Հարութ Սասունյանը Սերժ Սարգսյանի նախաձեռնության հետ կապված վերապահում ունի

Օգոստոսի 18-ին նախագահ Սերժ Սարգսյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված Հայաստան-Սփյուռք վեցերորդ համաժողովի և Համահայկական խորհրդի ձևավորման նախապատրաստման աշխատանքներին:
Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ Սերժ Սարգսյանը հանձնարարել է նախապատրաստել Համահայկական խորհրդի ձևավորման նպատակների, անդամակցության չափանիշների, 2018թ. կայանալիք հիմնադիր նիստի օրակարգի և աշխատակարգի նախագծերը՝ շահագրգիռ բոլոր կողմերի, այդ թվում՝ Սփյուռքում գործող կազմակերպությունների ու կառույցների հետ համապատասխան քննարկումների արդյունքում:
«Կալիֆոռնիա Կուրիեր» թերթի խմբագիր Հարութ Սասունյանը վերապահումով է մոտենում նախաձեռնությանը։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Սասունյանն ասաց, որ ինքը մնում է նախկինում հայտնած իր տեսակետին՝ առ այն, որ Համահայկական խորհուրդը չպետք է կազմված լինի միայն հայկական կազմակերպություններից. «Դա բավարար չէ։ Մեր ժողովրդի 95 տոկոսը ոչ մի կազմակերպության անդամ չէ և հետևաբար դուրս է մնում այդպիսի համահայկական մարմնից։ Ես շատ դրական վերաբերմունք չունեմ, հավանաբար՝ նույն բանն էլ հիմա կորոշեն։ Իրենք միշտ հեշտ լուծումների են գնում՝ տարբեր կուսակցություններից, բարեգործական միություններից, կառավարությունից։ Մի քանի հայտնի անհատների են հրավիրում ու կարծում են, թե նրանք են ներկայացնում հայ ժողովուրդը։ Ես այդ մասին խոսել եմ, գրել ու մնում եմ իմ նախկին տեսակետին»։
Սասունյանը հավելում է՝ միայն նա իրավունք ունի Սփյուռքի անունից հանդես գալու, ում ժողովրդի մեծամասնությունը քվե է տվել. «Եթե ոչ, ապա ոչ ոք իրավունք չունի իրեն հայ ժողովրդի ներկայացուցիչ համարելու։ Նա լավագույն դեպքում իր կազմակերպությունն է ներկայացնում, որը մեր ժողովրդի շատ չնչին մասն է կազմում»։
Նրա կարծիքով՝ եթե կազմը ճիշտ լինի և ներկայացուցչական բնույթ կրի, ապա անելիք շատ կա:. «Հաաստան-Սփյուռք-Արցախ պետք է մեկտեղվեն ու քննարկեն թե՛ մեր ժողովրդի ապահովության հարցը, թե՛ Հայաստանի տնտեսության վիճակը, թե՛արտագաղթը, թե՛ Սփյուռքի վիճակը՝ մենք ամեն օր հետ ենք գնում, ոչ թե առաջ: Պետք է նստենք ու այդ ամենի մասին խոսենք։ Բայց ես կարևոր եմ համարում, թե ովքեր են խոսողները։ Ժողովուրդը պետք է իրենց նշանակի, և ոչ թե ամեն մեկը իրեն ժողովրդի ներկայացուցիչ համարի»,- ընդգծեց Հարութ Սասունյանը։
Մեր զրուցակիցն այն կարծիքին է, որ եթե այդ խորհրդում հավաքվեն հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներ, այն պարզապես ձևական մարմին է լինելու: «Ոչ մի կերպ չեն կարող ասել, թե իրենք հայ ժողովուրդն են ներկայացնում»,- եզրափակեց Հարութ Սասունյանը։

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,