Ազատ Օրդուխանյան. Մեր բնակչությունը կանգնած է նախադեպը չունեցող առողջապահական մեծ աղետի առջև

Հեղինակ` Լալա Տեր-Ղազարյան

Panorama.am-ը զրուցել է «Հայ ակադեմիականների միության» նախագահ  Ազատ Օրդուխանյանի հետ: Նա մասնագիտությամբ պատմաբան է, ապրում է Գերմանիայում, որպես թարգմանիչ գրեթե  ամեն օր հիվանդանոցներում և այլ հաստատություններում ինտենսիվ շփվում է  քաղցկեղով հիվանդ ու Գերմանիա բուժման եկած  հայաստանցիների հետ:

Panorama.am- Պարոն Օրդուխանյան, դուք մի անգամ ասել էիք, որ Գերմանիայի հիվանդանոցներում քաղցկեղով հիվանդ շատ հայեր կան: Ունե՞ք թվային տվյալներ, այս պահին Գերմանիայում այդ հիվանդությամբ քանի մարդ է բուժվում:
Ազատ Օրդուխանյան-  Ցավոք, երբևէ հնարավոր չի լինի պարզել Գերմանիայում հայ հիվանդների թիվը, որովհետև ոչ գերմանական վիճակագրական համակարգի, ոչ վարչական համակարգի կողմից երկրում օտարների մասին անհատական կամ ընտանեկան տեղեկություններ տրամադրելու գաղտնիության սկզբունքը և ոչ առավել ևս հիվանդների մասին անհատական տեղեկության տրամադրման վրա դրված արգելքը, դա թույլ չեն տա: Այստեղ կա նաև հարցի հայկական կողմը. Արդյո՞ք բոլոր հայերն այստեղ ժամանակավոր կամ մշտական հաստատվելիս պահպանել են իրենց իրական ինքնության տվյալները: Մի բան չափազանց հստակ է` բուժում ստացող հայերի թիվը Գերմանիայում քառանիշ թվերով պետք է պատկերացնել…

Panorama.am- Ո՞ր քաղաքների բժշկական հաստատություններում են բուժվում հիմնականում: Արդյունքները բուժման ինչպիսի՞ն են:
Ազատ Օրդուխանյան- Հայ հիվանդներն այստեղ բուժվելու են գալիս հիմնականում երկու ճանապարհով.

1. Բուժման ծախսերը ինքնուրույն հոգալու ճանապարհով, որոնք չափազանց շատ չեն, բայց բավականին կան և աչքի զարնող են: Այս պարագայում հիվանդներն իրենք են որոշում` Գերմանիայի որ հիվանդանոցում են ցանկանում բուժվել:

2. Անհատ կամ ընտանիքով, կամ ընտանիքի մեկ անդամի ուղեկցությամբ Գերմանիա բուժման եկած հայեր, որոնք ապաստանյալի կարգավիճակ են հայցում և բուժման ծախսերի հարցը լուծում գերմանական կողմի մարդասիրական վերաբերմունքի արդյունքում: Այս պարագայում հարցն ունենում է տարատեսակ վերապահումներ և ոչ բոլոր դեպքերում է այն սահուն կամ վերջնական լուծում ստանում: Հաճախ դա կապված է լինում տվյալ քաղաքի կամ համայնքի ֆինանսական և այլ հնարավորությունների աստիճանից: Այսպիսի դեպքերում, որոնք կազմում են բուժում հայցողների մեծամասնությունը, գերմանական վարչական համակարգն ինքն է կատարում հիվանդների և նրանց հարազատների տեղաբաշխումը այս լայնածավալ երկրում:

Իսկ բուժման արդյունքները միմյանցից շատ են զանազանվում, կան ինչպես շատ ու շատ հաջողված բուժումներ, բայց առկա են նաև համարյա ամենօրյա մահվան դեպքեր:

Panorama.am- Գերմանիայում ապրող ծանոթներիս հետ զրույցում Համբուրգի բժիշկներն անհանգստություն են հայտնել՝ հայեր շատ են մահանում: Դուք խոսե՞լ եք բժիշկների հետ, ի՞նչ են ասում նրանք: Կա՞ն համեմատական տվյալներ այլ երկրներից եկած հիվանդների թվի, բուժման արդյունավետության ցուցանիշի վերաբերյալ:
Ազատ Օրդուխանյան– Հանգամանքների և աշխատանքի բերումով գերմանացի բժիշկների հետ իմ համարյա մշտական շփումների ժամանակ հաճախ եմ տեսնում բժիշկների զարմանքն առ այն, որ հայերի մոտ ծանր հիվանդություննիրի բազմաթիվ մանուկ և երիտասարդ տարիքի դեպքեր են արձանագրվում, որը տեղի մասնագետները արտառոց են համարում: Եվ առհասարակ, կարելի է ցավալիորեն արձանագրել, որ մեր համեմատաբար փոքրաթիվ ազգի համար այս թվաքանակով հիվանդների առկայությունն արտասովոր ու անտրամաբանական է: Մեր հանրապետության բնակչությունը կանգնած է նախադեպը չունեցող առողջապահական մեծ աղետի առջև:

Իսկ համեմատական տվյալներ ներկայացնել ուղղակի հնարավոր չէ, քանի որ ինչպես ամենուր, այնպես էլ Գերմանիայում, հիվանդի հետ կապված ցանկացած տվյալի հրապարակում հնարավոր է դառնում միայն նրա գրավոր թույլտվության արդյունքում, հանգամանք, որը, բնականաբար, հարցն իր ողջ ծավալով դարձնում է անհրապարակելի ու այն պահում միմիայն որոշ հաստատությունների հասանելիության դաշտում: Մեր կողմից ներկայացված տեղեկություններն ու հնչեցրած կարծիքները հիմնվում են գերմանահայ համայնքում տասնամյակների անձնական  փորձառության և գերմանական լրատվության բազում նյութերից հավաքած հարուստ տեղեկությունների վրա:

Panorama.am- Դուք հիվանդների հետ գործի բերումո՞վ եք շփվում: Ի՞նչ խնդիրների են առավել շատ հանդիպում հայաստանցիները Գերմանիայում:
Ազատ Օրդուխանյան- Այո, որպես թարգմանիչ չնդմիջվող շփում ունեմ և հիվանդների և թե բժիշկների հետ, ինչպես նաև որպես համայնքային գործերի պատասխանատուներից մեկն այստեղ, պարտավորված եմ զգում շարունակ ներկա լինել մեր հայրենակիցների բուժման, բայց նաև նրանց կյանքի դժբախտ ավարտից հետո, տեղում նրանց հողարկավորման կամ հայրենիք տեղափոխման հետ կապված գործերում: Իսկ խնդիրները, հատկապես առողջական հարցերի առնչությամբ, տարաբնույթ ու բազմաթիվ են, սկսած փաստաթղթային, լեզվական, իրավական, սոցիալական և այլևայլ կազմակերպչական հարցերից մինչև դրամական:

Panorama.am- Հատկապես ո՞ր օրգանների քաղցկեղով հիվանդներն  են շատ:
Ազատ Օրդուխանյան- Մեր հայրենակիցների մոտ շատ են թոքերի, լյարդի, արյան քաղցկեղը, երիկամների հիվանդությունը, որոնց հետևում են ոչ վերոհիշյալների թվաքանակով, բայց բավականին շատ տեսակ-տեսակ այլ հիվանդություններ:

Panorama.am- Որպես խնդրով մտահոգ մարդ, ինչ եք կարծում, նման իրավիճակը ինչո՞վ է պայմանավորված:
Ազատ Օրդուխանյան- Վստահ եմ, որ այս չափազանց մտահոգիչ վիճակը, որն այսպիսի մեծ ընդգրկումով հատկապես վերջին երկուսուկես տասնամյակների դրսևորում է, պայմանավորված է հանքարդյունաբերության անօրեն վիճակով, դրա հետևանքով բնության աննախադեպ ապականմամբ, ներկրվող անպետք սնունդով, բայց նաև, որն անենակարևորն է, հանրապետությունում ստեղծած ներկա ծայրահեղ անմխիթար քաղաքական, տնտեսական և սոցիալական վիճակի հետևանքով առաջացած լարվածությամբ, սթրեսի ու հոգետանջ ապրումների հարատև գոյությամբ:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,