September 24, 2020

ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՍՏՎԵՐԸ

Հարկավորման հիմնախնդիրը հանքերում
 
Վերջին շրջանում Միջազգային ֆինանսական կառույցները հաճախակի են անդրադառնում Հայաստանի հանքային ոլորտին, նշելով այդ ոլորտում առկա ստվերը եւ հարկման խնդիրները: Այս կապակցությամբ Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին խնդրեցինք պատասխանել մի քանի հարցերի:
 
Պարոն Բագրատյան, վերջին շրջանում միջազգային կառույցները հաճախակի բարձրացնում են Հայաստանի հանքերում տիրող վիճակի, հարկման ռեժիմի եւ այլ հարցեր։ Ինչի՞ հետ է դա կապված։
 
Հայաստանի հանքերում տիրում է բացարձակ քաոս։ Բանն այն է, որ 2002-2009 թթ. Հայաստանում հրատապ կարգով սեփականաշնորհվեցին բոլոր հիմնական հանքերը։ Արդ, հանքերը սեփականաշնորհվեցին, բայց դրանց կառավարման ձևը, հարկավորման մեխանիզմները, գործատուների ու պետության և գործատուների ու բյուջեի փոխհարաբերությունները մնացին նույնը։ Այսինքն, այս ոլորտում ստեղծվող ամբողջ ռենտան շարունակում են տնօրինել գործատուները (հանքեր, կոմբինատներ, ձուլարաններ և այլն)։ Երբ սրանք դեռ սեփականաշնորհված չէին, ասենք, մի 10-12 տարի առաջ, խնդիր չկար, քանզի ամեն ինչ մնում էր պետությանը, այն է` հասարակությանը։ Սեփականաշնորհումից հետո ընդերքի շահագործումից առաջացող ռենտան, շահույթի և այլ եկամուտների հետ միասին յուրացնում է գործատուն։ Մինչդեռ այն պետք է հասցեագրվի հասարակությանը։
 
Խնդրում եմ բացատրեք, ի՞նչ եք հասկանում ռենտա ասելով։
 
Նայեք, ասենք, Քաջարանի կոմբինատը։ Այն սեփականաշնորհել ենք։ Բայց ընդերքը, հանքը, մոլիբդենը պատկանում են հասարակությանը։ Իսկ հասարակությունն այն շահագործելու կոնցեսիոն պայմանագրի մեջ պետք է գրի, թե 1 միավոր հանքաքարը ի՞նչ գնով է վաճառում կոմբինատին։ Հենց դա է ռենտան։ Վերջերս հեռուստատեսությամբ ելույթ է ունենում Ախթալայի հանքի տերը և գովաբանում 2010-ի տնտեսական աճը։ Այնուհետևւ ասում է, թե պլանը կգերակատարենք և խոստանում հեռուստադիտողներին, որ մի քանի հազար տոննա ավել հանքաքար կարդյունահանի։ Հետո էլ նշում է, թե քաղաքի գազոններում ծաղիկներ է ցանելու, բարեգործական ճաշ է տալու և այլն։ Ու մեկը չի ասում, բարեկամ ո՞նց թե “մի երկու հազար տոննայով պլանը գերակատարելու ես”։ Քեզ ո՞վ է այդ իրավունքը տվել։ Չէ՞ որ դու տնօրինում ես հանրությանը պատկանող ընդերքը։ Իսկ այդ հանրությունը քեզ իրավունք տվե՞լ է “մի երկու հազար տոննա” իր հարստությունից “վերցնես”։ Դրա համար վճարե՞լ ես։
 
Իսկ ինչո՞ւ մինչև հիմա այդ հարցը չէր բարձրացվում։
 
Նախ, այդ հարցն, ինչպես ասացի, նոր է։ Հանքերը սեփականաշնորհվել են Ռ. Քոչարյանի նախագահության երկրորդ շրջանում։ 132 մլն դոլար ապագա վճարման պայմանով (ընթացիկ փաստացի գինը 0 դրամ) նա մի 5 տարի առաջ ինչ-որ գերմանական օֆշորի վաճառեց Հայաստանի ադամանդը՝ Քաջարանի մոլիբդենի կոմբինատը։ Հետագայում մամուլում նշվեց, որ այն իրականում սեփականաշնորհել է Քոչարյանը։ Ոչ նա, ոչ ՀՀ ներկա իշխանությունները դա չհերքեցին։ Իսկ Քաջարանի պարագայում դա պարտավոր էին անել։ Քաջարանը մեր բոլոր հանքերի (բոլոր) 60 տոկոսն է։ Եվ ուրեմն, նա երբեք չպետք է թույլ տար, որ այս ոլորտում շուկայական տնտեսությանը հարիր հարկավորման համակարգ կիրառվեր։
 
