ՀԱՊԿ ուժայինները՝ Բաքվում

Անցած շաբաթ Ադրբեջան են այցելել Բելառուսի եւ Ռուսաստանի ԱԽ քարտուղարները: Եթե առաջինի դեպքում տեղեկատվությունը չափազանց սուղ էր, ապա ՌԴ ԱԽ քարտուղար Պատրուշեւի պաշտոնական հանդիպումների, բանակցությունների թեմատիկայի վերաբերյալ բավական նյութեր ադրբեջանական մամուլը տարածել է: Հարկ է ընդգծել, որ Բելառուսի ԱԽ քարտուղարը հանդիպել է միայն Ադրբեջանի նախագահի հետ, մինչդեռ Պատրուշեւը բանակցություններ է վարել, այսպես ասած՝ ներքեւից՝ վերեւ սկզբունքով. նախ հանդիպել է աշխատակազմի ղեկավար, ԱԽ քարտուղար Մեհթիեւին, ապա արդեն Ալիեւին: Ըստ պաշտոնական հաղորդագրության, քննարկվել են «տարածաշրջանային, կրոնական ծայրահեղականության դեմ պայքարի եւ տեղեկատվական անվտանգության հետ կապված հարցեր»:
Ի՞նչ ընդհանուր շահեր ունեն Ռուսաստանը եւ Ադրբեջանը, մասնավորապես, տեղեկատվական անվտանգության բնագավառում: Սա շատ զգայուն խնդիր է, որովհետեւ Ադրբեջանի տեղեկատվական քաղաքականությունը բացառապես Հայաստանի դեմ է, հակահայկական եւ ունի Արցախի հարցում իր տեսակետը միջազգայնացնելու միտում: Հայաստանը ԵԱՏՄ եւ ՀԱՊԿ անդամ է, կառույցներ, որ ստեղծված են Ռուսաստանի շուրջ: Եւ տրամաբանական է, որ Ռուսաստանի եւ Հայաստանի շահերը պետք է նույնական լինեն բոլոր, այդ թվում եւ տեղեկատվական անվտանգության հետ կապված հարցերում: Մինչդեռ, ինչպես վկայում է Պատրուշեւի Բաքու կատարած այցի մասին լրատվությունը, Ռուսաստանն Ադրբեջանի հետ համաձայնեցնում է տեղեկատվական միասնական քաղաքականություն վարելու հարցը: Խոսքն, իհարկե, առաջին հերթին վերաբերում է նրան, որ Ռուսաստանը հնարավոր բոլոր միջոցներով Ադրբեջանին սատարում է արեւմտյան մամուլի, իրավապաշտպան կազմակերպությունների քննադատությունից: Շատ հնարավոր է, որ տեղեկատվական անվտանգություն ասելով կողմերը հենց դա էլ նկատի են ունեցել եւ կարեւորել փոխադարձության հանգամանքը: Բայց, միեւնույն է, տպավորությունը չի մեղմվում, այն, որ ՀԱՊԿ անդամ Բելառուսի եւ Ռուսաստանի ԱԽ քարտուղարները տարածաշրջանային հետաքրքրություն ներկայացնող, ինչպես նաեւ տեղեկատվական անվտանգության հետ կապված հարցեր են քննարկում Բաքվում: Հատկապես մտահոգիչ է՝ եթե ձեռք են բերվում այդ բնագավառում փոխադարձ աջակցության համաձայնություններ, դրանից հետեւում է, որ Արցախի հարցում Ռուսաստանը եւ Բելառուսը սեփական տեղեկատվական տիրույթներում աջակցելու՞ են Ադրբեջանին: Այլ հարց տրամաբանորեն չկա:

hraparak.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,