը, եվրոպացիները և Չինաստանը տակավին կարող են համագործակցել Իրանի հետ: Եթե Թրամփը որևէ այլ բան չի առաջարկում, միայն չեղյալ է հայտարարում համաձայնագիրը, դա բավարար չէ, պետք է ցույց տաս, թե ինչ ես առաջարկում խաղաղության համար»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մեկնաբանեց փորձագետը:

Թրամփի գլխավոր նպատակը, այդուհանդերձ, ոչ թե միջուկային համաձայնությունը չեղարկելն է, այլ Իրանի ազդեցությունը Միջին Արևելքում թուլացնելը. «Իրանը կարևոր ազդեցություն ունի թե՛ Իրաքում, թե՛ Սիրիայում, թե՛ Լիբանանում և թե՛ նույնիսկ Եմենում: Դա անընդունելի է թե՛ Միացյալ Նահանգների, թե՛ Իսրայելի, թե՛ Սաուդյան Արաբիայի և թե՛ անշուշտ Թուրքիայի համար: Ուրիշ մակարդակով՝ նաև Ռուսաստանի համար: Ուրեմն ամենակարևոր ուժը Միջին Արևելքում այսօր Իրանն է, և Միացյալ Նահանգներն ուզում է այդ ուժը կոտրել կամ տկարացնել: Ֆրանսիան և Եվրոպան, և անշուշտ Ռուսաստանն ու Չինաստանը, ամեն ինչ պիտի անեն, որ փրկվի այդ համաձայնագիրը, որովհետև կարևոր էր երկու տարի առաջ ընդունել այդ փոխզիջումը»:

Մոսկվայի Մերձավոր Արևելքի ինստիտուտի նախագահ, արևելագետ Եվգենի Սատանովսկին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, թե ոչ ոք չգիտի՝ ինչ կլինի միջուկային համաձայնագրի հետ կամ ինչ զարգացումներ են սպասվում Իրանի շուրջ այս առումով, բայց մյուս կողմից՝ որևէ մեկին չի էլ հետաքրքրում՝ Թրամփն ինչ քայլեր կձեռնարկի Իրանի դեմ կամ պատժամիջոցներ կսահմանի, թե ոչ, որովհետև Իրանի դեմ միջազգային պատժամիջոցներն արդեն իսկ չեղարկված են:

«Եթե ամերիկացիներն ուզում են դուրս գալ այդ համաձայնագրից, կարող են դուրս գալ ցանկացած պահի: Կարո՞ղ են արդյոք դա անել. չեմ կասկածում, որ կարող են: Արդյո՞ք դա մեծ նշանակություն ունի Իրանի համար. կարծում եմ, որ ոչ, որովհետև ՄԱԿ-ի պատժամիջոցներն արդեն հետ չես բերի, թափանիվը չես կանգնեցնի և հետ չես պտտի, այնպես որ, Թրամփն ինչ ուզում է, թող անի: Ամերիկայի Միացյալ Նահանգները կարող է սահմանել իր պատժամիջոցները ցանկացած պահի, կարող է և՛ վերականգնել նախկին պատժամիջոցները, և՛ նորը սահմանել: Դա կարևոր չէ: Կարևորն այն է, որ այլևս հնարավոր չէ վերադարձնել ՄԱԿ-ի այն պատժամիջոցները, որոնք սահմանվել էին Իրանի դեմ և որոնց միացել էին համաշխարհային շուկայի բոլոր հիմնական խաղացողները: Ո՛չ Եվրոպան, ո՛չ Չինաստանը, ո՛չ Հնդկաստանը, ո՛չ Ռուսաստանը և ո՛չ էլ որևէ այլ պետություն այլևս չի մտնի այդ գետի մեջ երկրորդ անգամ: Արձանագրենք, որ սա զուտ ամերիկա-իրանական հարաբերությունների խնդիրն է և դրանք չեն ունենա այն ազդեցությունը Իրանի վրա, որ կարող էին ունենալ: Այո, իհարկե, ամերիկացիներն ամենայն հավանականությամբ կսկսեն պատժամիջոցներ սահմանել ցանկացած ոլորտում Իրանի հետ առևտուր անող կամ Իրանում գործող բոլոր ընկերությունների վրա: Նշանակում է՝ նրանք վերջնականապես կփչացնեն իրենց հարաբերությունները բոլորի հետ»,- մեկնաբանեց արևելագետը:

Իսկ ի՞նչ են այս առումով ցույց տալիս ամերիկյան քաղաքականության միտումները Թրամփի վարչակազմի օրոք:

Պատասխանելով այս հարցին՝ Սատանովսկին ասաց հետևյալը. «Ամերիկյան քաղաքականության միտումը ծանր կրետինիզմն է՝ միախառնված մաքսիմալ անարդյունավետության և փորձագիտական բազայի բացարձակ դեգրադացիայի հետ: Ամերիկյան քաղաքականությունը վոլյունտարիստական է ոչ միայն Իրանի, այլև Աֆղանստանի, Հյուսիսային Կորեայի և մնացած բոլորի հանդեպ: Բայց, վերջիվերջո, ցանկացած երկիր իր պատմությունն ու բժշկական անամնեզն ունենալու իրավունք ունի, և եթե ամերիկյան արտաքին քաղաքականությունը հասել է ծերունական մարազմի վիճակին, ապա այստեղ ոչ ոք ոչինչ չի կարող անել»:

Ինչ վերաբերում է հարցին, թե Թրամփի հակաիրանական քաղաքականությունն ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ հայ-իրանական հարաբերությունների վրա և արդյոք կարո՞ղ է սահմանափակումներ առաջացնել երկու երկրների տնտեսական համագործակցության համար, Սատանովսկին պատասխանեց, որ այդ հարցը հասցեագրված է ոչ թե իրեն, այլ Հայաստանի ղեկավարությանը, նրա կարողությանը՝ առաջնորդվելու բացառապես Հայաստանի շահերով:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,