Երկրորդ, ձեռքը գցելով այս հարստությունը, իր վրայից խոսակցությունները ցրելու նպատակով նա իր իշխանության ժամանակ կոալիցիա կազմած քաղաքական ուժերին “ստիպեց” հանքերի տեր դառնալ։
 
Բացի հանքերից, նա նույն վայրենի ձևով սեփականաշնորհեց Սևանի ափերը, Ծաղկաձորի անտառները և այլն։ Դրանով իսկ նա բացառեց որևէ լուրջ քննարկում ԱԺ-ում և կառավարությունում։ Այս պայմաններում որոշ “հայրենասիրական-ազգայնական” ուժերի կողմից ազգային հարստությունը թալանելու մասին ճիչերը մարում էին շատ շուտ. նրանց մի որևէ հանք էր տրվում իբրև սեփականություն։
 
Երրորդ, այնպես ստացվեց, որ այդ հարցերի կարգավորումն իր վրա վերցրեց ընդդիմությունը՝ ՀԱԿ-ը։ Հանքարդյունաբերության ոլորտում հարկավորման  կարգավորումը 2008-ի նախագահական ընտրություններում ընդդիմության առաջնորդի (ՀՀ առաջին նախագահի) նախընտրական ծրագրի կարևորագույն կետերից էր։ Բացի այդ, այս հարցը հանդիսանում է սրանից մի 6 ամիս առաջ ընդդիմության հրապարակած “100” քայլ ծրագրի առանցքներից մեկը։ Մասնավորապես, ծրագրի 15-րդ կետում ասված է. “ Հանքա-հումքային արդյունաբերության մեջ (մոլիբդեն, պղինձ, պեռլիտ, տուֆ, բազալտ, երկաթ, ոսկի և այլն) պետք է վերացնել բնության պաշարների համար վճարը։ Դրա փոխարեն ամեն տարի բյուջեի հետ միասին պետք է հաստատել բուն հանքի գինը, որով շահագործողն այն գնում է հասարակությունից։ Այդ կերպ հնարավոր կլինի հարկման մեխանիզմն այստեղ կապակցել հումքի համաշխարհային գների փոփոխության հետ։ Պայմանավորված հումքի համաշխարհայինի գների դինամիկայով` արդյունահանող ընկերությունը պետության հետ պայմանավորված գնից վեր ստացած եկամուտը պետք է մուծի բյուջե”։
 
Ընդդիմությունը ոչ միայն կառավարության, այլև միջազգային ֆինանսական կառույցների առաջ խնդիր է դրել` լուծեք այս հարցը, վերացրեք այս ճչացող անարդարությունը։ Քիչ մարդիկ, չարաշահելով իրենց պաշտոնական դիրքը, յուրացրել են հանրային ընդերքը, հիմա էլ չեն ուզում մի երկու կոպեկ բյուջե վճարել։ Ես ինքս եմ ասել միջազգային կառույցներին. Կարո՞ղ եք գոնե այս մի հարցը լուծեք այս երկրի համար։ Ամոթ է, որպեսզի այստեղ իրավիճակը կարգի բերեինք, կարիք չկար, որ Համաշխարհային Բանկը գար ու պահանջեր։
 
Եվ ի՞նչ է դա տալու հանրապետությանը։
 
Մինչճգնաժամային գների պայմաններում դա նշանակում էր լրացուցիչ 1 մլրդ դոլար պետական բյուջեին յուրաքանչյուր տարի։ Այսօր առնվազն 600-700 մլն դոլար։
 
