Ալիեւը հեռանու՞մ է ԵԽ-ից

Հոկտեմբերի 4-ին Իլհամ Ալիեւը ընդունել է Եվրամիության Խորհրդի քաղաքականության եւ անվտանգության հարցերով Կոմիտեի պատվիրակությանը: Դա, ըստ երեւույթին, բավական լարված հանդիպում է եղել: Այդ է վկայում Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքէջում տեղ գտած ընդարձակ տեղեկատվության տոնայնությունը: Մասնավորապես, Եվրամիությունում Գերմանիայի դեսպան Միխաիլ Ֆլյուգերը անհանգստություն է հայտնել Ադրբեջանում տարածված քարոզչության առթիվ, որն ուղղված է Եվրոպայի խորհրդից այդ երկրի դուրս գալու հավանականության հետ: Ինչպես հայտնի է, ԵԽ գլխավոր քարտուղար Յագլանդի անմիջական նախաձեռնությամբ քննարկվում է Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառման հարցը: Ի պատասխան, Ադրբեջանում քարոզչական արշավ է սկսվել Յագլանդի դեմ եւ տեսակետ է գեներացվում, որ Եվրոպայի խորհուրդը «երկակի ստանդարտների քաղաքականություն է վարում, ինչը կասկածի տակ է դնում կազմակերպությանը Բաքվի անդամակցությունը»:
Պատասխան խոսքում Իլհամ Ալիեւը գրեթե նույնությամբ կրկնել է ադրբեջանական մամուլի հրապարակումներում արտահայտված մտքերը: Դա բացահայտում է, որ ԵԽ եւ նրա գլխավոր քարտուղարի դեմ քարոզչությունը ոչ թե լրագրողական կամ հասարակական նախաձեռնություն է, ինչպես փորձել է ներկայացնել Ալիեւը, այլ՝ պետական քաղաքականության դրսեւորում: Ադրբեջանը որոշել է ձեռնարկել պրեվենտիվ քարոզչություն, որպեսզի եթե ԵԽ-ում ընդունվի որեւէ որոշում, ապա տավորություն ստեղծվի, որ ոչ թե կազմակերպությունն է Ադրբեջանին հեռացնում, այլ Ադրբեջանն է լքում այդ կառույցը, որովհետեւ այն «երկակի ստանդարտների քաղաքականություն է վարում»: Իր պատասխան խոսքում Ալիեւը սովորության համաձայն անդրադարձել է Հայաստանին, նշել, որ Եվրոպայի խորհուրդը «չի նկատում այդ երկրում մարդու իրավունքների խախտումները»: Նա նաեւ ասել է, որ Ադրբեջանում «հիասթափված են, որովհետեւ Եվրոպայի խորհրդին անդամակցելիս հույս ունեին, որ կառույցը կաջակցի Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմանը, մինչդեռ ոչինչ չի արվել»: Ամփոփելով՝ Ալիեւը շեշտել է, որ եթե Ադրբեջանը «դուրս գա Եվրոպայի խորհրդից», ապա դրանից նրա կյանքում ոչինչ չի փոխվի, նա ոչ կաղքատանա, ոչ կհարստանա: Նման մակարդակում արված այդ հայտարարությունը վկայում է, որ Ադրբեջանում տեղյակ են ԵԽ-ում հնարավոր զարգացումներին: Դա վկայում է, որ խնդիրը բավական լուրջ է: Ադրբեջանի եւ ԵԽ հարաբերություններում լարվածություն սկսվել է, երբ ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի խոսնակ Պեդրո Ագրամունտի կոռումպացվածության հարցով քննարկումներում բացահայտվել է նաեւ ադրբեջանական հետք: Հոկտեմբերի 4-ին Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի արտգործնախարար Նալբանդյանի հանդիպումը Եվրոպայի գլխավոր քարտուղար Յագլանդի հետ: Ադրբեջանում Յագլանդի եւ ԵԽ դեմ կոպիտ քարոզչության համատեքստում դա խիստ խորհրդանշական հանդիպման տպավորություն է թողնում:
Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ

hraparak.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,