Հայաստանին ու Վրաստանին փորձում են ներքաշել «այլ խաղերի մեջ»

Հայաստանի չմասնակցությունը սեպտեմբերի երեքին Վրաստանում մեկնարկած «Agile Spirit 2017» անվամբ ԱՄՆ-Վրաստան զորավարժությանը, հետաքրքիր զարգացումներ է ստանում։
Վրաստանի պաշտպանության նախարարությունը «Ազատություն» ռադիոկայանի պաշտոնական հարցմանն ի պատասխան նշել է, որ այդ զորավարժությանը իր մասնակցությունը Հայաստանը հաստատել էր դեռ հուլիս ամսին։ Պաշտոնական պատասխանի մեջ նշվում է նաև, որ զորավարժության մեկնարկից կարճ ժամանակ անց են իրենք տեղեկացվել, որ հայ սպաները չեն ներկայանալու, և որևէ պատճառ ու հիմնավորում չի նշվել։
Ընդգծենք, որ Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Արտակ Զաքարյանը վերոնշյալ պատասխանին հակասող հայտարարություն էր արել։ Լրագրողների հետ զրույցում Զաքարյանն ընդգծել էր, թե Հայաստանը երբեք էլ չի հաստատել, որ այդ զորավարժություններին մասնակցելու է։
Վրացագետ Ջոնի Մելիքյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ այնքան կարևոր չէ, թե երբ է Հայաստանը հրաժարվել մասնակցել այդ զորավարժություններին, որքան որ կարևոր էր այդ մասին պատշաճ տեղյակ պահել. «Տեսնելով, թե ինչ իրավիճակ է միջազգային ասպարեզում, և թե ինչ հարաբերություններ են Ռուսաստանի և Արևմուտքի միջև, ըստ իս, Հայաստանը պրագմատիկ որոշում կայացրեց։ Խնդիրն այն է, որ այդ ամենը պետք է բացատրվեր։ Դա չարվեց՝ այդ պատճառով էլ արդեն մեկ շաբաթ է՝ տարբեր վերլուծությունների, բամբասանքների պատճառ դարձավ»,- նշում է վրացագետը։
Ջոնի Մելիքյանը հավելում է՝ նույնիսկ եթե Հայաստանը մասնակցեր՝ մասնակցելու էր 3 հոգանոց կազմով, ինչը, ըստ վրացագետի, ավելի շատ ֆորմալ բնույթ էր կրում. «Իմ կարծիքով՝ զուտ հայ-վրացական հարաբերությունների վրա այս միջադեպը որևէ ազդեցություն չի ունենա, գուցե ազդեցություն լինի հանրային տիրույթում, և ի վերջո ՊՆ-ում կհասկանան, որ այս քայլերը պետք է բացատրվեն՝ հետագա ասեկոսեների պատճառ չդառնալու համար, և որպեսզի որոշ գործիչներ սա չբացատրեն այնպես, ինչպես իրենց է հարմար»,- ասաց Մելիքյանը։
Մեր այն դիտարկմանը, թե հարաբերությունների վատթարացման օրինակ չէ՞ այն, որ օրերս Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի արտգործնախարարների հանդիպման ընթացքում հայտարարվեց, որ Վրաստանն ու Թուրքիան աջակցում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, վրացագետն արձագանքեց. «Ես չէի կապի իրար հետ։ Այդ հռետորականությունը նոր չէ, մենք բոլորս գիտենք, որ այդ երկրները նման կարծիք ունեն»։
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու խորհրդական, հայտնի հասարակական-քաղաքական գործիչ Վան Բայբուրդը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ հայ-վրացական հարաբերություններում շատ ավելի լուրջ սադրանքներ են եղել, տարբեր ուժերի կողմից անընդհատ փորձ է արվել սեպ խրել երկու հարևան պետությունների միջև, սակայն, ըստ մեր զրուցակցի՝ Հայաստանն ու Վրաստանը դա հաղթահարել են և այս դեպքում ևս կհաղթահարեն. «Վերջին 3-4 տարվա ընթացքում շատ վարպետորեն փոթորիկների ժամանակ իրենց նավերով անցան ու ոչ մի ժայռի չխփեցին։ Երկու գերտերությունների միջև եղած լարվածությունը Հայաստանն ու Վրաստանը փորձում են անցնել ու չտուժել, առայժմ, դա, բարեբախտաբար հաջողվում է։ Ինչ վերաբերում է կոնկրետ այս միջադեպին, ապա Հայաստանը մասնակցեց հուլիսի վերջին մեկնարկած զորավարժություններին և որքան ես եմ տեղյակ՝ Հայաստանը այս վերջին զորավարժություններին շատ փոքր թվով էր մասնակցելու և դա որոշիչ չէ։ Աղմուկ են բարձրացրել, մատ են թափ տալիս, բայց ապարդյուն։ Ջրին չհասած՝ գոռում են, թե ջուր են խմել, բայց դա արդարացի չէ»,- ընդգծեց Բայբուրդը։
Մեր զրուցակիցը հավելում է՝ Հայաստանին փորձում են ներքաշել «այլ խաղերի մեջ». «Բայց Վրաստանի քաղաքական իսթեբլիշմենթը կարծում է, որ Հայաստանը շատ ճիշտ ու հավասարակշռված քաղաքականություն է վարում։ Հայն ու վրացին 5000 տարուց ավելի, կան գիտնականներ, որ ասում են՝ մենք շատ նման, բարեկամական ու եղբայրական ազգեր ենք ու մի զորավարժության չմասնակցությունից պետք չէ պատմություն սարքել։ Դա անում է, օրինակ, «Սպուտնիկ Արմենիան»՝ հասկանալի պատճառներով, դուք գիտեք, թե դրանք ինչ լրատվամիջոցներ են ու ինչի են անում։ Ես չեմ ուզում՝ որևէ մեկը խանդի մեր բարեկամությանը ու փորձի սեպ խրել։ Մենք միակ քրիստոնյա երկու կղզին ենք Հարավային Կովկասում։ Սա միշտ ասում էր Իլյա Երկրորդը՝ մենք պետք է հասկանանք, որ Հարավային Կովկասում հայն ու վրացին միակ քրիստոնյաներն են, պետք է հասկանանք, սատար կանգնենք միմյանց։ Հիմա թե ում գիրկն են մեզ ուզում զոռով շպրտել՝ իրենց գործն է, մեր բարեկամությունը դրանից չի տուժի։ Մենք ունենք ոչ բարին կամեցող երկրներ, պետք է զգույշ լինենք, ուրիշի խաղը չխաղանք ու ջրաղացին ջուր չլցնենք»,- եզրափակեց նա։

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,