Իսկ ի՞նչ է, ներկայում այս ոլորտը չի՞ հարկվում։
 
Ոչ։ Ընդերքի համար պետությունն իրականում փող չի վերցնում։ Ինչ-որ առումով ներկայում կան 2 տեսակի վճարումներ/հարկեր։ Առաջինը բնական պաշարների օգտագործման և շրջակա միջավայրի պահպանման համար վճարն է։ Այն վճարվում է գործատուի կողմից։ Անվանը մի խաբվեք. 2008-ին սա պետական բյուջեում կազմել է 9.9 մլրդ դրամ, իսկ 2009-ին՝ 6.1 մլրդ դրամ։ Իրականում սա բուն ռենտայի, հանքի հանրային գնի հետ կապ չունի։ Նախ, այն կազմում է ակնկալվող ռենտայի 2.5 տոկոսը։ Երկրորդ, այն հաշվարկվում է ծախսային մեթոդով. Վճարում են այնքան, ինչքան պետք է հանքի շահագործման հետևանքով խախտված բնությունը վերականգնելու համար։ Աշխարհում նման բան վաղուց չկա։ Ոչ մի բնություն էլ ոչ մի տեղ լիարժեքորեն չի վերականգնվում։  Երրորդը, ռոյալթին է։ Ենթադրվում է, որ գերշահույթների պարագայում հանքագործ-գործատուն լրացուցիչ հարկման կենթարկվի։
 
Իսկ որտեղից եք ենթադրում, որ 1 մլրդ կամ  600-700 մլն դոլար պետք է վճարվի։
 
Հասարակ հաշվարկ կա։ Օրինակ, Ռուսաստանում 1 տոննա նավթի վաճառքի գինն է 1100-1200 դոլար։ Դրանից 600-650-ը պատկանում է պետությանը։ Այսինքն, նավթային ընկերությունը նավթը նախ գնում է պետությունից։ Այնուհետև նա այդ նավթը տեղափոխում և վաճառում է։ Նրան մնացած 500-550 դոլարից մոտ 30 տոկոսը կրկին հասնում է պետությանը ԱԱՀ-ի, շահութահարկի և եկամտահարկի տեսքով։ Ի վերջո, 1100-1200 դոլարից 800-850-ը պետությանն է, հասարակությանը։ Նույնն է Ղազախստանում, Ադրբեջանում։
 
Հանքանյութերի վաճառքից ստացած եկամուտներից Լիբիան վերցնում է 92 տոկոսը, Ինդոնեզիան՝ 83, Ռուսաստանը՝ 78, Նորվեգիան՝ 74, Ալյասկան՝ 60, Վենեսուելան՝ 58, Կանադան՝ 55, Բրիտանիան՝ 50 տոկոսը։ Հայաստանը վերցնում է… 21 տոկոսը, եթե հանքարդյունաբերության արժեքը վերցնում ենք պետական թիվը, և… 2 տոկոսը, եթե ելնում ենք այդ արժեքի մեր գնահատականից։ Բանն այն է, որ Հայաստանում մի ծիծաղելի վիճակ է։ Տարեկան արտադրվում է (2008 թ) 8769 տոննա մոլիբդենի խտանյութ, 71307 տոննա պղնձի խտանյութ, 7467 տոննա ցինկի խտանյութ, 5323 տոննա ֆեռոմոլիբդեն, 6480 տոննա կոնվերտորային պղինձ, իսկ այս ամենի ծավալն ընթացիկ գներով ԱՎԾ տալիս է 76.8 մլրդ դրամ (192 մլն դոլար)։ Միայն ֆեռոմոլիբդենը Bloomberg-ի գներով (նախաճգնաժամային) հաշված կազմում է 800 մլն դոլար։ Հանքագործական արդյունաբերության այլ ճյուղերի համար (ոչ մետաղական) ԱՎԾ-ն 2009-ին ցույց է տալիս 7.5 մլրդ դրամի իրացման ծավալ։ Իսկ շինարարության ծավալը եղել է 576 մլրդ դրամ։ Պատկերացնում եք, ավազը, տուֆը, ծակոտկեն լցանյութերը, բնական քարից երեսպատման սալերը, ցեմենտի հումքը, գաջը կազմել են  իրենց արժեքով շինարարության… ընդամենը 1.3 տոկոսը։ Նոբելյան մրցանակն էլ է քիչ այն “հանճարին”, ով այդպիսի տնտեսումով շինարարություն է անում։
 
Եվ սրանք պաշտոնական թվեր են։ Դե արի, վարչապետ, ու մի խենթացի։ 2009-ին արդյունահանվել է, օրինակ, 62053 խ.մ. ուղիղ կտրվածքի տուֆ։ Բոլորս գիտենք ի՞նչ արժի մեկ տուֆի քարը, ինչքան քար է ստացվում 1 խ.մ. .. Այո, այո, միայն տուֆի շրջանառությունը 15 մլրդ դրամից պակաս չէ։ Ի՞նչ անենք։ Չգիտեմ։ Դիմենք դատախազին։ Հիրավի այսպես էր լինելու, երբ ոչխարները պահպանության են հանձնվել գայլերին։   
 
Լավ, իսկ ինչո՞ւ չի կարելի բարձրացնել բնության պահպանման գործող վճարները, խստացնել ռոյալթին։
 
Շուկայի պայմաններում, երբ հանքերը պետական են, իսկ շահագործողը` մասնավոր, հարկերի ու վճարների հիմքում պետք է դնել եկամուտը և ոչ թե ծախսը։ Օրինակ, մաքուր երկաթի գործարանը, Արմենիան մոլիբդեն պրոդաքշնը արտադրում են համաձուլվածքներ մոլիբդենի հարստացված հանքաքարի հիման վրա։ Մամուլում նշվել է նաև, որ այս ընկերությունների իրական բաժնետերը նույնպես Ռ. Քոչարյանն է։ Եվ այսպես, նա արտադրում և վաճառում է 5300 տոննա ֆեռոմոլիբդեն, կիլոգրամը վաճառում 50-150 դոլարով, իսկ ինքնարժեքը՝ 3-5  դոլար։ Ի՞նչ է անում մարդը, հարստացված հանքաքարը սուպերէժան գներով վաճառում է ձուլարանին, իսկ ֆեռոմոլիբդենը վաճառում է դրսում չտեսնված բարձր գներով։ Այսինքն, հանքաքարի վրա ցածր գին նշանակելով` նա բնության ռենտան իր համար վեր է ածում արտադրական շահույթի։ Ի դեպ, նշված գործարաններն այսօր էլ ամսական իրենց տիրոջը բերում են 12-20 մլն դոլար։
 
Ձեր նշած հարկային փոփոխություններից բացի, ուրիշ ի՞նչ քայլեր են պետք բնության այս վայրենի շահագործումը կարգավորելու համար։
 
Շատ դեպքերում հարկ է իրականացնել նաև կառուցվածքային միջոցառումներ։ Այսպես, վերջին տասնամյակում (1999-2009 թթ.) սեփականաշնորհվել են Սևանի ափը, անտառները։ Պետական պաշտոնյաներն ամեն մեկն իրենց կտորն են վերցրել։ Այս հարցում լուրջ հաջողություններ են “արձանագրել” նախագահը, նախարարները, կոալիցիոն գործընկերները, դատավորները (բոլոր տեսակի)։ Այստեղ խնդիրն ավելի բարդ է։ Ընդհանրապես ծովափ կամ լճափ չեն սեփականաշնորհում։ Արտասահմանում, մարդը ցանկացած ծովափ ձրի մտնում, լողանում է, կամ էլ հանգստանում։ Վճարում է միայն այն դեպքում, երբ լողափը վարձակալած ընկերության գույքից օգտվում է։ Մերոնք, չէ, հենց լճափն են սեփականաշնորհել։ Լիճը կամ ջուրը դեռևս սեփականաշնորհված չեն։ Սրանք հասարակությանն են։ Հիմա, երբ այս հասարակության անդամն ասում է, եղբայր, ճամփա տվեք, ես գնամ իմ լճում լողանամ, նրան ասում են` վճարիր։ Այս բոլորը պետք է չեղյալ հայտարարվի։
 
Ընդհանրապես, Քոչարյանի արածներից մի 30 տարի խելքի չենք գա։ Նայեք, Իլհամ Ալիևին։ Հա ասում ենք, թուրք ես, չգիտեմ ի՞նչ ես։ Բայց այս մարդը Ադրբեջանի նավթը չի սեփականաշնորհել։ Դրա վաճառքից էլ ստացվող եկամուտները տնօրինում է ի շահ հասարակության՝ հատուկ հիմնադրամի միջոցով։
 
Իսկ ՞ով է մեզ մոտ կարգի բերելու այս ամենը։
 
Օրինական ընտրությունների արդյունքում ձևավորված իշխանությունը։

HETQ.AM

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4